Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին վանկի հարցականը. «Ուղղական հոլով»

Դեկտեմբեր 14,2024 13:00

«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն  ուրբաթ, իսկ aravot.am կայքում  տեղադրվում են շաբաթ օրերին:

Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ:

Անշտապ վայելելով, տողերը մտքումս պատկերների վերածելով այն դեպքերը, որոնց ներկա կամ մասնակից եմ եղել, դետալներով հիշելով, մի խոսքով՝ ինչպես Վանո Սիրադեղյանն է ասել՝ «մանրամասն սիրելով» կարդացի Մեդիամաքսի հրատարակած «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը: Սա, անշուշտ, արժեքավոր վավերագրություն է, որը շատ օգտակար ու հետաքրքիր կլինի ներկայի ու ապագայի հետազոտողների ու ուսումնասիրողների եւ, իհարկե, սովորական ընթերցողի համար:

Այս արժեքավոր, օգտակար, հետաքրքիր գիրքը լրագրողներ են հեղինակել՝ լրագրող Արա Թադեւոսյանը եւ լրագրող Լուսինե Ղարիբյանը: Գրքում, ի շարս հազարավոր չոր փաստերի ու արձանագրումների, մի շարք պատմական կարեւորագույն շրջադարձերի ու անցքերի վրա լույս են սփռում նաեւ լրագրողական հարցազրույցները: Հեղինակները արխիվներից, հասանելի այլ տիրույթներից գտել, հանել, սղագրել եւ այս գրքում զետեղել են մի շարք լրագրողական հարցազրույցներ, որոնց բովանդակությունը ժամանակին շրջադարձային նշանակություն է ունեցել մեր երկրի համար: Հիմա տասնյակ տարիներ անց կարդում ես ժամանակին, օրինակ՝ Ազգային ժողովի միջանցքում մի ճեպազրույցի սղագրությունն ու ապշում, մի՞թե էսպիսի բան էլ է եղել. հստակ ձեւակերպված, տվյալ ժամանակների կարեւորագույն խնդիրների բնույթն ու խորությունը բովանդակող հարցական նշանով հարց, այնուհետեւ սեփական գաղափարախոսական փաստարկներով հիմնավորված պատասխան: Հարցի խնդիրը, փաստորեն, պատասխան ստանալն է եղել:

Հիմա եկեք պատկերացնենք, որ մեր այս անփառունակ օրերից անցնում է 20-30 տարի, եւ որքան էլ անհավանական թվա, դեռ լրագրողներ են պահպանված լինում մեր «ազատ խոսքի բաստիոնում»: Ի՞նչ են սղագրելու էս մարդիկ, որպեսզի լույս սփռեն, օրինակ՝ այսօր ընթացող ներքաղաքական մեծ ու փոքր անցքերի վրա: Ահա բաղադրատոմսը: Վերցնում ենք մեր օրերի միջին վիճակագրական մի ճեպազրույց եւ թղթի վրա հայերեն տառերով բարեխղճորեն գրում ենք այն ամենը, ինչ հնչել է այս շփման ընթացքում:

Միկրոֆոնով աղջիկներ – Վիճարկել, վիճարկել, պարոն Աղազարյան վիճարկելու համար:

Պատգամավոր – Ներողություն:

Միկրոֆոնով աղջիկներ – Վիճարկել այդ հարցը, քանի որ Ձեր անձնական կյանքի գաղտնիությունը:

Պատգամավոր – Չէ, ես ըըըը, հա երեւի, երեւի, երեւի կանենք:

Միկրոֆոնով աղջիկներ – Քննչական կոմիտեի:

Պատգամավոր – Հա փաստաբանս, փաստաբանս կարծում եմ, որ անպայման պետք ա քննչական կոմիտեի, ըըըը, բանը, ինչա, բանը հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին էդ կապակցությամբ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնի, որովհետեւ, դե, ես լավ չեմ հասկանում իրավաբանությունից, իրավաբաններից էլ զզվում եմ:

Միկրոֆոնով աղջիկներ – Պարոն Աղազարյան …

Միկրոֆոնով աղջիկներ – Պարոն Աղազարյան …

Միկրոֆոնով աղջիկներ – Պարոն Աղազարյան …

Միկրոֆոնով աղջիկներ – Ուզում ենք մի հատ հասկանանք, էլի, էս անձնական ինֆորմացիայի բանը, այսինքն խնդիրը միայն հայհոյանքի մեջ ա, դուք հայհոյանք, հայհոյանքով եք պատասխանել:

Պատգամավոր – Շատ, շատ, շատ …

Միկրոֆոնով աղջիկներ – Երբ որ ասում են բարոյական, հանրային նորմեր եք խախտել:

Պատգամավոր – Ես նորից եմ ասում, ես նորից եմ ասում, ես նորից եմ …

Միկրոֆոնով աղջիկներ – Գրում են՝ ինչ-որ սիրուհի-միրուհի էս դաշտում:

Պատգամավոր – Հիմա սիրուհի ունենալը ի՞նչ ա, հո հանցագործությո՞ւն ա:

Միկրոֆոնով աղջիկներ – Հա էլի, հա մենք էլ ենք էդ զարմանում:

Միկրոֆոնով աղջիկներ – Էդ էլ հանցագործություն չի:

Պատգամավոր – Բա էլ ինչ կա, բա էլ ինչ կա, բա էլ ինչ կա …

Ես սղագրեցի 48 վայրկյան: Բանավոր այս ալեբախության տեսանյութը փոփոխական սրացումներով շարունակվում է 16 րոպե: Ապագա բարեխիղճ հետազոտողին, կարծում եմ, չի բավարարի այս շփումից ծնված հրապարակումը, որի վերնագիրն է՝ «Ովքե՞ր են Աղազարյանի սիրուհիները. տեսանյութ»: Նա, հավանաբար, կփորձի ծանոթանալ հում նյութին եւ կպարզի, որ չի կարողանում սղագրել, քանի որ գրավոր խոսքում հնարավորություն չկա միաժամանակ հնչող բառերը գրել իրար վրա: Նա կպարզի նաեւ, որ միկրոֆոնով մարդիկ մեր օրերում ամենեւին էլ հարցեր չեն տվել, այլ պարզապես գրգռել են խոսողին, որն էլ իր հերթին առանձնապես չի ձգտել մտքեր արտահայտել, այլ տարբեր, բնաձայնությունների, բառերի ու արտահայտությունների միջոցով բավարարել է դիմացինների վերնագիր ունենալու լեգիտիմ ձգտումները: Հավանաբար պետք չի շարունակել, պատկերացնել, թե ի՞նչ եզրահանգման կգա մեր բարեխիղճ հետազոտողը, ի՞նչ վավերագրություն կհեղինակի նա, եւ ի՞նչ կլինի այդ աշխատության վերնագիրը:

Հանուն արդարության պետք է փաստել նաեւ, որ լրագրողներին, ինչպիսին էլ նրանք լինեն, չեն սիրել բոլոր ժամանակներում: Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մովսես Գեղագուլյանն օրինակ՝ ՀՀ ՊՆ Լրատվության եւ Քարոզչության վարչության բոլոր լրագրողներիս եւ օպերատորներիս քամահրանքով ասում էր՝ «զինուժ»: Լրագրողների վրա են փորձում բարդել քաղաքական, պետական ոլորտների ձախողումներն ու անհաջողությունները՝ այ եթե դուք չբզբզեիք … Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:

Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031