Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկում են գործող կարգավորումների մասով ևս փոփոխություններ նախաձեռնել

Դեկտեմբեր 13,2024 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեռեւս 2019 թվականին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Ազգային ժողով-փոքր ու միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ, որի ստեղծման նպատակը պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ երկխոսության ամրապնդումն է:

Հանձնաժողովին կից ստեղծված հարթակը ծառայում է ոլորտի խնդիրների համակողմանի քննարկմանն ու վերհանմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ օրենսդրական վերանայումների իրականացմանը:

Դեկտեմբերի 13-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախագահությամբ խումբը գումարել է հերթական՝ 11-րդ նիստը:

Աշխատանքային խմբի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ու Հարկային օրենսգրքի կարգավորումներին:

Առաջարկվել է սահմանել պարտադիր պահանջ, որով 10.000-ից ավելի ՓՄՁ-ներին վերաբերող նախագծերը պարտադիր ենթարկվեն օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման: Դա հնարավորություն կտա հասկանալու, թե օրենսդրական փոփոխությունն ինչպես է ազդելու տնտեսության ու բիզնեսի վրա:

Հաջորդ առաջարկը վերաբերել է առեւտրաարդյունաբերական պալատներին, միություններին եւ ասոցիացիաներին վճարվող անդամավճարներին: Առաջարկվում է դրանք հարկային ծախս դիտարկելու հնարավորություն ստեղծել: Տեսակետ է հնչել, որ անդամավճարների մասով որոշ սահմանափակումներ կան, որոնք երբեմն նույնացվում են նվիրատվության հետ, մինչդեռ անդամավճարը նվիրատվություն չէ:

Հարկային օրենսգրքում ընդունված նոր կարգավորումների համաձայն՝ մի շարք ոլորտներ շրջանառության հարկի համակարգից տեղափոխվել են ավելացված արժեքի հարկման դաշտ եւ մասնագիտական ծառայություններ մատուցող մի շարք ոլորտների համար (իրավաբաններ, հաշվապահներ, փաստաբաններ եւ այլն) սահմանվել են այլ չափանիշներ: Այս հարցում եւս ՓՄՁ ներկայացուցիչները ռիսկեր են տեսնում եւ առաջարկում օրենքի ընդունման ժամկետը որոշ ոլորտների համար երկարաձգել մինչեւ 2025 թվականի ավարտը: Նրանք նաեւ առաջարկում են արդեն գործող կարգավորումների մասով եւս հնարավորության շրջանակում փոփոխություններ նախաձեռնել:

Սոցիալական ձեռնարկատիրությունն իրավական տարբերանշանով ճանաչելու առաջարկ է հնչել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ ՓՄՁ բնագավառի խնդիրները մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եւ առաջիկայում եւս կկազմակերպվեն կառուցողական քննարկումներ՝ բարձրացված հարցերի առնչությամբ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով: Իսկ մինչ այդ հնչած առաջարկները պատասխանատու կառույցներին ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031