Հայաստանում պաշտոնական թվերով աշխատանքի է տեղավորվել 25 հազար արցախցի, սա գրանցված աշխատողների թիվն է։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը՝ նշելով, որ նրանց մի մասը արհմիությունների միջոցով են կարողացել աշխատանք գտնել։
Արցախցիներից ոչ բոլորն են կարողանում հեշտությամբ օգտվել ՀՀ կառավարության զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրից։ «Բյուրոկրատիայի հետ կապված խնդիրներ ունենք շատ դեպքերում, անձնագիր են պահանջում, որը մարդը չունի, որովհետեւ հազիվ կարողացել է մազապուրծ փախչել՝ առանց փաստաթղթերի։ Խնդիր կա նաեւ նրանց կարգավիճակի հետ կապված՝ ի վերջո, այս մարդիկ ի՞նչ կարգավիճակ ունեն, ուզո՞ւմ են լինել ՀՀ քաղաքացի, թե՞ փախստականի կարգավիճակով պետք է ապրեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ չունեն բռնի տեղահանվածները։ Իրենք երկար չեն կարողանալու այս կարգավիճակում ապրել։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համար շատ կարեւոր է, որպեսզի բռնի տեղահանվածները չորոշեն արտագաղթել ՀՀ-ից, այլ իրենց ապահով զգան ու այստեղ ապրեն ու արարեն։ Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի պահենք նրանց ՀՀ-ում՝ ապահովելով զբաղվածությամբ»,- ասաց Էլեն Մանասերյանը։
Արհմիությունների կոնֆեդերացիան նաեւ զբաղվում է բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանությամբ։ Հիմնականում կենսաթոշակային հարցերին վերաբերող խնդիրներ են բարձրաձայնում մարդիկ։ «Այսօր բռնի տեղահանվածները կենսաթոշակի հաշվարկների հետ կապված խնդիր ունեն, հատկապես այն ժամանակահատվածի համար, երբ ԼՂ-ում 1990-ականներին եղել է պատերազմական իրավիճակ։ Փաստորեն մարդիկ ՀՀ պատկան մարմիններին չեն կարողանում ներկայացնել տեղեկանքներ այն մասին, որ այդ տարիներին իրենց համար հաշվարկվել ու վճարվել են համապատասխան հարկերը։ Եվ այսօր փաստորեն նրանց այդ տարիների համար չի հաշվարկվում որեւէ կենսաթոշակ։ Խնդիրներ կան նաեւ՝ կապված աշխատավարձերի հետ, արցախցիների մի մասը չեն կարողանում ստանալ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա աշխատավարձերը։ Բնակարանային հարցերի հետ կապված խնդիրներ եւս կան»,- ասաց Էլեն Մանասերյանը։
Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան եւ Աշխատանքի Միջազգային կազմակերպությունը դեկտեմբերի 12-13-ը անցկացրեցին «Կարողությունների զարգացումը բռնի տեղահանված անձանց կարիքների արձագանքման, ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատողների կազմակերպման և արհմիություններում ինտեգրման համատեքստում» թեմայով քննարկումը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ