Եղանակային գործոններով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումները ս․թ. դեկտեմբերի 12-ից անցել են ուժեղացված ծառայության։
Հանրապետության մի շարք միջպետական և համայնքային ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն: Ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին և ուղևորներին օգնություն ցուցաբերելու և անվտանգությունն ապահովելու նպատակով տեղում շուրջօրյա աշխատանքներ են իրականացնում փրկարարները։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17։00-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացրած շրջայցերի և հերթապահությունների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 105 տրանսպորտային միջոց և 230 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
Փրկարարական ծառայողները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված առաջադրանքները։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն