Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեւեռացումը»՝ տարվա բառ

Դեկտեմբեր 13,2024 10:00

Ամեն տարվա վերջին՝ արեւմտյան տարբեր բառարաններ եւ գիտական հաստատություններ որոշում են տարվա բառը: Ինչպես տարբեր վարկածների սպորտային առաջնություններում, այդտեղ նույնպես տարբեր վարկածներով «հաղթում են» տարբեր բառեր: Այդ «մրցույթներից» մեկով «առաջատար է դարձել» polariazation (բեւեռացում) բառը: Կոնկրետ այդ հետազոտությունը վերաբերում է Միացյալ Նահանգներին, եւ բեւեռացումը պարզ բացատրություն ունի՝ այդ երկրում կայացել են նախագահական ընտրություններ: Թեժ նախընտրական կրքերը ցանկացած երկրում կրքեր են բորբոքում, բեւեռացնում են հասարակությունը, եւ դա հանգուցալուծվում է ընտրությունների միջոցով՝ այն չափով, որով գործում են ժողովրդավարական մեխանիզմները:

Չնայած պետք է ասել, այս վերջին ԱՄՆ ընտրությունների առաջացրած լարվածությունն արտասովոր էր եւ պահպանվում է առ այսօր: Դրա բացատրությունն, ամենայն հավանականությամբ, այն է, որ այս ժամանակահատվածում շատ ուժեղ է հակադրությունը անզուսպ ազատականության եւ ավանդական ամերիկյան պահպանողականության: Անիմաստ է քննարկել, թե «որն է ավելի լավը»՝ ցանկացած մեքենա պետք է հնարավորություն ունենա «գազ տալու» եւ արգելակ սեղմելու:

Բայց «բեւեռացումը» կարող է տարվա բառ լինել ոչ միայն ամերիկացիների համար: Այդ երեւույթը խորացել է թե՛ ամբողջ աշխարհում «ուժային կենտրոնների» միջեւ, եւ թե՛ հասարակությունների ներսում: Ընդ որում, հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում պառակտումը մի քիչ նման էր վերը նկարագրված ամերիկյան գործընթացին: «Գունավոր հեղափոխությունների» ճարտարապետները, «արեւմտամետները», հ/կ-ական համայնքը, ինչպես նաեւ «ակտիվիստները», որոնց զգալի մասն այժմ Հայաստանում դարձել է «պասիվիստ»՝ այդ ամբողջ «կլաստերը» հետխորհրդային երկրներում ավելի շատ հակված է ԱՄՆ դեմոկրատներին: Հանրապետականները եւ հատկապես Թրամփը այդ թեմայով համեմատաբար քիչ են հետաքրքրվում: Հակառակ բեւեռում մեր տիպի երկրներում գտնվում են տարբեր տեսակի «ջան-ֆիդայիները», որոնք երեսպաշտության չափով «արեւմտամետներից» չեն տարբերվում:

Իհարկե, պարզ է, որ մեր իրավիճակը ամերիկյանի արտապատկերը չի: Մենք ունենք բազմաթիվ այլ բեւեռներ՝ օրինակ, «ներկա-նախկին»: Բայց անձամբ ինձ համար բաժանարար գիծն այլ տեղով է անցնում՝ մարդիկ, որոնք մտածում են կլիշեներով եւ կարգախոսներով, եւ մարդիկ, որոնք մտածում են այդ կաղապարներից դուրս: Կռահեք, թե ովքեր են մեծամասնություն կազմում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք այսօր ունենք երկու քաղաքական մրցակից գաղափարներ ու օրակարգեր, մի մրցակիցը՝ իշխանական ուժերն են եւ նրանց թիկունքում կանգնած գլոբալ ապազգային ուժերն ու իշխանամետ ընտրողները, մյուս մրցակիցը՝ դա ընդդիմությունն է եւ նրան թիկունքում կանգնած ազգային մտավորականությունն ու ազգային մտածողությամբ ընտրողները: Այս երկու հզոր ուժերի մրցակցության շնորհիվ է հնարավոր քաղաքական կործանում կամ զարգացում, որի արդյունքում կամ կվայելենք Արցախի ու Սիրիայի օրակարգերը՝ եթե հույսներս դնենք սրա նրա վրա կամ էլ կվայելենք աշխարհի՝ այդ թվում եւրոպական քաղաքակրթական մեր բարեկամների օրակարգերը, եթե աջակցենք մեր քաղաքակրթական բարեկամներին: Աջակցելու համար պետք է լինել հզոր հայ, այլ ոչ թե անդեմ աշխարհաքաղաքացի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031