Մինչեւ հունվարի վերջը՝ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը, ամերիկաիսրայելական ուժերը փորձելու են Իրանի դեմ գործողությունների գնալ եւ ի կատար ածեն դեռ 2000-ականներից սկսված Մերձավոր Արեւելքի վերաձեւման գործընթացը։ Այս առումով, Հայաստանը կրկին հայտնվում է դամոկլյան սրի ներքո՝ թուրքական յաթաղանի տեսքով․ այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Բանախոսը նաեւ հույս էլ չունի, որ Թրամփի իշխանությունն էականորեն տարբերվող մոտեցումներ է ցույց տալու այս հարցերին։
Աշխարհում տեղի ունեցող վերաձեւումների համատեքստում, դիվանագետը բնավ պատահական չի համարում, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում տարբեր հանդիպումներ են ունենում հայ-թուրքական սահմանին՝ Թուրքիայի տարբեր ներկայացուցիչների հետ։ Իր գնահատմամբ, սա նաեւ ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն աշխատում են անգլոսաքսոնական ցուցումներով․ «Վերջերս տեղեկատվություն եղավ, որ դեռ 1-1,5 ամիս առաջ, մինչ սիրիական զարգացումները, ՀՀ իշխանության ներկայացուցիչները տարբեր հանդիպումներ են ունեցել թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ՝ փորձելով ինչ-որ հարցերի շուրջ համաձայնությունների գալ։ Եվ պատահական չէ նաեւ, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարի կողմից արդեն երրորդ անգամ հայտարարություններ են արվում, որ կան որոշակի համաձայնություններ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» բացելու համար եւ դա իրենց համար կրիտիկական է, ոչ միայն Ադրբեջանի հետ կապը ապահովելու առումով, այլեւ ամբողջ թուրանական աշխարհի հետ կապվելու։ Մեր հանրությունը պիտի հասկանա, որ այդ թուրանական աշխարհը, Աստված մի արասցե, եթե իրականություն դառնա, դառնալու է Հայաստանի եւ հայ ժողովրդի ոչնչացման գնով։ Բոլոր այն ուժերը, որոնք դիմադրելու ցանկություն ունեն, պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները՝ անկախ նրանից, թե դրանք որքանո՞վ խորքային եւ հիմնավոր են, փորձեն ի մի գալ՝ հանուն պետության, ազգի եւ ժողովրդի պահպանության, հանուն այս իշխանության հեռացման, որոնց գոյությունը մեզ համար դարձել է գոյաբանական վտանգ»։
Դիվանագետը չի կարծում, որ Հայաստանից կխփեն Իրանին, բայց չի բացառում, որ Հայաստանն օգտագործվի իբրեւ խայծ՝ Ադրբեջանին՝ Իրանի դեմ գործողությունների մղելու համար եւ արդարացնելու ռազմական գործողությունների արդյունքում «Զանգեզուրի միջանցքը» հանձնելը։ Նա չի բացառում այս անգամ էլ արցախյան սցենարի խաղարկումը։ Նաեւ հավելում է, որ Հայաստանի վրա հարձակումը էական սպառնալիք կլինի ՌԴ-ի համար էլ՝ այդ երկրի համար ցուգցվանգային վիճակ ստեղծելով՝ միջամտե՞լ, իր պայմանագրային պարտավորությունների համաձայն, թե՞ ոչ։ Առաջին դեպքում ՌԴ-ի համար երկրորդ ճակատ է բացվում, երկրորդ դեպքում ՀՀ իշխանությանն իրավունք է տալիս՝ դուրս հրավիրել ՌԴ-ի տարածաշրջանից՝ պատճառաբանելով, որ մեզ նման դաշնակից պետք չէ։ Այս համատեքստում նա պատահական չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ը սպառնալիք է որակում Հայաստանի համար՝ փորձելով իրականություն դարձնել ծրագիրը, ինչի համար բերվել է իշխանության։ Իսկ ծրագրերը հնարավոր է փոխել միայն դիմադրություն ցույց տալով ու այստեղ է, որ մենք մեծ խնդիրներ ունենք․ ժողովուրդը տուրք է տալիս իշխանության՝ դիմադրելու անհնարինության թեզին։ Ըստ Ձյունիկ Աղաջանյանի, եթե մենք չենք ուզում մեկ տարի հետո ճամպրուկները հավաքել եւ հեռանալ մեր երկրից, որպեսզի հերթական սպանդի չենթարկվենք, պետք է համախմբվել եւ հեռացնել ՔՊ-ական իշխանությանը։
Ձյունիկ Աղաջանյանն անդրադարձավ նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակին, ինչի հետեւանքները լինելու են մեր տարածաշրջանում նշյալ զարգացումները՝ նկատելով, որ Սիրիայում արդեն սկսվել են բռնարարքները, որոնք իրականացնող թուրք զինյալների թիկունքին անգլո-ամերիկյան հատուկ ծառայություններն են։ Հանրային շրջանակներում արդեն իսկ նկատվում են ձեւավորվող դիմադրության օղակներ եւ բանախոսը հույս ունի, որ Սիրիան կկարողանա ետ բերել այն ամենն, ինչը կորցրեց։ Իսկ մինչ այդ, կարծում է, որ կտեսնենք տասնյակ մարդկանց սպանդ, ահագնացող արտագաղթ․ այս անգամ երկիրը լքելու են նաեւ բանիմաց, գրագետ մարդիկ, ովքեր ինստիտուցիոնալ աշխատողներ էին, պահում էին պետությունը․ «Նրանք պիտակվելու են Ասադի ռեժիմի սպասարկուներ։ Դաժան ու ցավալի զարգացումների ականատես կլինենք»։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, ըստ դիվանագետի այժմ շատ դրամատիկ զարգացումների շրջան ենք ապրում եւ այն, ինչը շատերը համարում էին, որ 21-րդ դարում անհնարին է՝ գոյություն ունեցող պետությունների լուծարումը, մենք տեսնում ենք թե ինչպես է իրականություն դառնում՝ ամենակեղտոտ սցենարների իրականացման արդյունքում․ «Սիրիա պետությունը այն տեսքով ու կազմով, որ մենք գիտեինք, այլեւս գոյություն չունի։ Սիրիան վերածվել է Աֆղանստանի եւ հաջորդող տասնամյակների ընթացքում այդ պետությունը հազիվ թե կարողանա ոտքի կանգնել եւ կենդանության նշաններ ցույց տալ»։
Հիշեցնենք, որ Սիրիայի շուրջ զարգացումները սկսվել էին դեռ 2044 թվականին՝ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրի սպանությունն անհասկանալիորեն Սիրիայի վրա բարդելով, ինչը սրեց թե Սիրիա-Լիբանան հարաբերությունները, թե Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու լեգիտիմ հիմք տվեց։ Այնուհետ, 2011-12-ին Սիրիան մեղադրվեց քիմիական զենք արտադրելու օգտագործելու մեջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ