ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանին։
Արփինե Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արմեն Ղազարյանին ՝ ընդգծելով, որ նրա համակարգմամբ ծառայությունը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ , գրանցել նշանակալի արդյունքներ՝ ՆԳ նախարարության ընդհանուր նպատակների իրականացման գործում։ ՆԳ նախարարը շնորհավորել է Նելլի Դավթյանին և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ ծառայությունը ոչ միայն կշարունակի ամրապնդել առկա ձեռքբերումները, այլև մարդկային ներուժով, քաղաքացիակենտրոն մոտեցմամբ կապահովի ծառայությունների մատուցման նոր որակ և կբարձրացնի քաղաքացիների հետ շփման մակարդակը։
«ՆԳՆ ձևավորմամբ մեր առջև խնդիր էինք դրել, որ ծառայությունը պետք է հասցեագրի միգրացիոն շղթայի բոլոր կոմպոնենտները: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք նոր ձևավորված ծառայություն, ընդ որում՝ այնպիսի անձնակազմով գործունեություն ծավալող ծառայություն, որը, թերևս, այն տրամաբանությունն է իր մեջ ամփոփում, որն ի սկզբանե դրվել էր նաև ՆԳՆ ձևավորման, այս ծառայության ձևավորման հիմքում»,-նշել է Արփինե Սարգսյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ ՆԳ նախարարն ընդգծել է անձնակազմի կարողությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ ժամանակին համընթաց տարբեր հարթություններում նրանց մրցունակության ապահովման տեսանկյունից։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհավորել է Նելլի Դավթյանին և հաջողություններ մաղթել։ Անդրադառնալով ծառայության անցած ճանապարհին՝ նա կարևորել է կառուցվածքային նոր տրամաբանության հիմքում դրված գործառույթները և մատուցվող ծառայությունների մարդակենտրոն մոտեցումը։ Նելլի Դավթյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ պատրաստ է արդարացնել ինչպես քաղաքացիների, այնպես էլ ծառայության անձնակազմի և նախարարության ակնկալիքները։ Նրա խոսքով՝ ծառայության առջև դրված խնդիրը հստակ է՝քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն, ներդնել հաղորդակցության նոր ստանդարտներ, որակի ապահովման նոր մեխանիզմներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ