Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասն ունեցավ լուրջ հետնորդներ, որոնց շարքը զարդարում է հանճարեղ Շարա Տալյանը, որտեղ շողշողում է նաև Հովհաննես Բադալյանի աստղը». Արզաս Ոսկանյան

Դեկտեմբեր 13,2024 17:56

«Հայոց երգչական նոր ժամանակաշրջանի հիմնադիր Կոմիտասն ունեցավ լուրջ հետնորդներ, որոնց շարքը զարդարում է հանճարեղ Շարա Տալյանը: Նրանց` Արմենակ Շահմուրադյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Վահան Առաքելյանի, կողքին շողշողում է Հովհաննես Բադալյանի աստղը, որի զուսպ, վեհ, արտաքին որևէ անճաշակությունից զերծ միջնադարյան հնչունային շարադրանքների քերականության բնազդական ճշգրիտ իմացությամբ կատարումները, հիացնելուց բացի՝ ուսուցողական են». մեզ հետ զրույցում այսպես արտահայտվեց ազգային երաժշտական մշակույթի երախտավոր Հովհաննես Բադալյանի մասին կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը, շեշտելով, որ երգչի անունը սերտորեն կապված է «հայ երգ» հասկացության հետ:

Հովհաննես Բադալյան

Իսկ պրոֆեսորի` կոնսերվատորիայի դասարանում մենք հյուրընկալվել էինք անվանի երգչի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է դեկտեմբերի 14-ին:

«Բադալյանը, իսկապես, մեր վոկալ կատարողական արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներից է՝ զինված պրոֆեսիոնալ բարձր գիտելիքներով: Իր արվեստի ուղենիշը դարձնելով Կոմիտասի այն պնդումը, որ հայ երգին բնորոշ է քնքուշ, խաղաղ, ազդու և ձայնն առանց սահեցնելու կատարումը, ինչպես նաև «հստակ ու անպաճույճ» վեհությունը, երգիչը մշտապես ձգտում էր իր կատարմանը հաղորդել իսկական ազգային հնչողություն», -ասաց պարոն Ոսկանյանը:

Համակարծիք լինելով դիտարկմանը, թե Բադալյանը վարպետությամբ էր տիրապետում ստեղծագործական ոճի բացահայտման գաղտնիքներին ու նրբությամբ ունկնդրին հասցնում ցանկացած երգ, լինի դա աշուղական, ժողովրդական, թե կոմպոզիտորական արվեստի, մեր զրուցակիցը հայտնեց. «Այո, Բադալյանի մեկնաբանությունների շնորհիվ ունկնդիրը հեշտությամբ ճանաչում էր Սայաթ-Նովային, Ջիվանուն, Շերամին, Շահենին …: Իսկապես, նա մեծ նրբությամբ էր ունկնդրին հասցնում աշուղական երգարվեստի առանձնահատկությունները, երաժշտական, տաղաչափական ինքնատիպ կառուցվածքը, իմպրովիզացիոն բնույթը, ռիթմային բազմազան կերտվածքը: Իսկ գեղջկական երգի նրա կատարումները մարդու ներքնաշխարհի գողտրիկ ու վառ նկարագրերն էին: Հովհաննես Բադալյանի հորովելներում բացահայտվում էր գեղեցիկ, նվիրական մի աշխարհ, ուր ազգային ոգին, ժամանակն ու մարդկային խոր զգացմունքը իրենց ամբողջական արտահայտությունն էին ստանում»:

Փոքր-ինչ պաուզայից հետո, մրմնջալով երգչի երգացանկից մեկ-երկու երգ՝ պարոն Ոսկանյանն էլ ավելի պատկերավոր ներկայացրեց դրանք. «Ինչպիսի~ քնքշանք, կյանքի հրճվանքների, նրա ջահելացման ի~նչ խորք ունեին սիրային երգերի բադալյանական կատարումները: Երգչի ընկալմամբ. «Սիրո հայացքի տակ քարը փոխվում է մարմարի, ծաղկում են չոր ծառի տերևներն ու ճյուղերը»: Մի խոսքով, սիրո տաղարանում մաքուր ու ջինջ էին նրա հոգու մեղեդիները»:

Ռեպլիկին ի պատասխան՝ Բադալյանը երգում էր ոչ միայն ժողգործիքների նվագախմբի ընկերակցությամբ, մեր զրուցակիցն ասաց. «Իրավացի եք, երգում էր դաշնամուրի նվագակցությամբ, սիմֆոնիկ, էստրադային-սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Յուրաքանչյուրի նվագակցությամբ նրա ձայնը ստանում էր համապատասխան երանգ, բոլորին նա իր հետ վեր էր հանում, տանում երգի որոգայթներով: Եթե, մի քանի բնորոշմամբ երգչի ձայնը խոսքով էլ ավելի պարզ ներկայացնենք , ապա դա միանշանակ զարմանալի հստակությունն էր, մի փոքր խստությունն ու հնչեղությունը, զորեղությունն ու լայնահորդությունը: Այս բոլորը միանալով լավագույն մարզվածության հետ, այնպիսի տպավորություն էին ստեղծում, որ նա կարծես հարատև է երգելու»:

Կոնսերվատորիայում Բադալյանի դասարանում են ուսանել վաղուց արդեն ճանաչված ու սիրված երգիչներ` Ռիմա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Մրոն, Ռուզան Ավետիքյանը…

Իսկ տարիներ շարունակ, երբեմն միջազգային մրցույթներում երիտասարդ երգիչների կողմից ներկայացվող «Սարերի հովին մեռնեմ» երգը հայտարարվում է ժողովրդական, այնինչ դա Բադալյանի հորինածն է: Այս առիթով Արզաս Ոսկանյանն ասաց. «Սարերի հովին մեռնեմ» և էլի գեղեցիկ, քնքուշ երգային մեղեդիներ, որոնք այսօր էլ հնչում են ու լսում ենք բազմաթիվ մարդկանց շուրթերից, հնչնակերտվել են բադալյանական սիրառատ հոգում»:

Վերջում նշենք, որ երգիչը մեզ հետ զրույցում հետևյալ միտքն էր արտահայտել . «Ժողովրդիս երգերում կա մաքրություն և ողջամիտ իմաստություն: Մեր երգին հատուկ չէ կրքի շիկացումը, կեցվածքը, արտաքին արդն ու զարդը: Դրանց կատարումն էլ պետք է լինի նույնքան անկեղծ ու սրտաբուխ, որքան իրենք` երգերն են»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031