«Հենց հիմա մի հոգուն 3 պարեկ է հասնում, գյուղացիքին տարան քաղմաս, իրենց մի տարվա աշխատանքն էլ տարան վառելու, 1 մլն 800 հազար դրամ, ամբողջ տարվա աշխատանքը, էդ մարդը կենդանիներին պահել է, մորթել է, բերել է ծախելու, հիմա ասում են՝ տանում են վառելու: Չնայած ոչ մեկ չգիտի, կվառեն, թե չեն վառի, նոր տարի է, կտանեն տոլմա բան կսարքեն, լավ էլ իրենք կուտեն»,- «ԳՈւՄ»-ի շուկայում մսավաճառների ցույցից ուղիղ եթեր մտած մի տիկտոկեր է հայտնում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, փակել են «Գումի» շուկայի մսի կրպակները՝ սանիտարական նորմերի խախտումների, ոչ սպանդանոցային միս վաճառելու համար։
Կարդացեք նաև
«Գումի շուկան երբեք չի բավարարել սանիտարահիգիենիկ նվազագույն պահանջները, ամեն օր քաղաքացիներից բողոքներ ենք ստանում»,-հայտնել է ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ըստ որի՝ շուկայում ստուգման արդյունքում հայտնաբերվել է պահանջներին չհամապատասխանող մեծ ծավալի մսամթերք, որը կոչնչացվի։
Մսավաճառները դժգոհում են, որ իրենց միսն առգրավել են, առանց փաստաթղթավորելու են տարել: Անգամ բերման ենթարկելու համար մի մսավաճառի աչքերին գազ փչեցին, ընդ որում՝ ոստիկանների մի մասը քաղաքացիական հագուստով էր: «Նստա ավտոն, աչքերդ չկլորցնես»,- մսավաճառներից մեկին սպառնաց բարբառախոս կարմիր բերետավորներից մեկը: Իսկ ոստիկանները լրագրողին չպատասխանեցին, թե ինչու են քաղաքացու աչքերին գազ փչել:
Սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչը, որը խուսափում էր նկարահանվելուց ու հարցերին պատասխանելուց, ընդամենն ասաց, որ օրենքով են շարժվում: Նա չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե որքան միս են առգրավել եւ ինչու են առանց փաստաթղթավորելու տարել:
Շիրակի մարզից մի մսավաճառ նշեց, որ իրենց մոտ չկան սպանդանոցներ, դրա համար էլ միսը բերել է Երևանում վաճառելու: Նա իր վրա բենզին էր լցրել եւ սպառնում էր ինքնաhրկիզվել, եթե խնդրին լուծում չտան. «Ինձանից միսն առգրավել են, ինչ է թե «բոյնիի» (սպանդանոցի) թուղթ չունեմ, ավելի լավ է՝ ինձ վառեմ, քան թե էս միսը իմ ձեռքից տանեն: Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օր առաջ մի միլիոնի միս են վերցրել, էսօր 800 հազարի: Չկա՛ սպանդանոց, ի՞նչ անեմ…»,-ճարահատ ասաց նա:
«Մեր միսը տվեք, գնանք տուն: Մի քանի ջանդակ էլ տարել են, հենց մեկը իմը, ոստիկանները չեն թողել, որ մոտենանք մեր մսին, ասել են՝ մի դիմադրի, մեկ է՝ տանելու ենք, վառենք, ասում ենք՝ ի՞նչ երաշխիք, որ վառելու եք, կարող է՝ տանում եք մեջ-մեջ անեք: Մի ջանդակ միս՝ 500-600 հազարի կարգի հենա տարան, ասում եմ՝ նստեք մեքենաս, գնանք Վեդի, ցույց տվեք Վեդիում «բոյնի» կա՞, նոր ինձ տուգանեք, մի միլիոնի տեղը 6 միլիոն տուգանեք»,-ասաց մեկ ուրիշ մսավաճառ:
Ի դեպ, քաշքշուկից մսավաճառներից մեկի սիրտը վատացել էր, սակայն նրան օգնություն չէր ցուցաբերվում:
«ԳՈւՄ»-ի շուկայի տարածքից 7 մարդ է ձերբակալվել՝ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով։ ՆԳՆ-ից հայտնել են, որ կանխել են մսավաճառի հրկիզման փորձը. «ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից»:
ՄԻՊ-ը տարածել է հաղորդագրություն. «Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:
Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թէ որ, հանրային առողջապահութեան արդարացի մտահոգութեամբ, տանում ու այրում են վատառողջ միսերը, ուրեմն բոլոր ժամանակների «ՄԻՍ Արմինեա»ները, վայրկեան առաջ թող հըլա փախչին երկրէն… իրենց հետ տանելով 18ից 35 տարեկան հայաստանցի բոլոր կարծեցեալ «երգչուհիները» (անոնք որոնք արդէն ապաստանած չեն՝ Լոս)…