ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
Հարց առաջին։ «Սերժն է բերել Նիկոլին» թեզը եռանդուն կերպով առաջ են մղում թե՛ նախկին նիկոլականներ, թե՛ որոշ ընդդիմադիր շրջանակներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց մոտեցումների նմանությունը։
Պատասխան։ «Սերժնա բերել Նիկոլին» ասողների 99%-ը «մերժել է Սերժին» 2018-ին։ Նրանց միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական մեղքը, անձնական թուլհոգությունը։
Ուստի զարմանալի կլիներ, եթե ձեր մատնանշած շրջանակներին միավորեր ոչ թե մեր դեմ պայքարը, այլ երկրի ապագայով մտահոգությունը։ Կրկնեմ. նրանց ճակատին դրոշմված է 2018-ին Հայաստանը կործանման տանելու խարանը։
Կարդացեք նաև
Բարոյականության եւ խիզախության խնդիր ունեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին շամպայն էին գմփցնում եւ մաղարիչներ անում Սարգսյանի հրաժարականի առիթով, իսկ հիմա ապաշխարելու եւ խոստովանելու փոխարեն, քաղաքական ծամածռությունների նոր պրիստուպի մեջ են։
Բացի բարոյահոգեբանական շարժառիթներից, այդ շրջանակներն ունեն նաեւ մեկ այլ մոտիվացիա. գալիք ընտրություններին դիրքավորվելու, դեպուտատ դառնալու կամ մնալու խնդիր են լուծում՝ ըստ իրենց։
Կողքից շատ խնդալու եւ նողկալի են այդ վաղաժամ մրցավազքի պատկերները։ Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել։
Հարց երկրորդ։ Պարոն Աշոտյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՔՊ-ի ներսում եռացող սկանդալները։
Պատասխան։ Մի բանկայում ճխտված կարիճների գզվռտոցը իշխող ռեժիմի ներսում գերիշխող բարքերի գագաթն է միայն։ Դժվար չէ պատկերացնել նրանց ներսում տիրող միջավայրի ողջ գարշանքը։
Սակայն իշխանությունը չէ նրանց փչանալու պատճառը։ Իշխանությունն ընդամենը լակմուս է, որ ցույց է տալիս, թե ով ով է։ ՔՊ-ի դեպքում՝ հատկապես։ Порченных не портят.
Նիկոլի SMS-ներին թե՛ ենթարկվածները, թե՛ չենթարկվածները նույն մոտիվացիան են ունեցել՝ սեփական շահը հետապնդելու, սեփական կաշին փրկելու համար օպտիմալ որոշումներ ընդունել։ Ուստի բոլորն էլ, անկախ սիտուացիոն լուծումներից, նույն քպ-ն են՝ տարբեր ծաղկամաններով։
Մի հետեւություն, որ վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն. Նիկոլը, ինչպես բնութագրել է Կարեն Վրթանեսյանը, թվային կոնցլագեր է կառուցում Հայաստանում։ Բոլորը սրանց ապօրինի հսկողության «կոլպակի» տակ են։ Բացարձակ չեմ զարմանա, օրինակ, երբ մի օր պարզվի, որ նաեւ իմ բնակարանի տնային կալանքի հսկիչ սարքում ապօրինաբար ժուչոկ է տեղադրված։
Հարց երրորդ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը բռնազավթել է պետությունը, դրա ինստիտուտները, իշխանության բոլոր ճյուղերը, դրա պետական բյուջեն։ Լրիվ Լյուդովիկոս 14-րդ-ի «Պետությունը ես եմ» վիճակն է մեր երկրում։ Համամի՞տ եք։
Պատասխան։ Համամիտ եմ ձեր բնութագրիչների հետ, բայց, կներեք, բացարձակ համամիտ չեմ նրան ֆրանսիայի այդ արքայի հետ համեմատելուն։ Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով։
Առաջին տարբերակի դեպքում կարող էր լինել սրտացավություն, խնամք, ամբիցիա ավելի ուժեղ եւ ծաղկող պետություն ստեղծելու համար։ Իսկ Նիկոլի դեպքում ոչ թե ստեղծելու, այլ մսխելու, ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե զարգացնելու, այլ օգտվելու մոլուցք է։ Նա սպառող է, այլանդակ եւ վայրագ սպառող։ Եթե Լյուդովիկոս 14-րդը վաստակել էր «Արեւ-արքա» անունը, ապա Նիկոլին ամենամեղմ բառերով կարելի է խավարապետ բնութագրել։
Մի բանում Փաշինյանն անմրցելի է արանքում ճղելու հարցում։ Նա եփեց, հետո արանքում ճղեց 2008-ի մարտի 1-ին, հետո՝ դարձավ դեպուտատ, բայց արանքում ճղեց ՀԱԿ-ից, հետո՝ նույն սցենարը կրկնվեց «Ելք»-ում։ Իսկ հետո՝ 2018-ին որպես դրսի մարիոնետ խառնակչությամբ արանքում ճղեց դարձավ վարչապետ։
Հիմա էլ, կրկին «արանքում ճղելու» հույսով նա մեզ ներքաշել է գլոբալ գեոպոլիտիկ արկածախնդրության մեջ։ Մնում է հասկանալ, թե այս դեպքում արանքում ով կճղի, ըսկ ով՝ կճղվի։
Հարց չորրորդ։ Պարոն Աշոտյան, թեպետ դատարանի դահլիճում ասացիք, որ Սիրիայի դեպքերից դասեր քաղելու մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ առ այսօր մենք մեր սխալներից դասեր չենք քաղել, այնուամենայնիվ՝ կարճ կասե՞ք Ձեր կարծիքը։
Պատասխան։ Այդ բարդ հարցին մաքսիմալ լակոնիկ եթե արձագանքեմ, ապա իմ հիմնական թեզը շատ պարզ է։
Եթե դու չես ուզում պաշտպանել ինքդ քեզ, ապա ոչ մեկ, ոչ մի դաշնակից, ոչ մի ռազմաբազա, ոչ մի այլ զինվորական քո փոխարեն այդ կռիվը չի տալու։
Մի կարեւոր դիտարկում էլ անեմ։ Սիրիայում զինված իսլամիստների առաջնորդը կրում է «Ալ Գոլանի» ( այսինքն Գոլանի բարձունքներում ծնված) անունը։ Ու հենց այդ նույն օրերին, երբ նրա գլխավորությամբ գահընկեց էր արվում Ասադը, Իսրայելի բանակը առանց որեւէ խոչընդոտի եւ նույնիսկ՝ հանրային արձագանքի անարգել գրավեց այդ նույն Գոլանի բարձունքները։
Այսինքն եկավ իրեն հպարտությամբ Ալ Գոլանի կոչողը եւ Իսրայելին հանձնվեց նույնանուն ռազմավարական տարածքը…
Եվ վերջում, Իսրայելի կողմից Սիրիայի միջազգայնորեն ճանաչված, երկկողմ համաձայնագրով սահմանազատված տարածքի սահուն զավթումը եւ բռնակցումը եւս մեկ հարված է «սահմանազատենք եւ ստորագրենք, որ հանգիստ ապրենք» նիկոլական հիմարություններին։
Հարց հինգերորդ։ Գիտեմ, որ այս հարցը հռետորական է հնչում եւ այս պահին, բայց այնուամենայնիվ։ Իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն պետք է լինի ՔՊ-ի ապագան։
Պատասխան։ Այս պահին, այո, հարցը խիստ տեսական է, բայց առիթ ունեցել եմ դրան անդրադառնալու։ Կարճ հիշեցնեմ առաջարկս։
1. ՀՀ Սահմանադրության ոտնահարման հիմքով պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:
2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:
3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:
4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից: Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում, գործընթաց, դեպք և գործողություն:
5. Իրավական, քրեական, հետևանքներ ենթադրող ցանկացած փաստ պետք է արժանանա իրական արդարադատության: Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ և հաշվեհարդարներ: Կարճ ասած՝ նրանց հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես նրանք վարվեցին և վարվում են մեզ հետ:
Ընդդիմադիր խոսույթում հաճախ կարելի է լսել արդարացիորեն հիշատակվող «հայկական Նյուրնբերգի» անխուսափելիության մասին: Բայց անգամ այս դեպքում պետք է հիշել, որ Նյուրնբերգը ոչ թե վրեժի, այլ արդարադատության մասին էր: Այսինքն՝ ապացուցված մեղքի և համարժեք պատժի մասին է: