Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ:
Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները.
- առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում,
- առողջ ծերացում,
- պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ,
- վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ),
- բուժծառայության որակի բարելավում, վերահսկում և կառավարում:
Լենա Նանուշյանը, ներկայացնելով այս ուղղություններով կատարվող աշխատանքները, ընդգծել է համագործակցությունը ԶԼՄ-ների հետ։ Նրա խոսքով` հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը։
Փոխնախարար Արտակ Ջումայանը լրագրողներին ներկայացրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ընթացող բարեփոխումները` ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացման աշխատանքները, գյուղակական ամբուլատորիաների կազմակերպաիրավական փոփոխությունները, որի շրջանակներում միավորվում են մի քանի ամբուլատորիաներ` պահպանելով իրենց տեղը և հնարավորություն տալով ընտանեկան բժշկին զբաղվել բժշկությամբ։
Կարդացեք նաև
Արտակ Ջումայանը ներկայացրել է ԱԱՊ օղակում սքրինինգային և կանխարգելիչ միջոցառումները, քաղաքացիների կողմից ԱԱՊ այցերի դրական տեղաշարժը, ԱԱՊ օղակի բոնուսային վարձատրության աճը, Էլեկտրոնային առողջապահության` էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման, հիվանդությունների ռեգիստրների վարման, արյան բանկի թվայնացման գործընթացը և առաջիկա աշխատանքները։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ