Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու զրուցել:
Վարչապետը նախնական ընտրությանն՝ այսպես կոչված «փրայմերիզին» ամենաշատ ձայներ հավաքած Սարիկ Մինասյանին նշանակեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, իսկ Դավիթ Առուշանյանի թեկնածությունն առաջադրեց Շիրակի մարզպետի պաշտոնում։
Հանդիպումից անմիջապես հետո Սարիկ Մինասյանը եկավ Գյումրու քաղաքապետարան, որտեղ նրան քաղաքապետարանի աշխատակիցներին ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Կարդացեք նաև
Սարիկ Մինասյանը բնականաբար նոր անձ չէ այդ նույն քաղաքապետարանի աշխատակիցների համար, նրանցից մեկն է․ Սամվել Բալասանյանի օրոք 2013-2017 թվականներին նա զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
Սարիկ Մինասյանը իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ուրախ է նրանց նորից տեսնելու, շատերի հետ բավական երկար ժամանակ աշխատել է։
«Այն համայնքային ծառայողները, որոնք իրենց աշխատանքում դրսևորել են ճիշտ, մարդկային, համայնքային ծառայողի պարտականության շրջանակում կկարողանաք աշխատել,և երկու ամիս տևած ճգնաժամային իրավիճակից միահամուռ դուրս կգանք, և բոլորս միասին մեր Գյումրին էլ ավելի կշենացնենք»,-ասաց Սարիկ Մանասյանը։
Նախարարն իր հերթին վստահություն հայտնեց, որ Սարիկ Մինասյանի պաշտոնավարման ընթացքում առաջիկա ամիսներին Գյումրիում կարձանագրվեն շոշափելի դրական փոփոխություններ։
Նա շնորհակալություն հայտնեց նաև քաղաքապետարանի աշխատակիցներին՝ քաղաքը բնականոն հունի մեջ պահելու համար։
Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ նաև Բալասանյանների իշխանությանը՝ անուններ չտալով։ Նշեց, որ նրանք այս տրամաբանությունից դուրս են աշխատել, այս ամենը իրենք տեսնում են ու համապատասխան գնահատական հնչեցնում։
Նախարարը նաև նշեց, որ բարդ իրավիճակ է և որ խնդիրները մինչև տարեվերջ իրենց լուծումը պետք է ստանան։ Նա հույս հայտնեց, որ Սարիկ Մինասյանի գլխավորությամբ այդ խնդիրներն իրենց լուծումը կստանան։ Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ ավելի լավ ժամանակներ են լինելու Գյումրիում։
Քաղաքապետարանի աշխատակազմը Սարիկ Մինասյանին դիմավորեց ծափողջյուններով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ