«Բոլոր այն կանխատեսումները, որ Արցախը կհայաթափվի, տեղի են ունեցել: Ինչ կանխատեսել եմ՝ ասելով, թե սրա մեջ մեղավորներն ովքեր են, իրենց իշխանության օրոք տեղի են ունեցել: Բա ինչո՞ւ ինձ ազգային հերոսի կոչումով չեն պարգեւատրում, թե ոնց ես կարողացել 4 տարվա տարբերությամբ կանխատեսել, որ Արցախը կհայաթափվի, սա տեղի կունենա, նա տեղի կունենա: Էդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւմն եմ սուտ մատնություն արել, որտե՞ղ եմ հաղորդում տվել: Ընդ որում, որ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ՝ արդեն գրված է եղել մամուլում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով սուտ մատնության, բռնության կոչեր հնչեցնելու դրվագներով իրեն մեղսագրվող արարքներին:
Հիշեցնենք, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց Իսագուլյանի գործով դատաքննությունը` դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ:
«Մյուս դրվագներով էլ կան արդեն դատավճիռներ Հոխիկյանի, Լապշինի հետ կապված խնդիրները կան: Բա տուժողներն ո՞ւր են: Վլադիմիրը ո՞նց է տուժել, մինչեւ հիմա ուզում եմ հասկանալ: Եթե Ուկրաինայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ, էդ հանդիպելը ի՞նչ սուտ մատնություն կարող է լինել… գալիս է էստեղ, ազատ ֆռֆռում է, էլ աղջկա հարսանիք, էլ տոնածառ, էլ գիշեր-ցերեկ, բայց դատարան ներկայացուցիչ է ուզում ուղարկել, թող ուղարկի հասկանանք՝ սուտ մատնությունը որտեղ էր»,- զարմացավ Իսագուլյանը:
Նա նկատեց, որ Փաշինյանի կոչերը, որոնք նույնիսկ հետեւանք ունեցան, իրավապահները գնահատական այդպես էլ չտվեցին. «Նրա կոչերը ժողովրդի վրեժ, հետեւանք ունեցան, ֆորմա հագած ինչ-որ անասուններ հավաքվեցին Հանրապետության հրապարակում, գրոհեցին մարդկանց վրա… աբսուրդի թատրոնում ենք» :
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին: Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն, կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ