Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի առանցքային ՔՊ-ականները ընտրություններում կօգնե՞ն, թե կխանգարե՞ն Սարիկ Մինասյանին․ Դավիթ Խուդաթյանի անդրադարձը

Դեկտեմբեր 13,2024 17:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գյումրիում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Սարիկ Մինասյա՞նը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններում, թե՞ հնարավոր է փոխվի թեկնածուն, պատասխանեց, որ ըստ պայմանավորվածության՝ «փրայմերիզում» հաղթած թեկնածուն է գլխավորելու։

Մեր հարցին, իսկ ՔՊ-ն կկարողանա՞ նախընտրած թեկնածուով Գյումրու ՏԻՄ ընտրություններում հաղթել, պատասխանեց․ «Մենք ամեն ինչ անելու ենք ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար՝ որպես քաղաքական թիմ, և թեկնածուի առաջադրմամբ՝ այդ վստահությունն ունենք»։

Հարցին՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ հնարավորություն չե՞ք ստանում վարչական ռեսուրսներ կիրառելու առաջիկա ՏԻՄ արտահերթ ընտրություններում, պատասխանեց․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր կառավարման այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ վարչական ռեսուրս կիրառելու անհրաժեշտություն չունի, առնվազն այդպիսի նախադեպեր՝ վստահ եմ, որ չեք կարող թվարկել։ Կարծեմ ժամկետը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԿԸՀ-ն հստակ օր է սահմանել 2025 թվականի ընտրությունների անցկացման համար․ և մենք այդ օրերից ընտրել ենք տարվան ամենամոտ օրը, մարտի վերջին կիրակին»։

Այն հարցերին՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ անկուսակցական թեկնածուն հաղթեց կուսակցական թեկնածուներին, վարչությունը Գյումրիում ՔՊ-ականների գործունեությունը քննարկման առարկա դարձրեց, վերադասավորումներ կլինե՞ն, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց․ «Թույլ տվեք մի փոքր չհամաձայնեմ ձեր ասած մտքի հետ, որովհետև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ՔՊ վարչության կողմից ընտրված թեկնածու է, կուսակցական ֆիլտրերով անցած թեկնածու է, և ես այս մասով չեմ համաձայնում, որ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չէ։

Իսկ ո՞ր քաղաքական ուժից է, եթե «Քաղաքացիական պայմանագրից» չէ։ ՔՊ վարչության ընտրած թեկնածուն է, մեր գաղափարակից ընկերն է, իսկ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեղինակության մասին ընդամենը կփաստեմ թվերով՝ նախորդ ընտրություններին մեր ստացած ձայներով, նկատի ունեմ նաև վերջին խորհրդարանական ընտրությունները։ Մենք որպես կուսակցություն՝ այստեղ մտահոգվելու պատճառ և առիթ չենք տեսնում, մեր քաղաքական թիմն ամբողջությամբ, ներառյալ մեր Գյումրիի գործընկերներն ամբողջությամբ տրամադրված են քարոզարշավի պրոցեսին մասնակցելու համար, և մենք որպես քաղաքական թիմ՝ անելու ենք հնարավորը ընտրություններում հաջողություն ապահովելու համար»։

 

Թե ինչո՞ւ փոխվեց Շիրակի մարզպետը՝ Շիրակի մարզպետարանի երկու վարչության պետերի կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվելը կապ ունի՞ այդ փոփոխության հետ, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց, որ թե՛ վարչապետը և թե՛ Մուշեղ Մուրադյանն այս թեմայի շուրջ պարզաբանում տվել են, իսկ վարչության պետերի կալանավորումը պայմանավորված է նրա հետ, որ ոմանք անցնում են սահմանները և պատժվում օրենքով։ Ըստ նրա, մեկը մյուսի հետ կապ չունի, կադրային փոփոխությունները բնական են բոլոր ժամանակներում։

Այն հարցին էլ, թե տեղի ՔՊ-ականները, որոնք բաժանված են թևերի, չե՞ն խանգարի արդյոք անկուսակցական Սարիկ Մինասյանին արտահերթ ընտրություններում, նախարարը վստահեցրեց, որ «փրայմերիզի» բոլոր մասնակից թեկնածուները տրամադրված են Գյումրիում ապահովել ՔՊ-ի ու թեկնածու Սարիկ Մինասյանը հաղթանակը։

Այն հարցին, թե Շիրակի մարզպետը հաղորդագրություն ստացե՞լ էր վարչապետից դիմում գրելուց առաջ, նախարարը պատասխանեց, թե սխալ մեկնաբանություններ են և չի ուզենա անդրադառնալ շահարկումներին։

Նա նաև օրինաչափ համարեց, որ Սարիկ Մինասյանը դառնա ՔՊ-ական։

Դիտարկմանը, թե մտահոգություն չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը ժամանակին անդամակցել է տարբեր կուսակցությունների՝ ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, ԼՀԿ-ին, հիմա էլ ՔՊ-ն, պատասխանեց․ «Մեր համար ավելի կարևոր հանգամանք է, որ պարոն Մինասյանը «փրայմերիզին» ստացել է գյումրեցիների աջակցությունը և «փրայմերիզին» մասնակից բոլոր թեկնածուների մեջ ամենաշատ ձայներն է ստացել։ Եվ կարծում եմ նրա նախկին գործունեության մասին իմ ասած ընտրությունը շատ ավելի խոսուն վկայություն է, քան ձեր թվարկածը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031