Օրեր առաջ ընթերցողների սեղանին դրվեց ճանաչված հրապարակախոս, գրող Աշոտ Աղաբաբյանի հերթական գիրքը՝ «Նմանակը»: Ավելորդ է ասել, որ հեղինակի գրքերի շնորհանդեսներին անգամ մենք չենք կարողանում բազմամարդ լինելու ժամանակ ներկա գտնվել, մոտենալ նրան: Պատճառը նրա գրքերն են, որոնք դառնում են փնտրված թրիլերներ՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Գաղութը», «Թակարդում», «Արտերը սպասում են հնձվորին», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղտնիքների տիրակալը», «Սեւ հովազ 1», «Սեւ հովազ 2»…
«Ռեզիդենտը» հասցրել է վերահրատարակվել մի քանի անգամ, նաեւ՝ ռուսերեն, պարսկերեն: Այս գիրքը եզակի է, քանի որ գեներալ հետախույզ Հայկ Հովակիմյանի մասին է…
«Նմանակը» գրքի հերոսը՝ ծնունդով Իջեւանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Գրքում ներկայացված է նրա ողջ կյանքը, գործունեությունը, երբ Խորհրդային միության հատուկ ծառայությունները նրան ուղարկում են Թուրքիա, պատրաստում, որպեսզի նա «փոխարինի» Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթին: Պատճառը նաեւ մեր հետախույզի արտաքին նմանությունն է, ձայնը, շարժուձեւը, որը հետախուզական վարչության կողմից չի անտեսվում. «Պարզեցինք, որ Ձեր նմանակը մուտք ունի ամենագաղտնի արխիվներ, նրան թույլատրված է օգտվել հույժ գաղտնի փաստաթղթերից: Նա ամսական գոնե մեկ անգամ հանդիպում է Թուրքիայի պրեզիդենտ Իսմեթ Ինոնյուի հետ: Մի խոսքով, Մահմուդ Շովքեթը շատ լուրջ ազդեցիկ դեմք է իր երկրում»:
«Դեռեւս 2007-ի մայիսի 2-ին «Հայաստանի զրուցակից» թերթում տպագրվեց իմ «Հայ հետախույզը Թուրքիայի Մեջլիսի անդամ» փոքրիկ հոդվածը: Այն թարգմանեցին ու տպագրեցին Թուրքիայի առաջատար թերթերը՝ «Հուրիեթը», «Միլլեթը» եւ «Զամանը»: Բանը հասավ նրան, որ թերթերի խմբագիրները հոդվածի իսկությունը ճշտելու համար պաշտոնապես դիմեցին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մեհմեդ Ալի Շահինին: Թուրքիայի խորհրդարանում հնչած հարցին (բառացի մեջբերում եմ), թե «հայկական թերթերից մեկի համաձայն՝ 1980-ից առաջ, ազգությամբ հայ, ԽՍՀՄ կողմից ուղարկված մի գործակալ, թուրք պատգամավորի մահից հետո նրա փոխարեն թափանցել է ԹԱՄԺ եւ ծավալել հետախուզական գործունեություն: Դուք լսե՞լ եք», Շահինը պատասխանեց. «Ոչ, չեմ լսել: Ես էլ նոր եմ կարդացել: Սակայն ասեմ՝ համոզիչ չի թվում այդ պնդումը: Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Մի՞թե հնարավոր է այսպիսի բան: Հնարավոր չէ»,-գրում է Աշոտ Աղաբաբյանը, ով նաեւ պատասխանում է թուրքերին, գրելով, որ դեպքերը տեղի են ունեցել 1945-49թթ.-ին…
Կարդացեք նաև
Գրքի վերջաբանում, ի դեպ, մի դրվագ կա, երբ մահամերձ հերոսը՝ Արթուր Միրզոյանը վերջին շնչում ասում է իր զարմիկին հայրական տանիքում խնամքով պահված փայտե սնդուկի մասին. «Բանալի չկա: Կջարդես կողպեքը եւ կբացես: Այնտեղ Շովքեթի պատմությանը վերաբերվող ապացույցներ կան…Եթե երբեւէ գրվի այս մասին, Թուրքիան անմիջապես կհերքի ու ոչ թե ամոթից, որ մի հոգի պետության անվտանգությունն է խարխլել, այլ պարզապես չգիտի, ապացույցներ չունի, որ կյանքի երեք տարում Շովքեթը Շովքեթը չէր, այլ ես: Ի դեպ, ես քեզ շատ բան չեմ պատմել, անգամ Շովքեթի իսկական ազգանունը չեմ ասել: Այն մի քանի ժամից այն աշխարհ կտանեմ»:
Գիրքը կարդացվում է մի շնչով, այստեղ կան իրողություններ, փաստագրություն, որն իրապատում է, որքան էլ հեղինակն ասի, թե գործ ունենք գեղարվեստական ստեղծագործության հետ: Գրքում կան լուսանկարներ, արխիվներից հանված փաստաթղթերի պատճեններ, որոնք տրամադրել է հանգուցյալ հերոսի դուստրը եւ զարմիկը: Հեղինակը նախ մեզ քթից բռնած ման է տալիս Բաքվի փողոցներով, դա մի ժամանակահատված էր, երբ Առաջին համաշխարհային պատերազմը մոտենում էր ավարտին: Փողոցներում զինված խմբավորումներ էին…էսէռներ, մենշեւիկներ, բանդաներ…
Հերոսը՝ Արթուրը, հենց այստեղ է թրծվում, երբ զինված սրիկաներից մեկը փորձում է սպանել հայ անպաշտպան կնոջ եւ նա՝ տասնչորսամյա պատանին փրկում է, հոր կողմից նվիրած դանակով հարվածելով սրիկայի դեմքին: Հետագայում այս նույն սպիավոր հանցագործը, ով Թուրքիայի հատուկ ծառայության գործակալ էր, դեմ առ դեմ պետք է հանդիպեր Արթուրին, ով չպիտի ճանաչվեր, եւ ով ընդգրկված էր այդ ժամանակ «Օպերացիա Սեպ» հատուկ գործողության մեջ: Գրքում մի քանի անգամ հերոսն այս միտքն է արտահայտում, որ քայլում է շեղբի վրայով: Հետախույզներից յուրաքանչյուրն այդ զգացողությունն ապրում է, մարտական առաջադրանք ստանալուց առաջ, ինչը վարպետորեն փոխանցում է գրքի հեղինակը հերոսի շուրթերով. «Մի բան հստակ էր՝ դու շրջապատված ես յուրայիններով, քո դիմաց թշնամին է: Ամեն ինչ պարզ է: Բայց հետախուզությունում ճիշտ հակառակն է: Դու օտար կամ թշնամի երկրում ես: Դու ամեն վայրկյան քայլում ես դանակի շեղբի վրայով: Մի պահ կորցնես զգոնությունդ՝ թակարդը կընկնես: Որտեղ է ավելի անհրաժեշտ ռիսկի դիմելը, հերոսությունն ու տղամարդկությունը, ռազմաճակատո՞ւմ, թե՞ թշնամու թիկունքում՝ հետախուզությունում: Հայրենիքին որտե՞ղ ես ավելի պետք»:
Շատ հետաքրքիր է նկարագրում հեղինակը նմանակի պատրաստմանը «Սեպ» գործողությանը: Նմանակը պատրաստություն է անցնում հատուկ նշանակության դպրոցում: Որպեսզի թափանցեր մեջլիսի անդամի տուն, մտերիմների շրջապատ, պետք է սկսեր ռեստորանի մատուցողի, փականագործի մասնագիտացումից, զուգահեռ մոտ մեկ տարի վերապատրաստվում է անգամ դրա համար, դերասանի վարպետություն, նմանակում, ֆրանսիացի խոհարարից իմանում գաղտնիքներ, հմտություններ: Այլ պետությունների գործակալների հետ հանդիպելիս, ում նկարներով, այլ հնարավոր միջոցներով նա ծանոթ էր, աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, գիտելիքներով, լեզուների իմացությամբ, գրքում շեշտվում է հիշողության մասին, հետախույզը տեքստերը, որոնք պետք է զեկուցեր, ուղարկեր Կենտրոն, շատ հաճախ իր հիշողությամբ է վերարտադրում, շարադրում: Հետախույզին ներկայացնելիս Աղաբաբյանն ասես «վերապատրաստողներից» մեկն էլ ինքը լիներ, թե հոգեբանորեն, թե գիտելիքներով, թե փորձառությամբ: Անթաքույց երեւում է Աղաբաբյանի մեսիջը. թշնամի երկրների օղակում գտնվող մեր երկրում պրոֆեսիոնալներն անելիք ունեն:
Գրքի փաստագրությանը, իրադարձությունների ժամանակագրությանը, պատմական փաստերի համադրմանը մեծապես նպաստել են նաեւ այն աղբյուրները, որոնք ուսումնասիրել է տաղանդավոր գործընկերս՝ Աշոտ Աղաբաբյանը, որի մասին նշված է գրքի «Օգտագործված գրականության ցանկ»-ում. ռուսական հետախուզության պատմություն, մարշալ Հովհաննես Բաղրամյան, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթեր, հետախույզների դոսյեներ, նաեւ իրապատման հերոսի ընտանիքից փոխանցված գրառումներ, արխիվային նյութեր:
Ավելորդ է նշել, թե որքան պրոֆեսիոնալ մոտեցում կա իրավական, միջազգային փաստաթղթերի մատուցման ժամանակ, որն ավելի հավաստի է դարձնում հեղինակի ասելիքը «թաքուն բանակի»՝ գաղտնի ծառայությունների մասին: Չմոռանանք, որ տարիներ շարունակ այս ծառայությունների աշխատանքը փակ է, մնում է արգելված:
Գիրքը հովանավորել են ՌԴ Կոստրոմայի հայ համայնքի նախագահ Արմինե Ջուվալիկյանն ու տեղի հասարակական պալատի անդամ Արտակ Թամամյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2024