«Հանրային դաշտ են նետում զանազան աղավաղված թեզեր, որոնց նպատակն է ապացուցել, որ այն քաղաքականությունը, որի պայմաններում ապրում ենք, չունի այլընտրանք… Այլընտրանք կա, եւ այդ այլընտրանքը խոստանում է ավելի շատ հնարավորություններ մեր ազգային շահերը պաշտպանելու ու առաջ մղելու համար»,- այսօր ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Թուրքա հարաբերություններ, սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց Արցախի նախկին ԱԳ նախարարԿարեն Միրզոյանը:
Ըստ նրա՝ Թուրքիայի պարագայում ցեղասպան ավանդույթի մասին կարող ենք խոսել, որովհետեւ այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ, սոսկ ամենահայտնի դրվագն է: Բայց Թուրքիայի պատմությունը բազմաթիվ այլ օրինակներ էլ ունի. «Ցեղասպանության ժառանգականությունը շատ հետաքրքիր է: Շատ քչերը գիտեն, որ մինչեւ 50-ականներ Թուրքիայի իշխանության ղեկին են եղել մարդիկ, որոնք ուղղակի առնչություն են ունեցել ցեղասպանության մտահղացմանը, մշակմանը եւ իրագործմանը: Մասնավորապես, մինչեւ 1960 թ. Թուրքիայի նախագահն էր Ջելալ Բայարը եւ վարչապետն էր Ադնան Մենդերեսը, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին Արեւմտյան Անատոլիայի տարածքները հայերից ու հույներից մաքրագործելու պատասխանատուներից էին:
Թուրքիայի հակահայկական քարոզչության կնքահայրերից էլ ոմն Էսադ Ուռասն էր, որը 50-ականներին «Հայկական հարց» գիրքը գրեց: Նա եղել 1914-16 թթ․ Թուրքիայի ոստիկանությունում, անվտանգության կառույցներում հայերի պատասխանատուն էր, փայլուն տիրապետել է հայերենին ու հայերի տարհանումն ու որոշ շրջաններում հայերի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է իր անմիջական ղեկավարության ներքո»:
Պարոն Միրզոյանը կարեւորում է ցեղասպանության հարցի ճանաչման գործընթացի շարունակականությունը. «Պետք է քայլեր ձեռնարկել, որ ցեղասպանության ճանաչումը շարունակվի: Ցեղասպանության ճանաչումը հարկավոր է ոչ միայն հայերիս՝ որպես հարգանքի տուրք մեր նախնիների, նահատակների, բայց իրոք որպես նաեւ որոշակի անվտանգության զսպիչ ուժի դեր կարող է կատարել: Հայոց ցեղասպանությունը, լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություններից մեկը, ի տարբերություն իրեն հաջորդած ցեղասպանությունների, չգտավ իր արժանի գնահատականն ու դատաստանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ