Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա. Էլինար Վարդանյան

Դեկտեմբեր 13,2024 15:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս»

Մի քանի օրից ՀՀ քաղաքացին մուտք կգործի անորոշությունների նոր 2025 թվականը։ Իշխանությունը քաղաքացու համար նախապատրաստել է մի ամբողջ փաթեթ փոփոխսւթյուններ, որոնք ծանրացնելու են նրա կյանքը և վատացնելու են յուրաքանչյուրի ընտանիքի բարեկեցությունը։

Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա։

1.Հաջորդ տարվանից գույքահարկի մասին օրենքը կգործի 75 տոկոսի չափով, իսկ 2026-ին ամբողջությամբ։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի իրական բեռը։ Իշխանություններն, օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ.-ին, սակայն, ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։ Օրինակ՝պայմանական 85 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի համար հաջորդ տարի կգանձվի 177000 դրամ, 2026-ին՝ 236000։ Ավելի թանկ գույքի դեպքում թվերը աստղաբաշխական են լինելու։

 

2.Հունվարի 1-ից թանկանալու է տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագները։ Սա ոչ միայն լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնելու քաղաքացիների համար, այլ կարող է բերել շղթայական թանկացումների։ Կթանկանա տաքսիների ուղեվարձը։ Տրանսպորտի թանկացումը ազդելու է նաև հաջորդ տարվա գնաճի վրա, ըստ ԿԲ նախագահի սակագների փոփոխությունը կազդի գնաճի վրա մինչև 0.5տոկոս։ Դրան զուգահեռ չեն աճելու կենսաթոշակների անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձերի չափերը։

 

3.2025 թ.հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի գերազանցի 750 հազար դրամը:

 

4.2025 թվականի հունվարի 1-ից հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկ վճարողը կամ հարկային գործակալը կվճարի տույժ 0.075 տոկոսի չափով՝ ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն։

 

5.Հարկային օրենսգրքում առաջին ընթերցմամբ կատարված փոփոխություններով 2025թ.հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից /շրջհարկից/ կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ։ Այդ մասնագիտությունների շարքում են մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական և հաշվապահական գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն։ Շուրջ 13000 տնտեսվարողի հարկերը բարձրանալու են 6 անգամ՝ 5 տոկոսից 31,67 տոկոս: Սա, իհարկե, կբերի ծառայությունների թանկացման։ Իրենց ծառայություններն ու ապրանքը կթանկացնեն նաև այն ընկերությունները, որոնք օգտվում են այս ծառայություններից։ Արդյունքում տուժելու է սովորական քաղաքացին։

Կամ էլ գնալու են այլ ճանապարհով՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

 

6.2025թ.կպահանջվի 1.117.1 մլդ դրամ պետական պարտքի մարման և սպասարկման համար։ 723.0 մլդ դրամը կկազմի պարտքի գծով մարումները, 394.1 մլդ դրամը՝ տոկոսավճարների։ Եվ սա արվելու է հերոս հարկատուների վճարած հարկերի հաշվին, մինչդեռ բաց է մնում ստացված վարկերի արդյունավետության և նպատակայնության հարցը։ Թե ինչի վրա է ծախսվել և արդյոք արդյունավետ է ծախսվել 12 մլրդ 644 մլն դոլարի հասնող պետական պարտքը, քաղաքացին ինքը պետք է դատի։

 

7.Առանձին քննարկման թեմա է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցը.վերջիններս հաջորդ տարի հայտնվելու են սոցիալական բարդ վիճակում։ 2024թ.շահառուները կշարունակեն ստանալ աջակցություն մինչև մարտ ամիսը ներառյալ։ Ապրիլից սոցիալական աջակցություն կտրամադրվի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցողներին, 63 և ավելի տարեկաններին, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին, մինչև 18 տարեկան երեխաներին։ Սոցիալական աջակցության ամսական չափը ապրիլից մինչև հունիսը ներառյալ՝ կլինի 40000 դրամ, իսկ հուլիսց մինչև դեկտեմբերը ներառյալ՝ 30000 դրամ։ Մնում է հասկանալ ի՞նչ է փոխվել Արցախցիների կյանքում.արդյոք, բոլորին ապահովե՞լ են աշխատանքով, թե այս խմբերից դուրս մարդիկ ապրելու և բնակարանի խնդիր չունեն կամ չեն ունենալու հաջորդ տարի։

8.Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Չեմ բացառում, որ կառավարությունը հաջորդ տարի կրկին կհիշի «խոպանչիներին»։

Հարկ վճարելը քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանը։ Այս տեմպերով բարեկեցության մասին խոսք լինելչի կարող։

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031