Լրահոս
Օրվա լրահոսը

Սա պետության ղեկավա՞ր է խոսում. «Փաստ»

Դեկտեմբեր 14,2024 10:30

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, գերակտիվացել է սոցիալական ցանցերում: Այնպես չէ, որ մինչև հիմա պասիվ էր, բայց վերջին շրջանում իսկապես գերակտիվ է դարձել: Տեսանյութ՝ տեսանյութի ետևից, գրառում՝ գրառման վրա: Մեկը մյուսից «մարգարտափայլ», իսկ գրառումներն էլ՝ այնպիսի ստերով ու մանիպուլյացիաներով, որ էլ ասելու չի: Ինքն իր հետ մրցման է մտել: Ռեկորդ ռեկորդի հետևից: Նախօրեին, օրինակ՝ հիշել էր Կիրանցի, ավելի ճիշտ՝ Հայաստանի այդ սահմանամերձ բնակավայրին անմիջականորեն հարող հայկական տարածքներն իր անձնական քմահաճույքով թշնամուն հանձնելու մասին: Նույն «սկավառակն էր պտտել», թե՝ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել»:

Թե ով ու ինչպես է որոշել այդպիսի «ՀՀ սուվերեն տարածքը», ցավոք, նույնպես հայտնի է. Նիկոլ Փաշինյանը դա արել է… հիմնվելով ինչ-որ հանրագիտարանների վրա, ինչ-որ Ալմաթիի հռչակագրի: Դե, հանրագիտարանով սահման ու տարածք որոշելը այնպիսի անհեթեթություն է, որ այդ ամենից հասկացող ողջամիտ մասնագետները ծիծաղից ուշագնաց կլինեն, իսկ հայ մասնագետները երևի պիտի լացեն, որովհետև դա տեղով մեկ ողբերգություն է: Ալմաթիի հռչակագրում ընդհանրապես ոչ մի քարտեզ չի մատնանշվում: Առհասարակ, այդ հռչակագիրը ոչ թե միջպետական սահմանների մասին է, այլ փլուզված ԽՍՀՄ-ի անկախացած երկրների համագործակցության կառույց ձևավորելու: Այն, որ դա անպիտան փաստաթուղթ է նախկին ԽՍՀՄ տարածքում որևէ հակամարտություն կարգավորելու, նախկին ԽՍՀՄ որևէ երկու երկրի միջև սահման որոշելու հարցում, հանգիստ կարելի է հիմնավորել այն ակնհայտ իրողությամբ, որ մինչև հիմա որևէ հակամարտության կամ միջպետական հարաբերությունների որևէ կարգավորման դեպքում այդ հռչակագիրը չի վկայակոչվել:

Ավելին, Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղված մի քանի տասնյակ օտարազգի միջնորդների ու խնդրին Փաշինյանից տասնապատիկ լավ տիրապետող փորձագետների մտքի ծայրով իսկ չի անցել նման անհեթեթություն առաջարկել: Բայց Փաշինյանը բռնեց ու, այդ հռչակագրի վրա հիմնվելով, ի մեծ ուրախություն Անկարայի, Բաքվի, առհասարակ, հայության թշնամի թուրքական ու ադրբեջանական հանցագործ իշխանությունների, արյունով ու բազում արժանի հայորդիների կյանքերի գնով ազատագրված հայկական տարածքները գրչի մի շարժումով նվիրեց թշնամուն: Ու միայն Կիրանցում չէ: Գորիս-Կապան ճանապա՞րհը հիշեցնենք, թե՞ Շուռնուխը, թշնամուն Փաշինյանի իշխանության կողմից հանձնված Իշխանասա՞րը հիշեցնենք, թե՞ Սև լիճը, Ջերմուկի մերձակա բարձունքնե՞րը հիշեցնենք, թե՞ Սոթքի: Ախր, ո՞ր մեկն ասես: Այսինքն, բոլոր այդ դեպքերում Փաշինյանն ինչի՞ հիման վրա է Հայաստանի տարածքները տվել թշնամուն: Այդ ո՞նց է, որ ինքը տարածքները տալիս ու տալիս է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի շահերն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելպահպանելվերականգնելուն, միանգամից անգիր արած ասում է. «Մենք ռազմական ճանապարհով ոչինչ չենք անելու»:

Այսինքն, թշնամուն պարզորոշ ակնարկում է, որ նա կարող է ավելի ու ավելի առաջ գալ, նորանոր տարածքներ զավթել, միևնույնն է, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն չեն դիմադրելու: Կամ՝ Կիրանցի հետ կապված նորից հիշել է «կադաստրի թղթերի», այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ունեցած սեփականության վկայականների մասին այն տարածքներում, որոնք ինքը տվեց թշնամուն, Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս հանեց տասնամյակներով պաշտպանված ու ամրացված դիրքերից՝ դրանք ևս նվիրելով ադրբեջանական ագրեսորներին, որոնք արդեն այդ նույն Կիրանցի անմիջական հարևանությամբ մինչև ատամները զինված ռազմակայան են ձևավորել: Դե, հաստատ ոչ բարի նպատակներով: Փաշինյանը կադաստրային վկայականների վերաբերյալ ասում է. «Մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ, և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի»: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ ենթադրել: Սա պետության ղեկավա՞ր է խոսում: Ենթադրության հիման վրա մարդու սեփականություն տնօրինելու հիմքն անհիմն ես համարո՞ւմ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031