Ի՞նչ է սպասվում Հայաստանին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արդյունքում: Այսօր ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը թվարկեց այն բոլոր հերթական քայլերը, որոնք սպասվում են Հայաստանին. «Հայկական շուկան կլցվի թուրքական ապրանքներով, որոնք վաճառվելու են շատ ցածր գնով ու մրցելու են հայկական արտադրության հետ: Հայկական ընկերությունները դժվարության մեջ են հայտնվելու, ականատես ենք լինելու բնակչության կրճատման ալիքի: Երբ հայկական ընկերությունները դժվարության մեջ լինեն, դրանք կգնեն թուրքական ընկերությունները ու կաշխատեցնեն հայ բնակչությանը: Թուրքերը կգան Հայաստան բիզնեսի, զբոսաշրջության նպատակով ու կստեղծվի շատ առանձնահատուկ իրավիճակ: Երկիրը հոգեբանական մակարդակով ապակայունանալու է, բնակչությունն անհանգիստ է լինելու, ավելի է մասնատվելու:
Սփյուռքի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները պիտի վատանան: Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին կհաջողի բաժանել սփյուռքն ու Հայաստանը: ՀՀ ժողովրդի մի կարեւոր մասն ու սփյուռքը չի ընդունում երկրի թուրքացումը:
Սփյուռքն այլեւս չի գա Հայաստան, զբոսաշրջությունը զգալիորեն կնվազի, զբոսաշրջության ֆինանսական արդյունքը կնվազի, թուրքական ընկերությունները ձեռք կբերեն անշարժ գույքի ու հյուրանոցների մի մասը: Այնուհետեւ, թուրքական ֆինանսական ոլորտը կկարողանա ձեռք բերել բանկային հաստատություններ:
Կարդացեք նաև
Որոշ մասնագետների քննարկումների արդյունքում Թուրքիան պետք է 2,5 միլիարդ դոլար ներդնի, որ իր ձեռքն անցնի ՀՀ տնտեսության այն հատվածը, որով բավարար կլինի ՀՀ անկախությունը վտանգի տակ դնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ