ՀՀ առողջապահության նախարարությունը 2024 թվականը կամփոփի 2025 թվականի հունվարի կեսերին, սակայն նախարար Անահիտ Ավանեսյանը եւ նրա տեղակալները Ծաղկաձորում ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպեցին լրատվամիջոցներին՝ ավելի հանգամանալից ներկայացնելու այս տարի իրականացրած ծրագրերը:
«Կարծում եմ, տարեկան մեկ անգամ այսպիսի հանդիպումները կօգնեն ավելի ընդհանրական ներկայացնել այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք, խնդիրները, որոնք նաեւ ձեր կողմից են բարձրաձայնվում, խոսել առաջընթացի, դժվարությունների մասին, որոնք փորձում ենք լուծել»,-ասաց տիկին Ավանեսյանը:
Երկու օր տեւած քննարկումների ընթացքում նախարարը խոսեց առողջապահության ոլորտում որդեգրված ռազմավարության, բոլոր օղակներում տեղի ունեցող բարեփոխումների եւ իրագործվող ծրագրերի մասին, որոնք նրա բնութագրմամբ ուղղված են մեր երկրում առողջապահական համակարգի մակարդակի եւ որակի բարձրացմանը: Իսկ նրա չորս տեղակալներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտներում տեղի ունեցող եւ տեղի ունենալիք փոփոխությունների մասին:
Անահիտ Ավանեսյանը առանձնահատուկ կարեւորեց կրթօջախներում առողջապահական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Aravot.am-ը, ողջունելով այդ նախաձեռնությունը, նշեց, որ հատկապես վերջին շրջանում ավելի ու ավելի շատանում են լուրերը, որ թմրամիջոցների շրջանառությունը ահագնացող քանակներով ներթափանցել է հանրակրթական դպրոցներ: Եվ հարցրեց, թե նախարարն ի՞նչ կասի այդ մասին: «Ձեւակերպումների մեջ պետք է մի փոքր զգույշ լինենք, որովհետեւ, եթե ասում ենք համատարած դպրոցներում թմրամիջոցներ, իրականությունը այդպիսին չէ: Այո, ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործման ծավալները մեծացել եւ ահագնացել են: Եթե նայենք ԱՄՆ-ում միայն ֆենտանիլից մահացության դեպքերի թիվը, ուղղակի սարսափ կապրենք: Մենք հասկանում ենք, որ ոչ միայն թմրամիջոցների օգտագործման մասով խնդիր ունենք: Դա նաեւ տարածման հեշտացման լրջագույն խնդիր է: Սա բազմաոլորտ համագործակցություն է պահանջում, սկսած սահմանից, մինչեւ առողջապահական, վերականգնողական, բուժական պրոցեսներ: Դրա համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Մշակվել է ռազմավարություն, որը հիմա շրջանառության փուլում է գտնվում: Ամեն գերատեսչություն իր հատվածով միջոցառումների պլան ունի, թե ինչ պետք է անի, որպեսզի կանխենք, նվազեցնենք օգտագործման աստիճանը:
Կարդացեք նաև
Թմրամիջոցների հասանելիության անհնարինության հետ մեկտեղ, ճիշտ եք ասում, որ պետք է աշխատենք մարդկանց մոտ այդ գիտակցության անընդհատ ձեւավորման ուղղությամբ՝ անթույլատրելիության, առողջությանը հասցված վտանգների, ռիսկերի, դրա քայքայիչ ազդեցության մասով: Տարածման հեշտությունը, ցավոք սրտի, բերել է նաեւ թմրամիջոցների օգտագործման նկատմամբ ընկալության փոփոխության: Ես սա էլ եմ շատ-շատ վտանգավոր եւ բարդ հաղթահարելի խոչընդոտ համարում:
Մեր «Կախվածությունների կենտրոնը» ծրագիր է իրականացնում դպրոցներում եւ մեր մասնագետները ոստիկանության աշխատակիցների հետ մեկտեղ իրականացնում են իրազեկման աշխատանքներ: Մենք ունենք թեժ գիծ, որտեղ օգնում ենք, ընդհանուր առմամբ կախվածությունների խորհրդատվություն ենք իրականացնում: «Կախվածությունների կենտրոնի» ամբողջական վերանորոգումը, վերակառուցումը եւ վերազինումը շատ կարեւոր հանգամանք է: Մեր «մետադոնային ծրագիրը», որն ամեն տարի ընդլայնվում է եւ որը նպաստում է նաեւ կախվածություն ունեցող անձանց վերասոցիալականացնել եւ օգնել այդ կախվածությունը հաղթահարելուն, չափազանց կարեւոր է:
Այսինքն, այս բոլոր միջամտություններն ու միջոցառումները պետք է շարունակական լինեն, ծավալով պետք է ավելին լինեն, որ մենք կարողանանք այս ռիսկը մեր երկրում հնարավորինս նվազեցնել»:
Aravot.am-ի մյուս դիտարկմանը, որ դպրոցներում առողջ ապրելակերպի ամենաարդյունավետ կիրառման նախապայմանը, գուցե, ոչ այնքան դահլիճային կամ բացօթյա պայմաններն են, որքան ֆիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտական գիտելիքները եւ որակը: Իսկ հարցին, թե առողջապահության նախարարությունը այս խնդրի առումով ԿԳՄՍ-ի հետ ինչպե՞ս է համագործակցում, նախարարը պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի առումով, եթե դպրոցները չունենան ֆիզկուլտուրայի դաս անցկացնելու հնարավորություն, ապա մեր երեխաները որտե՞ղ պետք է ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեն: Դպրոցների վերաշինման, մարզադահլիճների կառուցման ծրագիրը ոչ միայն կրթական, սպորտի մասսայականացման նպատակ ունի, այլեւ առաջին հերթին առողջության պահպանման: Մենք ԿԳՄՍ մեր գործընկերների հետ շատ սերտ աշխատում ենք եւ սա երկու նախարարությունների հետեւողական գործն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ