Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն սահմանային սադրանքների, այլեւ ավելի լայնամասշտաբ գործողությունների․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2024 11:45

Մինչ Հայաստանի իշխանությունը զբաղված է ներքին հաշվեհարդարներով ու էժանագին ներթիմային ինտրիգներով, վերջին օրերին չեն դադարում ահազանգերը Հայաստանի երկնքում նկատված անօդաչուների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, հետախուզական նպատակներով են թռչում Թուրքիայից: Դեռ դեկտեմբերի 6-ին «Հրապարակն» ահազանգ էր ստացել Արարատի մարզի Արմաշ բնակավայրից՝ թուրքական կողմից բաց թողնված դրոնի մասին: Ադրբեջանաթուրքական անօդաչուների հաճախացած թռիչքների մասին տեղեկություններ ստացվել էին նաեւ Սյունիքից:

Արդեն դեկտեմբերի 12-ին Հայաստանի սահմանին նկատվել է թուրքական «Աքսունգուր» (Anka-2) անօդաչու թռչող սարքը:

Փաստացի, գրանցվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ակտիվության աճ, ինչը նոր ռիսկեր է առաջացնում Հայաստանի համար: «Ադրբեջանի ռազմական գնումներն Իսրայելից, ինչպես նաեւ թուրքական ԱԹՍ-ների (Aksungur եւ Bayraktar TB-2) մշտական թռիչքները հայ-ադրբեջանական սահմանին, վկայում են այն մասին, որ որոշ ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության ռեժիմի: Կարծում եմ՝ ռազմական բեռների տեղափոխումը (օր.՝ Silk Way Airlines-ի թռիչքները) եւ սահմանային ակտիվությունն ուղղված են ուժի ցուցադրմանը եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ճնշում գործադրելուն»,- «Հրապարակ»-ին ասում է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, շեշտում է մեր զրուցակիցը, շարունակում է լինել թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակներից մեկը, եւ պատահական չէ, որ թուրքական մամուլում այս օրերին ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ Սիրիայից հետո թուրքերը զբաղվելու են «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ «Միջանցքի ուժային բացման փորձը կարող է դառնալ ուղղակի ռազմական սցենարի պատճառ»,- շարունակում է Մանգասարյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության եւ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության միջեւ սերտ շփումները, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների համագործակցությունը հուշում են, որ երկու երկրները համակարգում են իրենց գործողությունները Հայաստանի դեմ:

Մեր զրուցակիցն արձանագրում է՝ Թուրքիան,  որպես  Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, ուժեղացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ սահմանային եւ դիվանագիտական մակարդակներում: Այս ամենի ֆոնին, ԱԱԾ-ն նախօրեին հայտնեց, թե Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում Թուրքիայի տարածքից ՀՀ պետական սահմանի «ապօրինի հատման հավանական փորձ» է տեղի ունեցել: Մասնագետն ասում է, որ այս հաղորդագրությունը լուրջ ուշադրության է արժանի, քանի որ դա կարող է լինել հետախուզական գործողության, սադրանքի կամ նույնիսկ սահմանին ուժային գործողության նախապատրաստում: «Հայաստանում պետք է բարձրացնել սահմանների պաշտպանական մակարդակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներին: Պետք է խորացնի Իրանի հետ համագործակցությունը՝ տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Սահմանային լարվածությունը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ակտիվությունը հուշում են, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն սահմանային սադրանքների, այլեւ ավելի լայնամասշտաբ գործողությունների: Պետք է համադրել դիվանագիտական, ռազմական եւ տեխնոլոգիական ջանքերը՝ ապահովելու անվտանգությունն ու դիմադրողականությունը»,- զգուշացնում է Վիտալի Մանգասարյանը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031