Ազգային ժողովի աշխատակազմն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների հետ համակարգման՝ կիսամյակային եւ տարեկան հանդիպումներ: Համատեղ փոխգործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք կարեւոր նախագծեր, որոնք հաջողությամբ իրականացվում են Աշխատակազմի կողմից: Ողջունելով գործընկերներին Ազգային ժողովում՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Դեկտեմբերի 13-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից:
Խորհրդարանի աշխատակազմը վերջին մի քանի տարիների ընթացքում էապես խորացրել է հարաբերությունները եւ ընդլայնել համագործակցության շրջանակը միջազգային գործընկերների հետ՝ տարեցտարի ավելացնելով իրականացվող ծրագրերի քանակն ու բովանդակությունը: Դավիթ Առաքելյանը նշել է, որ տարին նշանավորվել է բազմաթիվ թրեյնինգներով, փոխայցերով, եռակողմ համագործակցություններով եւ նոր նախագծերով:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը խոսել է նաեւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից ֆինանսավորված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասին: «Այս տարի Ազգային ժողովի աշխատակազմը դարձել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համաֆինանսավորող: Սա կարեւոր ձեռքբերում է եւ համատեղ աշխատանքն ավելի խորացնելու ու հաջողության հասնելու մեր ձգտման լավագույն ապացույցը»,- նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:
Կարդացեք նաև
Դավիթ Առաքելյանն անդրադարձել է «Երիտասարդ խորհրդարան» նախագծին՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը եւ Աշխատակազմն առանձնակի ուշադրություն են դարձնում խորհրդարանական աշխատանքներին երիտասարդների ներգրավմանը:
Նշվել է, որ ներկայում ՄԱԶԾ գործընկերների հետ համատեղ մշակվում է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի աշխատակազմի ռազմավարությունը: Մանրամասն անդրադառնալով իրականացվող ծրագրերին, վերապատրաստման դասընթացներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարի կավարտվեն Ազգային ժողովի պաշտոնական կայքի վերափոխման աշխատանքները:
Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ծրագրերին եւ նախաձեռնություններին աջակցելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ գալիք տարիներն ավելի հարուստ կլինեն համատեղ հաջողության պատմություններով:
Խորհրդարանական աջակցություն իրականացնող կառույցների ղեկավարները, ողջունելով ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, խոսել են իրականացված ու առաջիկայում նախատեսված ծրագրերի եւ աշխատանքների մասին:
Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ 2019 թվականից Շվեդիայի կառավարությունն ակտիվորեն համագործակում է Հայաստանի Ազգային ժողովի հետ: Նրա խոսքով համագործակցությունը ոչ միայն ժողովրդավարության հիմնասյունն է, այլ նաեւ խաղաղ եւ դիմակայուն Հայաստանի ձեւավորման գրավականը: «Շվեդիան միշտ լինելու է Հայաստանի Հանրապետության նվիրյալ եւ կարեւոր գործընկերը»,- ընդգծել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:
Հայաստանի կառավարության աջակցությունը ժողովրդավարության հաստատման եւ առաջխաղացման հարցում կարեւորել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: Նա վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովին մի շարք ոլորտներում առաջընթաց ապահովելու հարցում աջակցությունն ու համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ Կանադան միացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի երկրորդ շրջափուլի համաֆինանսավորող:
ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ողջունելով Նորվեգիայի, Շվեդիայի, Կանադայի եւ Հայաստանի միջեւ ամրագրված համագործակցությունը, արժեւորել է բազմոլորտ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ դրանք կօգնեն Հայաստանին ժողովրդավարության հաստատման, կայուն ժողովրդավարական խորհրդարանական համակարգ ձեւավորելու եւ առաջընթաց ապահովելու հարցերում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն էլ նշել է, որ հպարտ են, որ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ որպես գործընկեր, աջակցում է Հայաստանի խորհրդարանին: Նա առաջարկել է հստակեցնել հետագա համագործակցության ուղղությունները:
Հայաստանում Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդե-Պելցն արդյունավետ է գնահատել դեռեւս 2017 թվականից մեկնարկած համագործակցությունը՝ ընդգծելով գենդերահավասարությանը, կանանց առաջնորդության եւ հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Արձանագրված ձեռքբերումների, արդյունավետ համագործակցության մասին է խոսել նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային կառավարման բարեփոխումների Արեւելյան գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի» ներկայացուցիչ Հրաչ Յարմոլյանը: Նա հավաստիացրել է, որ շարունակելու են ստեղծել ռազմավարական գործընկերություններ միջազգային հարթակում, իրականացնել ծրագրեր բազմաշերտ կառավարման ոլորտում, ինչպես նաեւ շարունակվելու է համագործակցության սերտացումը Գերմանիայի Բունդեսթագի, Եվրոպական միության բազմաթիվ ինստիտուտների, ԵՄ մի շարք երկրների եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հետ:
Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը նշել է, որ պատրաստակամ են շարունակելու Հայաստանի Ազգային ժողովի հզորացմանն ուղղված աշխատանքները
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պույտենսը համոզմունք է հայտնել, որ իրականացվող ծրագրերի մասնակիցներից շատերն էական դերակատարում կունենան Հայաստանի հանրային հատվածի կյանքում:
Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանցի խոսքով էլ իրենց գործունեության հիմնական շեշտադրումը կորպորատիվ ռազմավարական եւ գործառնական ծրագրերի մշակման եւ իրականացման գործում ԱԺ աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացումն է:
ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ աշխատակազմին պատրաստակամության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա տեղեկացրել է, որ ի թիվս մի շարք ծրագրերի՝ իրենց առաջարկով օրենսդրական դաշտում եւս կատարվել են աշխատանքներ: Ռուզաննա Հայրապետյանը տեղեկացրել է, որ ծավալուն աշխատանք է կատարվել թվայնացման ոլորտում. հանձնաժողովների եւ նիստերի դահլիճներում էլեկտրոնային քվեարկությունը պատրաստ է գործարկման:
ՀՀ Ազգային ժողով