2023թ․ սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը իրականացրին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները և օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն:
Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ՝ ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերի իրականացում և կարիքի գնահատում, ստեղծեց ըստ գտնվելու վայրի գրանցման համակարգ ՏԻՄ-երում և մարզպետարաններում՝ ձևավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքային խմբերի հիման վրա: Այս աջակցման ծրագրերի ընթացքը, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հետ կապված առկա օրենսդրական բացերը բացասական ազդեցություն են ունենում մարդասիրական ճգնաժամի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հումանիտար աջակցության արդյունավետության վրա։ Այդ պատճառով իրավական աջակցության շրջանակներում Կազմակերպության կողմից իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվում նաև պետական մարմիններին՝ համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով։
Բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ նոյեմբերից 2024 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել ՀՀ բոլոր մարզերում կոնտակտային անձանց և իրավաբանների միջոցով։ Իրավաբանական աջակցության նպատակն էր իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվության միջոցով նպաստել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, մշտադիտարկել պետական և համայնքային աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի ու հետագա քաղաքականությունների և ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։
Սույն զեկույցը 2024թ․-ի հուլիսին արդեն իսկ հրապարակված զեկույցի լրացված տարբերակն է
Կարդացեք նաև
Կազմակերպության կողմից իրականացված իրավական աջակցության շրջանակները`
2023 թվականի նոյեմբերից Կազմակերպությունը բռնի տեղահանվածներին տրամադրում է իրավական աջակցություն ՀՀ կառավարության որոշումներով հաստատված սոցիալական աջակցությունների մատչելիության ապահովման, հասանելիության և իրացման ուղղությամբ։
Իրավական աջակցությունը տրամադրվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ 12 կոնտակտային անձանց (յուրաքանչյուր մարզի համար մեկ կոնտակտային անձ, Երևան քաղաքում երկու կոնտակտային անձ) և 7 իրավաբանների ներգրավմամբ, ովքեր ահազանգի միջոցով կապ են հաստատել իրենց գործունեության մարզում բնակվող բռնի տեղահանված անձանց հետ, կատարել տնայցեր, կարիքների գնահատում, անհրաժեշտության դեպքում կազմվել են իրավաբանական նշանակության փաստաթղթեր՝ ուղղված ՀՀ գերատեսչություններին բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման հարցերով։
2023 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2024 թ․ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կազմակերպության կոնտակտային անձինք և իրավաբանները հանդիպումներ ու խորհրդատվություններ են տրամադրել 1967 բռնի տեղահանված անձանց։
Իրավախորհրդատվության արդյունքում արձանագրված խնդիրների շրջանակներում մինչ օրս տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 444 գրություն և դեռևս 3 հայցադիմում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 349 գրություն
ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ 45 գրություն
ՀՀ առողջապահության նախարարություն՝ 15 գրություն
ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոն՝ 14 գրություն
ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2 հանցագործության մասին հաղորդում
ՀՀ արդարադատության նախարարություն՝ 9 գրություն
ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 3 գրություն
ՀՀ ֆինանսների նախարարություն (կենտրոնական բանկ)՝ 8 գրություն
ՀՀ ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 3 հայցադիմում (2 դիմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջով, 1 դիմում երեխայի սերման փաստի պահանջով։)
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ