Լրահոս
Օրվա լրահոսը

10-ամյա ռազմական արշավ. ինչ խոստումներով ՌԴ-ն մտավ Սիրիա, ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիրներ». Նանե Մանասյան 

Դեկտեմբեր 13,2024 16:29

2024 թվականի դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալ ընդդիմադիրների կողմից մայրաքաղաք Դամասկոսի գրավումով տապալվեց նախագահ Բաշար Ասադի վարչակարգը Սիրիայում․ նա իր ընտանիքի հետ լքեց երկիրը՝ ապաստան ստանալով Ռուսաստանի Դաշնությունում։

Համաձայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Ասադին ապաստան տալու որոշումը կայացրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն էլ, պաշտոնապես հաստատելով այդ տեղեկությունը, նշել էր«Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում ընկերներին»։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է խոստումները, որոնք տրվել են ՌԴ նախագահի կողմից Ասադին ու Սիրիայի ժողովրդին`Սիրիական հակամարտությանը ներգրավվելուց ի վեր, ինչպես նաև ի մի է բերել երկու երկրների միջև կնքված ռազմաքաղաքական պայմանագրերի էությունն ու դրանցում Դամասկոսի նկատմամբ Մոսկվայի ստանձնած հիմնական պարտավորությունները։

Ինչ խոստումներով ՌԴ-ն մտավ Սիրիա

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ներգրավվել է Սիրիական հակամարտությանը 2015 թվականի սեպտեմբերին՝ դառնալով Ասադի հիմնական դաշնակիցն ու մեծ դեր ունենալով նրա իշխանության պահպանման գործում՝ երկրում բռնկված ու ավելի քան մեկ տասնամյակ տևած արյունալի քաղաքացիական պատերազմի ընթացքում։

Պուտինը հակամարտությանը ռուսական կողմի ներգրավումը մշտապես բացատրել է  Սիրիայի լեգիտիմ իշխանության աջակցության, երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության, սիրիացի ժողովրդի իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ։

Ի պատասխան Ասադին հեռացնելու Արևմուտքի պահանջին՝ ՌԴ նախագահը տարբեր առիթներով պնդել է, որ Ասադը «լեգիտիմ առաջնորդ է»։

«Արևմտյան երկրները փորձում են ուժով փոխել կառավարությունները Մերձավոր Արևելքում՝ առանց հաշվի առնելու այդ երկրների ինքնիշխանությունը։ Նրանց գործողությունների հետևանքները՝ Իրաքում և Լիբիայում, ցույց են տալիս, որ նման մոտեցումն աղետալի է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Սիրիայում նույնը կրկնվի»,- ասել էր Պուտինը։

ՌԴ նախագահը շեշտում էր նաև, որ «Բաշար Ասադի կառավարության հրավերով» ռուսական կողմը հանձնառու է պաշտպանել Սիրիայի ինքնիշխանությունը։

Հակամարտությանը ներգրավվելուց ի վեր Պուտինը մշտապես ընդգծել է, որ  Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում «ուղղված են ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին»։ 

«Մենք պաշտպանում ենք Սիրիայի կառավարությանը, քանի որ այն հիմնական ուժն է, որը կարող է կանգնեցնել ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ «Իսլամական պետության» ու այլ ծայրահեղականների տարածումը»,- նշել էր ՌԴ նախագահը։

Ռազմաբազաներ Սիրիայի տարածքում՝ անվտանգության երաշխիքի դիմաց

Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից և դրան Մոսկվայի ներգրավումից ի վեր՝ կողմերի միջև կնքվել են ռազմաքաղաքական բնույթի երկու հիմնական պայմանագրեր, որոնցով հաստատվել ու ընդլայնվել է ռուսական ռազմական ներկայությունն այդ երկրի տարածքում։

Այդ պայմանագրերով, ըստ էության, ռուսական կողմը ստանձնում էր Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու ահաբեկչությունից քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման պարտավորություններ։

2017 թվականին Մոսկվան ու Դամասկոսը ստորագրեցին համաձայնագիր, որով 49 տարով անհատույց ՌԴ-ին էր տրամադրվում սիրիական Տարտուս նավահանգիստը՝ ռուսական ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման համար:

Դրանով սիրիական կողմն անհատույց օգտագործման տարածք էր փոխանցում ռուսական կողմին

Ըստ համաձայնագրի, ժամկետն ավտոմատ երկարաձգվում էր հետագա 25-ամյա ժամանակահատվածներով, եթե կողմերից ոչ մեկը առնվազն մեկ տարվա ընթացքում մինչև հերթական ժամանակահատվածի լրանալը դիվանագիտական խողովակներով գրավոր չէր տեղեկացնում համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրով ռուսական ռազմական նավերի առավելագույն քանակը, որոնց թույլատրված էր միաժամանակ գտնվել Տարտուսում, 11 միավոր էր՝ այդ թվում նաև միջուկային էներգետիկ սարքավորմամբ ռազմական նավերը:

Համաձայնագրի 9-րդ հոդվածով ռուսական կողմն իր ռազմական բազայում օժտվել էր բացարձակ ինքնիշխանությամբ, այն է՝ ռազմաբազայի անձնակազմը անձեռնմխելի էր սիրիական կողմի համար և դուրս էր Սիրիայի օրենսդրությունից։

Ռուսական կողմը հանձնառու էր ապահովել Տարտուսի նավահանգստի պաշտպանությունը և աջակցել հարակից շրջանի անվտանգությանը՝ ուղղակիորեն նպաստելով Սիրիայի ռազմական և ռազմավարական կայունությանը:

Ռուսաստանը հանձնառու էր ֆինանսավորել ռազմածովային բազայի ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաև տեղական ենթակառուցվածքների սպասարկումը։

2-րդ ռազմաբազան՝ Հմեյմիմի ավիաբազայում

ՌԴ-ն Սիրիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնեց նաև Լաթաքիայի նահանգում գտնվող՝ ռազմաօդային ուժերի շահագործման համար նախատեսված Հմեյմիմ ավիաբազայում սեփական ուժերի տեղակայմամբ։

 

 

Ասադն ու Պուտինը՝ Հմեյմիմ ավիաբազայում 2017 թվականին։ Լուսանկարը՝ Kremlin.ru-ի

Այս պայմանագրով ևս ռուսական ստորաբաժանումներն իրենց անհատույց տրված ռազմաբազայում ունեին լիակատար օպերատիվ վերահսկողության իրավունք, այն է՝ անձնակազմն օժտված էր անձեռնմխելիությամբ, և դրա գործունեությունը դուրս էր սիրիական օրենսդրությունից։

Համաձայնագիրը ռուսական ուժերին նաև ընդլայնվելու իրավունք էր տալիս, ինչից Մոսկվան օգտվել էր հետագա տարիներին։

Ռուսական կողմի պարտավորություններն այս համաձայնագրի դեպքում ևս ենթադրում էին ավիաբազայի անվտանգության ապահովում ու ենթակառուցվածքների զարգացում, աջակցություն Սիրիայի կառավարական ուժերին՝ ընդդեմ ապստամբ ուժերի։

Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիրներ»

Ասադի վարչակարգն ու ժողովրդին ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու խոստումներով Սիրիա մտած պաշտոնական Մոսկվան օրերի ընթացքում երկրի հյուսիսից Դամասկոս հասած զինյալներին դադարեց որպես ահաբեկիչներ որակել։

Մասնավորապես, այդ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի դաշնակից Ասադի վարչակարգը տապալած ուժերի մասին խոսելիս սկսել է օգտագործել «ընդդիմադիր խմբավորումներ» եզրույթը։

Ավելին, Ասադի վարչակարգի տապալումից հետո Մոսկվայում Սիրիայի դեսպանատան՝ Ասադի իշխանության ժամանակահատվածի դրոշը փոխարինվեց ընդդիմության դրոշով։

Այսպիսով, ռուսական կողմը մտավ Սիրիական հակամարտության մեջ և մի շարք կարևոր համաձայնագրեր ստորագրեց՝ իր բնորոշմամբ Ասադի լեգիտիմ վարչակարգի տապալումը թույլ չտալու, երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու, Սիրիայի ժողովրդին՝ իր որակմամբ ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու նպատակով։

Սակայն դրանցից և ոչ մեկը, փաստացի չի կատարվել․ վերջնարդյունքում Ասադի վարչակարգը տապալված է, իսկ «ահաբեկիչները», որոնցից ժողովրդին պաշտպանելու հանձնառություն ուներ Մոսկվան, այժմ «ընդդիմադիր ուժեր» են։

Նանե Մանասյան 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031