Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով․ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան ադեկվատ է գնահատում Հայաստանին սպառնացող վտանգը․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2024 10:40

Սիրիայում տեղի ունեցածն ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի վրա․ զրուցել ենք ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։

– Անդրադառնանք Ադրբեջանին։ Արցախյան պատերազմից հետո Ալիեւի «գահն» անձեռնմխելի՞ է, թե՞ հասարակ ադրբեջանցիների կյանքում ոչինչ չի փոխվել, ու Ալիեւներից ներքին դժգոհություն կա։

– Այն տեղեկությունները, որոնք ես անձամբ լսել կամ ստացել եմ Ադրբեջանից, խոսում են այն մասին, որ Իլհամ Ալիեւի վարկանիշը Ղարաբաղում պատերազմից հետո աճել է մաքսիմալ կերպով։ Այդ իմաստով նրան ոչինչ չի սպառնում։ Ներհասարակական սոցիալական դժգոհություններ ակնկալելու ոչ մի հիմք չկա։ Հատկապես որ թշնամին նույնն է մնում` կողքին է, Զանգեզուրը նույնիսկ լավագույն տարիներին բնակեցված էր առավելագույնը 40 հազար մարդով, հիմա կարծում եմ՝ այնտեղ ավելի քիչ մարդ կա։ Զանգեզուրի հսկայական տարածքը գրեթե չբնակեցված է․ դա ցանկացած ռադիկալի համար հստակ թիրախ է։ Հատկապես որ պաշտոնական հայտարարությունները՝ «Իրեւանի», Զանգեզուրի մասին, բազմաթիվ անգամներ արվել են։ Իսկ երբ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը պետք է պահպանի սովետական սահմանները, այլապես կդադարի գոյություն ունենալ, բայց եթե դուք ասում եք, որ Հայաստանը պետք է սովետական սահմաններին կառչած մնա, այդ դեպքում ինչո՞ւ չեք փոխում սահմանադրությունը, որտեղ հստակ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։

Ես կարծում եմ, որ Նիկոլ Վովաեւիչը ոչ այնքան ադեկվատ է գնահատում Հայաստանին սպառնացող վտանգը։ Խնդիրն այն է, որ սահմանադրության այդ հոդվածը տալիս է հնարավորություն՝ ռազմական գործողությունների շարունակության համար։ Սիրիայի օրինակը, երբ մի մասում Թուրքիան իր բաժինն ունի, Իսրայելը` իրենը, ցույց է տալիս, որ պարտադիր չէ ռազմական գործողություններ սկսել՝ տարածքը գրավելու համար։ Բավական է այն անվանել անվտանգության գոտի: Ահա, հիմա հետաքրքրված կողմը Զանգեզուրը կանվանի անվտանգության գոտի եւ կմտնի այնտեղ։ Ես գիտեմ, թե ինչն է զսպում հետաքրքրված շրջանակներին՝ Զանգեզուրն անվտանգության գոտի դարձնելուց՝ Իրանը։ Բայց Իրանը շատ ծանր պարտություն կրեց Սիրիայում, եւ ոմանց կարող է թվալ, թե Իրանը թուլացել է։

– Բայց այդպե՞ս է։

– Չգիտեմ, ես Իրանի գծով մասնագետ չեմ… Բայց այստեղ մի նյուանս կա՝ Փաշինյանն Իրանի հետ ընկեր չէ ու երբեք ընկեր չի լինի։ Դա է պատճառը, որ Իրանը Զանգեզուրում պաշտպանելու է ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ Հայաստանը, այլ՝ ինքն իրեն։ Տեսականորեն կարելի է պատկերացնել նման անալոգիա, որ, ինչպես Սիրիայում կային պրոիրանական ուժեր, այնպես էլ Զանգեզուրում կարող են հայտնվել պրոիրանական ուժեր՝ միլիցիա, օրինակ։ Ուզում եմ հիշեցնել Հայաստանում շատ սիրելի հերոսին՝ Գարեգին Նժդեհին, որը 1921 թվականի սկզբին բոլշեւիկների դեմ հաջող ապստամբություն բարձրացրեց, նույնիսկ գրավեցին Երեւանը, բայց հետո ստիպված էր իր ապստամբության տարածքը սահմանափակել Զանգեզուրով եւ արագ պարտվեց ու Զանգեզուրից ո՞ւր գնաց՝ Իրան։ Գարեգին Նժդեհի ճակատագիրն Իրանի փախուստն էր Զանգեզուրից։ Այս ստանդարտը Հայաստանի պատմության մեջ միշտ կլինի։ Զանգեզուրը Հայաստանի թույլ տեղն է, եւ այնպիսի թուլության, որտեղից փախչել կարելի է միայն Իրան կամ Իրանին ճանաչել որպես Զանգեզուրի անվտանգության երաշխավոր։ Մեծ հաշվով, հենց Իրանն է հիմա պաշտպանում հայկական Զանգեզուրը փաստացի Ադրբեջանին կցելուց։

– Փաշինյանը կարո՞ղ է ազդել դրա վրա։

– Ինչպե՞ս կարող է ազդել, եթե մարդիկ Սյունիքից հեռանում են։ Իսկ ինչպե՞ս չհեռանան, եթե այնտեղ նման բաներ են կատարվում։ Ի՞նչ եք ուզում, այդ մարդկանց գերի՞ սարքել, ոչ ոք ինքնակամ գերի չի դառնա։ Գիտեք, դա կարելի է համեմատել մեր Կուրսկի մարզի՝ Ուկրաինայի կողմից զավթված լինելու հետ, ուզում ենք, որ մեր մարդիկ գերեվարվե՞ն, այնտեղ մեր բանակն է այդ հարցը լուծում։

– Իսկ հնարավո՞ր է, որ աշխարհաքաղաքական մեծ խաղացողներից ոմանք որոշեն Ալիեւին հեռացնել։

– Ենթադրենք, մեկը որոշեց տապալել Ալիեւին․ նա չի կարող դա անել, նա Ադրբեջանում որեւէ հենք չի ունենա։ Ես հասկանում եմ, որ հիմա խոսում եք Բաշար Ասադի նախադեպից, բայց Ասադն իր սեփական երկրում մնաց առանց աջակցության, իսկ Ալիեւն արցախյան պատերազմից հետո 99 տոկոս աջակցություն ունի։ Ես կասեմ ավելին․ Հայաստանում նույնիսկ արցախյան պատերազմից հետո Փաշինյանին այլընտրանք չեղավ։ Այսօր առավոտյան կարդում էի ժամանակակից Թուրքիայի մասին՝ թուրք վերլուծաբանները գրում են. «Ախ, այդ նզովյալ Էրդողանը, գյուղական բնակչության եւ պրովինցիալների աջակցությանն է դիմել, իսկ մեզ՝ թուրք ինտելիգենտներիս չի սիրում»։ Շատ լավ, բայց չէ՞ որ պրովինցիաներն ու գյուղական բնակչությունը քաղաքացի ինտելիգենտներից ավելի շատ են։ Երեւանը, իհարկե, շատ մեծ քաղաք է, այնտեղ ապրում է Հայաստանի բնակչության կեսը կամ ավելին, Գյումրին էլ է մեծ քաղաք, եւ ես վստահ չեմ, որ այնտեղ բոլորն աջակցելու են Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ 1920 թվականին դաշնակցական Հայաստանի` Թուրքիայի հետ կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրն արդեն կրճատել էր Հայաստանի տարածքը՝ ընդհուպ մինչեւ Արարատի մարզ, իսկ Գյումրին հանձնեցին Թուրքիայի օկուպացիային։ Պատմությունն ապրում է նախադեպերով, ու Ալեքսանդրապոլի նախադեպը եղել է, եւ այդ իշխանությունը, որի պաշտպանության նախարարն ո՞վ էր՝ Գարեգին Նժդեհը, կնքեց այդ պայմանագիրը, որը հիմա Երեւանի կենտրոնում կանգնած է։ Այս պատմությունն արդեն եղել է, այն կարելի է կրկնել։ Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, դրա համար ուզում եմ ճշմարտությունն ասել։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031