Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ՖԲ եթերում խոսեց մեկ շաբաթ առաջ Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի ելույթի մասին:
«Դա 31-րդ հանդիպումն էր: Ասեմ, որ դրանցից 10-ին ես որպես արտգործնախարար 1998-ից մինչեւ 2008 թվականները անձամբ մասնակցել եմ, ելույթ եմ ունեցել եւ միշտ համարել եմ, բոլոր երկրները նույնպես, որ սա բացառիկ առիթ է տարին մեկ անգամ բոլորի առաջ քո խնդիրները բարձրացնել, քննարկել, նրանց ուշադրությունը հրավիրել այդ խնդիրների վրա՝ միշտ հույս ունենալով, որ այդ խնդիրներին ականջալուր կլինեն: Եթե գտան տրամաբանական, երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ կբարձրացնեն եւ կփորձեն նաեւ օգնել մեզ այդ խնդիրներին լուծում տալու համար:
Սա, իրոք, բացառիկ առիթ է, որովհետեւ դու քո առաջ ունես 50-ից ավելի երկրներ եւ այդ բոլորին քո 7-10 րոպեանոց ելույթի ընթացքում դնես քո խնդիրները: Բացառիկն այդ է. դու երբեք չես կարող յուրաքանչյուրի հետ երկկողմ այդպիսի հանդիպում ունենալ:
Եթե կարդաք Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը, կտեսնեք, թե այսպիսի հարաբերության ինչպիսի կորուստ է տեղի ունեցել: Չեմ ուզում ավելի կոպիտ բաներ ասել: Ուղղակի, ոնց որ խաղաղություն մուրաս: Խաղաղության մասին է խոսում, էլի խաղաղության խաչմերուկից, բայց բոլորովին այլ կոնտեքստում, մուրալու, խնդրելու կոնտեքստում, որ ամեն ինչ լավ է, խնդիր չկա, հեսա հարցը կլուծենք, Ադրբեջանն է ոնց որ մի քիչ տատամսում, մենք լրիվ պատրաստ ենք, օգնեք մեզ, որպեսզի հասնենք այդ խաղաղությանը:
Կարդացեք նաև
Կարծես, այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի այլ խնդիր չկա՝ ամեն ինչ շատ լավ է: Մի բառ անգամ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, մի բառ այնտեղ չկա, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ: Մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է Հայաստանի տարածք եւ խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մի խոսք չկա, որ մեր պատերազմի գերիները անօրինաբար պահվում են բանտում, կան այնտեղ Հայաստանի հայ քաղաքացիներ, որոնք անօրինաբար պահվում են: Եվ ամենագլխավորը, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր անօրինաբար պատանդ է վերցվել եւ պահվում է Բաքվի բանտերում: Այս հարցերի մասին որեւէ մի բառ չկա:
Այնտեղ կան նախարարներ, որոնք տեղյակ էլ չեն, չգիտեն: Եվ դու փաստորեն ասում ես՝ ամեն ինչ լավ է, նորմալ է: Խնդիր չկա՞: Եվ այս բոլորը տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Ադրբեջանի նախագահը հենց այդ օրերին ինքն անձամբ դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պատվիրակություն ուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի ինչ-որ պատմական, մշակութային արժեքների ինչ-որ ոչնչացման հետ կապված ինչ-որ խնդիր բարձրացնելու: Հենց այն օրերին, որ Ադրբեջանի նախագահը ուղերձով հանդես է գալիս արեւմտյան Ադրբեջանի ինչ-որ բնակիչների ֆորումին:
Եվ Հայաստանի արտաքին գործերի նախարարը չի խոսում ԼՂ ժողովրդի մասին, որն ընդամենը մի տարի առաջ իր պատմական հողից էթնիկ զտման արդյունքում, ցեղասպանության սպառնալիքի տակ դուրս է շպրտվել: Չի խոսում, որ Ադրբեջանը մերժում է նրանց հետ բանակցությունների մեջ մտնելը՝ նրանց վերադարձի հարցերը ապահովելու համար՝ հակառակ միջազգային դատարանների որոշումներին, Եվրախորհրդարանի որոշումներին, չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խիստ ցանկությանը իրենց տներ ապահով վերադառնալու համար:
Այդ բոլորը Հայաստանի ԱԳ նախարարի համար գոյություն չունեն, չկա այդպիսի հարց, ամեն ինչ լավ է, նորմալ է, նորմալ ընթանում է: Ավելի հարմար տեղ այս հարցերը բարձրացնելու համար չի կարող լինել: Չմոռանանք, որ ԵԱՀԿ-ն հենց այն կառույցն է, որ ստեղծել է Մինսկի խումբը: Մինսկի խմբին մանդատ տվողը ԵԱՀԿ կառույցն է: Մինսկի խումբը դեռ նաեւ գոյություն ունի՝ ոչ ոք դա չի ջնջել: Այլ հարմար տեղ այդ մարդկանց հիշեցնելու, որ 25 տարի ձեր մանդատը տված Մինսկի խումբը մեզ քարոզել է ուժի չօգտագործում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշում սկզբունքներ, մոռացե՞լ եք այդ բոլորը:
Ավելի հարմար տեղ՝ նրանց հիշեցնելու, որ երբ որ ձեր կողմից մանդատ տված ներկայացուցիչները, համանախագահողները՝ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, այցելում էին Ստեփանակերտ, հանդիպում էին Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Բաբայանին, մյուսներին, ինձ գուցե, նրանք հանդիպում էին հանցագործների՞ հետ, տեռորիստների՞ հետ: Ադրբեջանի արտգործնախարարները, որոնք հանդիպում էին հենց նույն մարդկանց հետ, նրանք տեռորիստների՞ հետ էին խոսում, ոճրագործների՞ հետ էին խոսում:
Ավելի հարմար տեղ այս հարցերը դնելու կա՞: Ավելի հարմար տեղ կա՞՝ խոսելու՝ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Ավելի հարմար տեղ կա՞՝ խոսելու՝ իրենց տները վերադառնալու եւ խաղաղ ապրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկության մասին:
ՉԿԱ: Բայց՝ քար լռություն Հայաստանի կողմից: Էլի խոսենք խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից: Բայց դնենք նաեւ մեր խնդիրները: Ինչի՞ց եք վախենում: Խնդիր դնելը նման ֆորումներում, չի նշանակում՝ դու պատերազմ ես հրահրում: Խնդիրը դնելու ձեւ կա չէ՞: Չգիտեք միգուցե: Դիվանագիտորեն երբ որ խնդիրը դնում ես, ի՞նչ հարց կա: Երբ դու ասում ես՝ մենք այսպիսի խնդիրներ ունենք, եթե ուզում ես իսկապես խաղաղություն, նաեւ այս խնդիրներին պետք է անդրադառնալ, չէ՞:
Հայաստանը պետք է սա հասկանա, որ նախ, խնդիր դնելով՝ դու չես հրահրում հակակրանք, թշնամանք: Ընդհակառակը, ցույց ես տալիս քո իսկական ցանկությունը կայուն խաղաղության հասնելու համար:
Չգիտեմ դուք ինչ եք մտածում: Եթե դուք ձեր աթոռների համար վաճառել եք ձեր արժանապատվությունը, լավ իմացեք, որ մենք, հայ ժողովուրդը չի վաճառել իր արժանապատվությունը, Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծված: Մինչեւ այս հարցերին, խնդիրներին լուծում չտրվի, դժվար է կայուն խաղաղության հասնել:
Եվ իմացեք նաեւ, որ այն խաղաղության պայմանագիրը, որ դուք ստորագրելու եք Ադրբեջանի հետ, դա ձեր իշխանության եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիր է լինելու, դա չի կարող Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր լինել: Հասկացեք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ