Հայաստան-Թուրքիա մարտահրավերները միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չեն, մեր ազգային, պետական գոյության, ինքնության հարցն է: Այսօր ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հարցերի: Նախ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020 թվականի պատերազմից հետո:
2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հասցրեց Արցախին ու Հայաստանին, այլեւ խաթարեց ուժերի հավասարակշռությունը:
Արցախի օկուպացիայով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն տարածաշրջանում ամրապնդեցին իրենց դիրքերը, այլեւ մեկնարկեց ողջ տարածաշրջանը ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ: Արցախն այս շղթայի առաջին օղակն էր: Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր գործում է բացարձակ անպատժելիության մթնոլորտում ողջ տարածաշրջանում: Դրա վկայությունն էր նաեւ վերջին զարգացումները: Ադրբեջան- Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն, իրենց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է:
Կարդացեք նաև
Պատերազմի արդյունքները անդրադարձան նաեւ տասնամյակներ տեւած Մինսկի խմբի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի եւ տարածաշրջանում նրանց ունեցած դերակատարության վրա: Բավական արագ գործող իշխանությունների համաձայնությամբ եւ թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխարինեց Թուրքիան:
Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջեւ»,- ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով, հենց այդ ծրագրի շրջանակում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ խաղաղարար. «Այդ շղթայի մասն է կազմում նաեւ Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները եւ հարձակումը հայկական բանակի վրա: Այս երեւույթի դրսեւրումներն են պետական խորհրդանիշերի՝ զինանշանի եւ օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարը: Այս գործընթացի դրսեւորում է նաեւ իշխանության կողմից դաշտ նետվող՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստան, Արարա՞տ, թե՞ Արագած արհեստական քննարկումները: Այս համատեքստում է նաեւ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությունից եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը: Այսպիսով՝ միակ իրական առաջարկը, որ արվում է մեզ, հրաժարվել հնարավոր բոլոր գործիքակազմերով սեփական իրավունքների պաշտպանությունից եւ ապավինել Ադրբեջանի եւ Թուրքիայի բարեգթությանը: Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձեւ է, այլ ինքնաոչնչացման ուղի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ