«Նոր չէ, որ տարածաշրջանն ապրում է այս վայրիվերումները, որտեղ յուրաքանչյուր երկիր իր բաժինն է ստանում: Մինչ այդ հին-նոր ծրագիր էր առաջ քաշվում, որն է՝ Մերձավոր Արեւելքում Իսրայելին սպառնացող երկրներ չպետք է լինեն: Այդ է պատճառը, որ Իրաքը խայտառակ վիճակում է, նույնը Հըզբոլահի պարագան էր Լիբանանում, նույնը սկսվեց Սիրիայում արաբական գարունով, հետո շարունակվեց՝ հասնելով Ասադի իշխանափոխությանը: Մի խոսքով, այս երկրները հայտնվեցին այնպիսի վիճակում, որ այս պահին այլեւս չեն կարող Իսրայելին սպառնալ»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Բեյրութի «Զարթոնք» պարբերականի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Իսրայելը տարածաշրջանում ոստիկան կարգվելու առաքելություն ունի, պետք է ոստիկանի դերը խաղա 4 կողմում եղած երկրների մեջ՝ արտաքին եւ ներքին խնդիրները հավասարակշռելու եւ իր՝ ապահով մնալու առումով»,- հավելեց նա:
«Սիրիայի պարագայում տակավին անհասկանալի է, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ, եւ այն էլ այսքան արագ՝ առանց դիմադրության ու առանց արյունահեղության: Լիբանանի պարագայում զինադադար է, որը հարյուր անգամ խախտվում է Իսրայելի կողմից: Գյուղացիները չեն կարողանում իրենց գյուղերը վերադառնալ, Իսրայելի բանակը մնում է այն վայրերում՝ Լիբանանի հարավում եւ բոլոր այն տարածքներում, որտեղ ներխուժել էր: Այսինքն` այնպիսի զինադադար է, որի նմանները շատ ենք տեսել Լիբանանում»,-հավելեց բանախոսը:
«Զարթոնք» պարբերականի գլխավոր խմբագրի ձեւակերպմամբ, Սիրիայում ստեղծված վիճակը, իշխանության կարծր ձեւի փոփոխությունը կարելի էր կանխել, եթե իշխանությունները կարողանային ժամանակին կատարել բարեփոխումներ, օգտվել այն ժամանակաշրջանից, երբ Սիրիային օգնության էին հասել Ռուսաստանն ու Իրանը: «Սիրիայի ներսում խնդիրները 2011-ից չեն սկսել, Սիրիայում միշտ էլ եղել են ներքին խնդիրներ… Այնտեղ միշտ եղել են ձախակողմյան թեւեր, որոնք գաղափարական իմաստով դեմ էին Սիրիայի իշխող կուսակցությանը: Ձախակողմյան թեւերը միշտ էլ հարցեր էին ստեղծում, բայց իշխանությունը կարողանում էր իր գլուխը պահել՝ նրանց ղեկավարներին բանտարկելով, ճնշելով, աքսորելով»,- փաստում է «Զարթոնքի» գլխավոր խմբագիրը :
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Սիրիան գրաված զինյալները ներկայումս դեմոկրատ երեւալու համար իրենց կերպարի ռեբրենդինգով են զբաղված, միեւնույն ժամանակ՝ վարչապետ է նշանակվել մի մարդ, որի մասնագիտությունն իսլամն է, նախարարներ են նշանակվել, որոնք հեռու չեն ծայրահեղական գաղափարներ ունենալուց: Նա ընդգծում է, որ դեռ պարզ չէ, թե այս ամենը որքան կտեւի, հատկապես որ իրական իշխանափոխությունն անողը ոչ թե Ջուլանի անունով երիտասարդն է, այլ դրան նպաստել են մի շարք գործոններ՝ ներառյալ թուրքականն ու քրդականը;
Սեւակ Հակոբյանի ձեւակերպմամբ, այժմ մեղրալուսնի վիճակ է , որից պետք է օգտվի հայկական համայնքը՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար, որովհետեւ իր տպավորությամբ, Սիրիայի ներկայիս փխրուն ներքին կայունությունը չի կարող երկար ձգվել:
Ասուլիսի ժամանակ հայկական համայնքի տարհանմանն էլ անդրադարձ եղավ. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից օրերս հայտարարել էին, թե սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։
«Սփյուռք ունենալը չպետք է լինի ինքնանպատակ, եթե հիմնական նպատակակետը հայրենադարձությունն է, պետք է դա իրագործվի հատկապես այս տեսակ օրերում, որովհետեւ Սփյուռքը չի կարող երկար գոյատեւել, այս խաղը երկար չի կարող շարունակվել: Ինչ վերաբերում է տարհանմանը, ոմանք մեղադրում են Հայաստանի դեսպանությանը, թե ինչու մյուս պետությունների դեսպանությունների նման տարհանում չիրագործեց, սակայն պետք է նշել, որ Սիրիայում կամ Լիբանանում ապրող բոլոր հայերը չէ, որ ՀՀ քաղաքացիներ են: Բացի դրանից՝ տարհանում կազմակերպելը միայն ՀՀ կառավարության խնդիրը չէ, Լիբանանի հայ համայնքն էլ նման չէ այլ համայնքներին, այստեղ կա եկեղեցի, կուսակցություններ, կառույցներ, տեղի ղեկավարներն էլ պատասխանատու են այս ամենի համար, եւ հայրենադարձությունը նաեւ պետք է քաջալերվի տեղի ղեկավարության կողմից եւ ոչ թե ժամանակավոր համակերպումներով ժամանակ շահվի՝ մինչեւ ամեն իմաստով անհնար լինի համայնքը պահելը:
Եթե ՀՀ նախկին իշխանություններն իրենց հասկացածի չափով ինչ-որ բաներ փորձում էին անել ժամանակին, ինչպես եղավ 2011-ի հոսքը, ՀՀ այսօրվա իշխանությունն ընդհանրապես հետաքրքրված չէ Սփյուռքով, ինչի չափանիշը Սփյուռքի նախարարության լուծարումն է, եւ եթե կար Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայտարարությունը, որ դեկտեմբերի 14-ից տարհանում պետք է կատարվեր, արդեն այսօր այդ մասին նյութ էլ չկա:
Ընդհանրապես Հայաստանի իրարուհաջորդ կառավարությունները ձախողել են հայրենադարձության ծրագիրը մշակելու մեջ՝ Անկախության առաջին օրվանից: Եվ այսօր Սիրիայի ու Լիբանանի մասին ենք խոսում, բայց ցավոք, ամբողջ Մերձավոր Արեւելքի հայությունն է պարտվել»,-ասաց Սեւակ Հակոբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սեւակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից