Առանց հիմնավոր պատճառի, քվեարկության կարգը խախտելով՝ Կոմպոզիտորների միությունն ամիսներ առաջ իր անդամին՝ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանին հեռացրեց միության շարքերից։
Հատկանշական է, որ նույնիսկ վարչության հրավիրած նիստին իրեն չեն հրավիրել, որպեսզի, մեղադրանքներ լինելու դեպքում, պարզաբանումներ ներկայացներ: Ու սա՝ այն դեպքում, որ ինքը եւս վարչության անդամ է։
Ս․ Ումրոյանը միությունից պահանջել է ներկայացնել իր հեռացման մասին վարչության որոշման արձանագրությունը, ինչպես նաեւ՝ տալ պատճառաբանված հիմնավորում։
Մեզ հետ զրույցում Սերգեյ Ումրոյանը նշեց, որ, ի վերջո, երկար ժամանակ անց միությունը տրամադրել է պահանջված գրությունը, որտեղ ներկայացված են եղել այն հիմնավորումները, ըստ որոնց՝ իրեն հեռացրել են միությունից: Այդ գրությունը հիմք է հանդիսացել իր համար, որպեսզի նախօրեին դիմի դատարան. «Հենց վարույթ ընդունվի մեր հայցը, ես ավտոմատ վերականգնվում եմ որպես միության անդամ, ու դա՝ մինչեւ դատական պրոցեսի ավարտը»։
Կարդացեք նաև
Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել միությունը, Ումրոյանն ասում է` դրանք աբսուրդի ժանրից են, դատարանի կողմից իր հայցը վարույթ ընդունվելուց հետո ինքը մանրամասն կանդրադառնա այդ «հիմնավորումներին», այդուհանդերձ, նշում է դրանցից մեկը` անդամավճար չվճարելու հարցը, որը Կոմպոզիտորների միության կանոնադրության մեջ ֆիքսված է. «Եթե հիմա խորանաք, թե միության քանի անդամներ տարիներով վճար չեն տվել, ապա շատ մեծ ցանկ կստացվի…, ըստ իրենց՝ ես 2 տարի անդամավճար չեմ տվել, բայց մեզ մոտ այնպես է, որ երբ գնացել ենք Դիլիջանի ստեղծագործական տան ուղեգիրը վերցնելու, հենց այդ ժամանակ էլ վճարել ենք ամբողջությամբ, քանի որ մեծ գումար չէ` 3-4 հազար դրամ՝ տարվա համար: Ոչ մեկի համար խնդիր չէ այդ մի քանի հազար դրամը, բայց իրենք չունեն այն աշխատաոճը, որ մարդուն զանգեն հիշեցնեն, որ անդամավճարները վճարելու ժամանակն է, կամ մեյլով տեղեկացնեն, որովհետեւ մարդիկ միշտ չէ, որ հիշում են այդ ամենը: Սա խոսում է նրա մասին, որ իրենց մոտ թափթփված ու շատ անկազմակերպ վիճակ է»։
Ս․ Ումրոյանի պահանջը դատարանից մեկն է՝ չեղարկել Կոմպոզիտորների միության անօրինական որոշումը եւ վերականգնել իրեն միության շարքերում։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: