Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրականությունը՝ չինարեն

Դեկտեմբեր 13,2024 15:05

Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները:

Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ» երկերը։ Այս բոլոր գրքերը ցուցադրվել են Պեկինի գրքի միջազգային ցուցահանդեսում:

Առաջիկայում հայերեն լույս կտեսնեն Շըն Ցոնվընի «Սահմանային քաղաք», Լու Սյունի «Պատմվածքներ», Ցիեն Ճոնշուի «Պաշարված ամրոցը» և մի շարք այլ գործեր:

2025 թվականին չինարեն հրատարակելու համար չինական կողմն արդեն սկսել է Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները», Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան», Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքներ» գրքերի թարգմանության աշխատանքները:

Մինչև 2025 թվականի տարեվերջ հայերեն լույս կտեսնեն Ա Չընի «Ծառերի արքան», Ցաու Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշնի «Ես և երկրի տաճարը» գրքերը:

Սա լայն հնարավորություն է ընձեռում չինացի ընթերցողներին հայ դասական գրականությանը, իսկ հայ ընթերցողին՝ չինական գրականությանը փոխադարձաբար համակողմանիորեն ծանոթանալու:

2026 թվականին և դրան հաջորդող տարիներին, համաձայն պայմանավորվածության, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները,  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի և պոեզիայի անթոլոգիաներ:

Հուշագրով սահմանված աշխատանքներին հետևելու համար օրերս Հայաստան էր  այցելել ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի, «Գրանիշ», «Արևիկ», «Էդիթ պրինտ» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:

Չինաստանից ժամանած հյուրերն այցելել են նաև Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում է չինարենի խորացված ուսուցում:  ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի գրադարանին են նվիրաբերվել հայերենից չինարեն թարգմանված գրքեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031