«Ավտորիտար ռեժիմի պարագայում ընդդիմությանը մեղադրել՝ արագ արդյունքների հասնելու անկարողության մեջ, իհարկե, կարելի է։ Իհարկե, ընդդիմությունն այս առումով ունի խնդիրներ, բայց սա հավասարը-հավասարի իրավիճակ չէ, որտեղ որ պետք է մրցես եւ հաղթես ինստիտուտներին՝ օրինական, սահմանադրական, իրավական կարգավորումների դաշտում։ Սա պարզապես դառնում է բավականին լուրջ հակասություն եւ հակամարտություն»,- «Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։
– Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է Սիրիայում, Սիրիայի շուրջ, հայաստանյան քաղաքական դաշտում առիթ տվեց հայտարարությունների՝ «դասեր պետք է քաղենք»։ Ի՞նչ դաս պետք է քաղենք, ի՞նչ պետք է անենք կամ չանենք։
– «Դասեր քաղելու» ձեւաչափը նախ պետք է հասկանանք հետեւյալ կերպ՝ պետության, պետականության կորստի հասարակ օրինակ է Սիրիան. գոնե այն տեսքով եւ այն կերպով, որը որ եղել է բավական երկար ժամանակ՝ նույնիսկ որոշակի առումով իր քաղաքական ռեժիմի պահպանման համար արտաքին երաշխավորներ է ունեցել։ Այդ արտաքին երաշխավորության մեկ օր դադարեցումը՝ այդ տիպի ավտորիտար ռեժիմների համար, բերում է կործանման։ Այսինքն, արտաքին երաշխավորության չափաբաժինն այնքան շատ էր, որ դա հանգեցրեց նրան, որ Ասադը մեկ օրում կորցրեց իր իշխանությունը։ Հաջորդը՝ այդպիսի կախվածության մեջ միշտ լինում են այն պետությունները եւ այն քաղաքական ռեժիմները, որոնք որ իրենց քաղաքական վերարտադրության եւ իշխանության վերարտադրման համար պատրաստ են ամեն ինչի։ Ինձ համար ամենամեծ նույնականացումը՝ Հայաստանում ձեւավորվող ավտորիտար ռեժիմի եւ Սիրիայում ձեւավորված ավտորիտար ռեժիմի, գնում էր այն հանգումային կետին, որ երկուսն էլ իրենց բնույթով խոր ավտորիտարիզմ են. Ասադի ռեժիմը՝ երկարատեւ ավտորիտար, ՔՊ-ի կողմից ձեւավորվող քաղաքական ռեժիմը գնում է նույն՝ ձեւավորվող խորը ավտորիտար ռեժիմի ճանապարհով, որի համար ամենակարեւոր եւ էական նշանակությունը սեփական իշխանության պահպանումն է։ Մնացած ամենը՝ թե անվտանգային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, բոլոր երեւույթները եւ ոլորտները պակաս նշանակություն ունեն։
Հաջորդ հանգամանքը՝ արտաքին կողմնորոշումներից շատ կախվածությունն է ու արդյունքում երկիրը տարբեր արտաքին քաղաքական բեւեռների բախման էպիկենտրոն դարձնելը։ Հայաստանն այսօր դարձել է տարբեր քաղաքական բեւեռների շահերի բախման կենտրոն. ի մասնավորի՝ ՌԴ-ի եւ Արեւմուտքի։ Այո, մեծ պետությունները պայքարել, պայքարում եւ պայքարելու են պրոքսի-պետություններով, պետք չէ դառնալ այնպիսի պրոքսի-պետություն այդ հզորների ձեռքին, որից հետո այդ պետությունից ոչինչ չի մնա կամ շատ կասկածելի կլինի, թե ի՞նչ կմնա. կօգտագործվի եւ կշպրտվի մի կողմ։ Մեր ձեռքով երրորդ աշխարհաքաղաքական բեւեռի հետ ենք խաղում՝ այդ բեւեռին վնասելու համար, բայց ոչ թե ուղիղ, այլ օգտագործելով կոնյունկտուրան, քաղաքական շահերը եւ ապահովությունները մեր երկրում՝ ի դեմս այսօրվա իշխանությունների։
Կարդացեք նաև
Հայաստանում ձեւավորված իրավիճակն այդ առումով եւս նման է Սիրիայի իրավիճակին։
– Փաստորեն, մենք ունենք ամբողջ փունջը, ինչն այսօր անհրաժեշտ է պետության կործանման համար. եթե խնդիրը իշխանության տեսանկյունից դիտարկենք, որտեղ առաջնայինն իշխանության պահպանումն է, ամեն բան հասկանալի է։ Հակառակ բեւեռում հարցերը շատ են՝ ընդդիմությունը չի կարողանում, ժողովուրդն էլ անտարբեր է դառնում։ Ի՞նչ անել։
– Ես նորից վերադառնում եմ այն պնդմանս, որը վերաբերում է ավտորիտար ռեժիմի բնույթ ունենալուն. ավտորիտար ռեժիմն ունի այսպիսի կանոնակարգում՝ թույլ է տալիս հնարավոր բոլոր ազատությունները, բացի սեփական իշխանության նկատմամբ նկրտումներում ժողովրդավար լինելուց։ Այլ ոլորտներում նա կարող է լինել ժողովրդավար, բայց ոչ մի պարագայում թույլ չի տալիս մրցակցություն՝ իշխանությունը վերցնելու համար։ Դրա ամենալավ օրինակը՝ նախորդած ժամանակահատվածում երեք ընդդիմադիր շարժումների կենսագրություններն են, այդ շարժումները՝ ոչ ժողովրդավարական մեթոդներով խեղդելու եւ ճնշելու մեթոդաբանության կիրառումը։ Ավտորիտար ռեժիմի պարագայում ընդդիմությանը մեղադրել՝ արագ արդյունքների հասնելու անկարողության մեջ, իհարկե, կարելի է։ Իհարկե, ընդդիմությունն այս առումով ունի խնդիրներ, բայց սա հավասարը-հավասարի իրավիճակ չէ, որտեղ որ պետք է մրցես եւ հաղթես ինստիտուտներին՝ օրինական, սահմանադրական, իրավական կարգավորումների դաշտում։ Սա պարզապես դառնում է բավականին լուրջ հակասություն եւ հակամարտություն։
– Հետեւաբար, այսպես ասենք՝ դեմ ենք առել պատին եւ անելիք չունե՞նք։
– Անելիք միշտ կա եւ անելիքներից համար առաջինը՝ այդ պատը քանդելն է։ Պատը քանդել՝ հանունի, այլ ոչ թե միայն իշխանության գալու համար։ Մարտահրավերներին շատ մտածված, պրոֆեսիոնալ ձեւով դիմադրելու, դիմակայելու լուծումներ գտնել։ Դա նաեւ քաղաքականությունը իրական քաղաքական դաշտ վերադարձնելու պայքարն է։
– Մարդիկ՝ ազգը, ժողովուրդը, հոգնել են հանուն հայրենիքի պայքարից, չեն ուզում այլեւս հանուն հայրենիքի պայքարել, նրանց այդ գաղափարով չես կերակրի էլ։
– Ես կատեգորիկ համաձայն չեմ այդ մտածումի հետ։ Ես չգիտեմ, թե ի՞նչ է նշանակում՝ մարդիկ հոգնել են իրենց ճակատագրով զբաղվելուց։ Անկախ նրանից, թե այդ մարդիկ շատ են, քիչ են, թե միջին թվաքանակի են, որոշ առումով դա էլ էական է, բայց ես մեկ բանում համոզված եմ՝ հասարակությունները երբեք չեն հոգնում, այլ սպասում են քաղաքական առաջարկների, քաղաքական լուծումների, որտեղ որ իրենք իրենց օգտակար գործողության գործակիցը կտեսնեն։ Եվ Հայաստանում, գոնե թե վերջին ամիսների ընթացքում ձեւավորված հասարակական շարժումների ընթացքում բավական լայն խմբերի մասնակցությունը, նախեւառաջ դրա մասին է խոսում։ Դրա մասին են խոսում նաեւ բոլոր տեսակների եւ որակների սոցհարցումների տվյալները, որտեղ որ հասարակության մեծամասնությունն իր համար ուղղակիորեն նախանշում է գերակայությունները։ Այդ գերակայությունները, որպես կանոն, այդ սոցիալական հարցումներում լինում է անվտանգության պահպանումը եւ պատշաճ իրականացումը։ Մարդիկ ունեն հուզումներ, ունեն որոշակի վտանգի զգացում եւ ունեն նաեւ որոշակի պատրաստակամություն՝ այդ ամենը ցուցաբերելու համար։ Նեյտրալիտետ պահող հասարակական խմբերը եղել են միշտ եւ կան։ Պետք չի հասարակությանն ավելի շատ ասել, որ նա ոչինչ չի ուզում, պետք է հասարակության հետ խոսել, մշակել նարատիվներ, այդ հասարակության հետ աշխատել եւ այդ հասարակության որակական, լավ, ճիշտ, ազգակենտրոն ձգտումներն ավելի լայնացնել, մեծացնել՝ դարձնել օրակարգ։ Պետք չի առողջ երեւույթներն անընդհատ ճզմել, սպանել եւ նեյտրալիզացնել, ինչով որ այսօր զբաղված է իշխանությունը՝ հանուն սեփական իշխանության պահպանման։
– Նկատի ունենալով աշխարհաքաղաքական գործընթացների տեմպերի արագացումը՝ մենք որքա՞ն ժամանակ ունենք այդ աշխատանքը կատարելու, արդյունքների հասնելու համար։
– Ֆատալիստական կամ ժամանակայնության հայտի հետ չեմ սիրում մանիպուլյացիա անել։ Սխալ կլինի, որ ասեմ՝ երկար ժամանակ ունենք։ Մենք ունենք այնքան ժամանակ, ինչքան որ կաշխատենք։ Այո, աշխարհի արագությունները շատ մեծացել են, բայց, համոզված եմ, որ թե տարածաշրջանային, թե աշխարհաքաղաքական նոր կարգավիճակները մոտ 2-3 ամիս հետո կմտնեն որոշակի հանդարտ փուլ։ Աշխարհում տաք կենտրոնները քիչ թե շատ կհանդարտվեն, որովհետեւ մենք տեսնում ենք թե Ուկրաինայի պորտֆելում, թե Իսրայել-Իրան հակամարտության, թե այլ կետերով, ամենը որոշակիորեն պետք է հանդարտանա։ Առավել եւս, որ արեւմտյան աշխարհի դիրքորոշումը՝ ի դեմս Թրամփի նոր ադմինիստրացիայի, կողմնակից է հանդարտացմանը եւ տաք կետերի սառեցմանը։ Կարծում եմ, հաջորդ տարվա առաջին եռամսյակը բավականին կողմնորոշիչ կլինի աշխարհաքաղաքական նոր դիրքավորումների եւ նոր նարատիվների առումով, ինչը ի նպաստ մեզ որոշակի արդյունքներ կտա։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2024