Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի հերոսներ չկա՞ն

Դեկտեմբեր 14,2024 10:00

Վերջերս ներկա էի «Հայաստան-Արցախ-Սփյուռք» հասարակական կազմակերպության մի միջոցառման, որն սկսվեց վերջին պատերազմների հերոսների մեծարմամբ: 44-օրյա պատերազմի, 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի, 2023 թվականին Արցախի պաշտպանության մարտերում զոհված, վիրավորված մեր զինվորների, նրանց ծնողների հասցեին հնչեցին երախտիքի ջերմ ու անկեղծ խոսքեր: Դա, ինձ թվում է, շատ ճիշտ մոտեցում է: Անկախ նրանից, թե ինչպես են մարտերն ավարտվել, մենք ունեցել ենք եւ ունենք հսկայական մարդկային ներուժ, որը կարող է դառնալ եւ, վստահ եմ, կդառնա մարտունակ բանակի եւ, հետեւաբար, անվտանգ պետության երաշխավորը:

Ինչո՞ւ այդ հերոսների մասին պաշտոնապես չի խոսվում, ինչո՞ւ իշխանական դիսկուրսում ընդհանրապես չկա «հերոս» բառը: Ինչո՞ւ, հակառակը՝ պաշտոնական քարոզչությունը խոսում է 11 հազար դասալիքների, ռազմաճակատում «5-րդ շարասյան» եւ «թալանված բանակի» մասին: Ինչո՞ւ է ասվում, որ 2023-ի սեպտեմբերին Արցախը չէր դիմադրում եւ հանձնվեց առանց մարտերի (բացարձակապես սուտ, ցինիկ եւ, կասեի, սրբապիղծ պնդում): Պատասխանները պարզ են: Պատերազմները վարում են պետությունները, ոչ թե բանակները: Պատերազմում պարտության գլխավոր մեղավորը պետության ղեկավարն է: Սակայն Փաշինյանը ցանկանում է իր վրայից մեղքը գցել եւ այն բարդել հազար ու մի հանգամանքների, այդ թվում՝ մեր բանակի վրա: Հենց այդ պատճառով է, որ ներկա իշխանությանն ու նրա քարոզչությանը հերոսներ պետք չեն:

Կա նաեւ ավելի ընդհանուր պատճառ: Պերսոնալիստական (անձնավորված) ավտոկրատիան մշտապես ցանկանում է նվազեցնել բանակի դերը՝ վախենալով ռազմական հեղաշրջումից: Դուք նկատե՞լ եք, որ Ռուսաստանում չկան «հատուկ ռազմական գործողությունների» հերոսներ՝ չնայած պատերազմը տեւում է արդեն երկուսուկես տարի, եւ, որոշ տվյալներով, ռուսական կողմն ունի կես միլիոնից ավելի զոհվածներ ու վիրավորներ: Բայց պատերազմի միակ «հերոսը» Պուտինն է, ինչպես եւ Ադրբեջանում միակ «հերոսն» Ալիեւն է: Նույն պատճառով, ի դեպ, Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի առաջին շքերթն անցկացվեց 1945 թվականի, իսկ երկրորդը՝ 1965 թվականի մայիսի 9-ին: Ինչի՞ համար էր պետք 20 տարվա այս ընդմիջումը: Որպեսզի սերնդափոխություն լինի, պատերազմի հիշողությունը խամրի, իսկ վետերանները տարիքն առնեն ու այլեւս վտանգավոր չլինեն:

…Փաշինյանի եւ նրա թիմի քարոզն ուղղված է աղետալի ձախողումների «արդարացմանը», ինչպես նաեւ մեր «թույլ» եւ «անճարակ» լինելու արձանագրմանը: Պետությունն այսօր իսկապես թույլ է, բայց «թուլացնողը» ոչ թե բանակն է, ոչ թե նախկինում կատարված իրական եւ հնարովի հանցագործությունները, այլ մանր խարդավանքներով ապրող իշխանությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Երկրորդ պատճառը ամբողջովին սուբյեկտիվ է: Փաշինյանը պարզապես վախենում է, որ հերոսների մասին խոսելով նա իր թուրք և ադրբեջանցի ընկերներին կզայրացի։

  2. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամկան։ Արդեն զավեշտի է նմանվում Ձեր կողմից ամեն երկրորդ ,առնվազն, խմբագրականում Ռուսաստանի և Պուտինի մասին ոչ դրական հռետորաբանությունը։ Այս անգամ նույնիսկ ԽՍՀՄ ղեկավարությանն նույն հարթության վրա դիտարկեցիք։ Դուք երբևէ չեք լսել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների մասին՞ Հունան Ավետիսյան, Նելսոն Ստեփանյան անուններն Ձեզ հայտնի չեն՞։ Այլ ազգի հերոսների մասին չեմ ասում։ Ձեր չսիրած Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում Նելսոն Ստեփանյանն ամենուր է/այնտեղ է ավիացիոն ինստիտուտն/ ավարտել։ Իսկ մարշալ Բաղրամյանի մասին էլ էին թաքուն պահում՞։ Ներկայում էլ Ռուսաստանում իրենց հերոսների մասին գրում եմ, ցանկացողներն ռուսալեզու ոչ արևմտավճար ռեսուրսներում կարող են գտնել, այդ թվում Արմատ/արմյանսկիյ բատալյոն/ զորամիավորման մասին։ Բայց համատարած ռուսատյացությունն ավաղ կուրացրել է այնքան, որ թրքասեր ուկրաինացիներին մոլի երկրպագու են հայերը։
    Ձեզանից ավելի օբյեկտիվ մտքեր էի ակնկալում՝ թէ բա կլիշեներ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խնդրում եմ, ուշադիր կարդացեք իմ գրածը: 1945-1965 թվականներին Հաղթանակի շքերթ չկար: Դա պատմական փաստ է: Պետք չէ ինձ վերագրել մտքեր, որոնք ես չեմ արտահայտել:

      • Սահակ Հակոբյան says:

        Հարգելի պարոն Աբրահամյան
        Պարբերության սկզբում գրել եք որ “ձգտում են բանակի դերը նվազեցնել”։ Իսկ ձեր նշված միտքը սկսում եք “այդ նպատակով” բառերով։ Ես էլ ասում եմ, որ ԽՍՀՄ ունի բանակի դեր չեն նվազեցրել։

  3. Հայ մարդ says:

    Որքան էլ հասարակության շալակը բարձրացած անկիրթ ու թերզարգացած պոպուլիստը բնորոշի, թե Հայաստանի թիվ 1 հերոսը հարկատուն է, բոլորս էլ գիտենք, որ մեր իրական հերոսները հայրենիքի համար նահատակված, խեղանդամված, ինչպես նաև անձնուրաց կռված տղերքն են: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ հաղթող կողմը գնահատել է նույնիսկ իր թշնամու նահատակված հերոսին և պատվով հողին է հանձնել նրա մարմինը: Իսկ մեր երկրի «ղեկավարը» սարսափում է մեր հերոս նահատակներին գնահատելուց ու մեծարելուց, երևի վախենալով, որ նրանց մեծության դիմաց կերևա իր ակնհայտ փոքրությունն ու թշնամու դիմաց իր կռացածությունը:
    Երբ նա իշխանության եկավ, մի առիթով կեղծավորաբար արտասանեց Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծությունը՝ ոգևորելով շատերին: Սակայն հետագա տարիների իր աթոռից կառչածությունը ցույց տվեց, որ նա այդ տողերի տակ նկատի է ունեցել «ախր ես ինչպես իշխանությունից վեր կենամ գնամ» իմաստը:
    Հայաստանի թիվ 1 պոպուլիստին խորհուրդ եմ տալիս, որ կարդա մեր նահատակված հերոսի հոր՝ Խաչիկ Մանուկյանի գրած հետևյալ բանաստեղծությունը և եթե իր հոգին լրիվ մեռած չէ, ապա թող փորձի հասկանալ յուրաքանչյուր տողի տակ երևացող դրաման (բայց հանկարծ իր այդ արտասանությունը Յութուբ չգցի, որովհետև նման կեղծավորության զզվանքից հայերի մեծ մասը կվատանա).
    Դուք գնացիք, տղերք, Հայրենիքը մնաց,
    Որբ կարոտն է վազում ձեր թաղերում,
    Հիշողություններ են փլվում ուշագնաց,
    Տանիքները ճեղքող անձրեւներ են մաղվում:
    Չէր գոցվելու ոչինչ ձեր մեծ սիրո դիմաց,
    Խորքում` անմահության շունչը վերին…
    Դուք գնացիք, տղերք,
    Հայրենիքը մնաց,
    Ի՜նչ բալասան տանենք ձեր մայրերին:

  4. Հ.Շ. says:

    Նախկինում դրուած հիմքը եթէ բաւարար լինէր, զօրեղ լինէր, ապա այսպիսի չախխալների վոհմակ մը չէր կրնալ յաջողիլ, այսքան հեշտօրէն, ամբողջ կառոյցը քանդել: Եւ դեռ անոր ծխացող փլատակներուն վրայ շարունակել իշխել, առանց բաւարար դիմադրութեան:

    Յետ-սովետական ՀՀ-ն, ի սկզբանէ, երբեւիցէ չունեցաւ ազգային ուժեղ հիմքեր: Անկախութեան Հռչակագիրը ընդմիշտ մնաց թուղթի կտոր մը միայն:
     
    Կռուողը կը կռուի, հերոսաբար կը զոհուի, ի սէր իր Ազգին, ամէն դէպքում:

    Հայոց Ազատագրական Շարժումի մարտական հանգրուանը տեղի ունեցաւ, երբ որ դարերէ ի վեր, որեւէ հայկական պետութիւն գոյութիւն չունէր: Աւանդական Սփիւռքի մէջ, 1975-86 թուականներուն իսկ, հայ մարտիկներ զինեալ ճակատ բացին՝ թուրք պետութեան դէմ:

    Ոչ Արցախը պարտուեցաւ, ոչ ալ անոնք որոնք այդտեղ կռուեցան մինչեւ ծայր:

    Պարտուեցաւ այդ՝ երբեք չկազմուած, վիժած «պետութիւնը»:

    Աւանդական Սփիւռքին համար, Հայոց Պետութիւնը՝ կռուելով նահատակուած հայերն են: Մօտ երկու հարիւր տարիներու ընթացքին, մինչեւ օրս:

    Մ. Հայդուկ Շամլեան

  5. Հայ says:

    Առաջին հերթին մեզ պետք են ոչ թե հատուկ ու կենտ հերոսներ, ալլ բարձր կարգի պրոֆեսիոնալներ ու շատ մեծ թվով պրոֆեսիոնալներ, որոնց ամբողջ ֆինանսական ծախսերը պետք է հոգանք մենք՝ հարկատուներս: Սովորական մարդու համար, արդեն իսկ հերոսություն է գտնվել ռազմադաշտում,իսկ պրոֆեսիոնալ զինվորի համար՝ դա կոմֆորտ աշխատանքային միջավայր է :

  6. Ժողովուրդ,
    Հույս ունեմ կկարդաք:
    Ես գրանցել եմ իսրայելական լրտեսակական սոֆտվերի աշխատելը Առավոտի և ևս մեկ այլ լրատվական կայքի նյութերը ընթերցելուց/օգտագործելուց: Տեղեկացել եմ, որ այդ սոֆտվերը մասնավորապես օգտագործվել է մի շարք պետություններում ընտրությոյններին ազդելու համար:

    Մտցրեք ճշտումներ ձեր ծրագրերում և մեկնաբաննություններում` հիմնական օգտաքաղը գնում է մեր թշնամիներին:

    Մեր թշնամիները պատրաստում են 2026-ի ընտրությունները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031