Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Գլոբալ ֆորումի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Գլոբալ ֆորումի մասնակիցներն հատկապես հետաքրքրված էին 1919-1921 թթ. Ստամբուլյան դատավարություններով և Հայոց ցեղասպանության՝ միջազգային իրավունքի վրա ունեցած դերով:
Ֆորումի մասնակիցները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ