Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շարունակում է հույս ունենալ, որ կհաջողվի ֆինանսներ հայթայթել Ամուլսարի շահագործման համար` չնայած այն բանին, որ Եվրասիական զարգացման բանկը մերժել է հանքի շահագործման ֆինանսավորումը։
«Ես գիտեմ, որ հիմա հանքը շահագործողների և Հայաստանում առևտրային բանկերի միջև բանակցություններ կան։ Եթե այդ բանակցությունները հաջողությամբ գնան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին։ Բարեբախտաբար, վերջին տարիներին մեր բանկերը բավականին մեծ կապիտալ են կուտակել, ինչը հնարավորություն է տալիս նրանց 150 միլիոն դոլար ֆինանսավորել»,- դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պապոյանը՝ հավելելով, որ նաև նախարարությունն է աուդիտ պատվիրել Հայաստանում առաջատար աուդիտորական ընկերություններից մեկին:
«Մեկ շաբաթվա ընթացքում մեզ կներկայացնեն նաև հետազոտության արդյունքները, որից հետո բանկ-պետություն-հանք շահագործող միասնական որոշում կկայացնենք,- հավելել է նա ու շարունակել:- Հույս ունեմ, որ կունենանք հանքի շահագործումը։ Ավելին, ծրագրի հաջող ընթացքի պարագայում, արդեն չորրորդ եռամսյակի սկզբին հնարավոր կլինի արդյունահանումը սկսել»։
Ամուլսարի հետ կապված նախարարի հույսերը մեծ են․ նույն բովանդակությամբ հայտարարություն Պապոյանն արել էր նաև հոկտեմբերին․ «Այժմ ներդրողների ֆինանսավորման հետ կապված գործընթաց կա։ Ֆինանսավորման մի մասն արդեն կա, մյուս մասով որոշակի վարկավորման գործընթաց կա։ Հույս ունեմ` դա այս տարվա ընթացքում կավարտենք։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ հաջորդ տարի նվազագույնը մեկ եռամսյակ արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենանք, շատ ավելի լավ կլինի, ավելի շատ տնտեսական արդյունք կունենանք»:
Կարդացեք նաև
Սակայն ուղիղ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 27-ին, Գևորգ Պապոյանը «Սիվիլնեթում» ստիպված էր ասել, որ ԵԱԶԲ վարկը չի հաստատվել՝ առանց պատճառները մանրամասնելու։
Ավելի ուշ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Ալմաթիում 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ բանկը ժամանակավորապես դադարեցրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին մասնակցությունը։ «Մենք քննարկել էինք այդ նախագիծը և պատրաստ էինք աշխատել դրա շուրջ։ Սակայն ֆինանսավորման հայտը հետ է կանչվել, ուստի այս պահի դրությամբ չենք մասնակցում»,- նշել էր Պոդգուզովը՝ հավելելով, որ բանկը պատրաստ է վերադառնալ նախագծին, եթե հայտի կարգավիճակը փոխվի։ Նա նաև ընդգծել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից՝ ներառյալ բնապահպանական փորձաքննությունները․ «Հենց պարզություն լինի, մենք կկողմնորոշվենք»։
2023 թ․ փետրվարին մեծ շուքով ՀՀ կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Եվրասիական զարգացման բանկի միջև փոխըմբռնման եռակողմ հուշագիր էր ստորագրվել։
Հուշագրով նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱԶԲ-ի կողմից «Լիդիան Արմենիային» 100 մլն ԱՄՆ դոլար վարկային փոխառություն տրամադրելու վերաբերյալ։ Իր հերթին, ընկերությունը պարտավորվել էր Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը շարունակել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը։
«Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոսը, ինչպես նաև ընկերությունը ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն»,- նշել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
2023 թ․ մայիսին ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը հայտնել էր, թե ԵԶԲ-ն սպասում է Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննության արդյունքներին՝ որոշում ընդունելու համար։
Չնայած «Լիդիան Արմենիայի» կողմից 12․5 տոկոս բաժնետոմսերի՝ Հայաստանի կառավարությանը նվիրատվության որոշման նախագիծը հաստատվել էր կառավարության 2024 թ. հունվարի 18-ի նիստում, այնուհանդերձ, կառավարությանը նվիրատվությամբ հանձնվելիք 12․5 տոկոս բաժնեմասի գործարքի կնքումը մի քանի անգամ հետաձգվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վերջերս անդրադառնալով այդ գործարքի կնքման հարցին, նշել էր․ «Այսպես ենք պայմանավորվել, որ այդ հարցը փաթեթով լուծենք ընդհանուրի հետ»:
Նշենք, որ Ամուլսարի հանքավայրը ոսկու հանքավայր է Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային (Ամուլսար), հյուսիս-արևմտյան ճյուղավորումների մասում։ 2005 թվականից Ամուլսարի հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ էր սկսել իրականացնել «Գեոթիմ» ընկերությունը (ներկայիս` «Լիդիան Արմենիա»)։
2014-ին հանքի շահագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է «Լիդիան Արմենիային»։
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»