Հարցազրույց ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանի հետ:
– Պարոն Մարտիրոսյան, հաշվի առնելով Ձեր հսկայական փորձն ու ավանդը ՀՀ գիտության զարգացման գործում, կխնդրեինք նախ ներկայացնել գիտության դերն ու նշանակությունը ժամանակակից հարափոփոխ աշխարհում։
– Աշխարհը վերափոխող գլխավոր շարժիչ ուժը գիտությունն է ու նրա հենքի վրա ստեղծված տեխնիկական ու տեխնոլոգիական համալիրները: Ժամանակակից տնտեսությունը հենված է գիտության եւ տեխնիկայի ձեռքբերումների, նորարարությունների վրա եւ այդ պատճառով անվանում են գիտելիքահեն…
Գիտությունը մեր ժամանակներում ոչ միայն ազգային անվտանգության կարեւոր հենասյուներից է, այլեւ հանդիսանում է համամարդկային մշակույթի կարեւոր բաղադրիչ…
Կարդացեք նաև
– Այս տարվա գարնանը ԳԱԱ համակարգում ստեղծվեց «Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման» վարչությունը։ Կխնդրեինք ընդգծել այդ վարչության գործառույթների կարեւորությունը։
– Շատ կարեւոր ու պահանջարկված քայլ էր: Գիտեք, որ ԽՍՀՄ-ի ժամանակ գործում էր պլանային տնտեսություն եւ ամեն կարեւոր քայլ արվում էր դրա պահանջմունքներից ելնելով: Շուկայական տնտեսությունը, որի պայմաններում մենք հիմա ապրում ենք, մի քիչ այլ է եւ գիտության նկատմամբ պահանջները եւս այլ են: Բիզնեսը պետք է գիտության պահանջն ու կարեւորությունը ամեն քայլափոխում զգա ու աջակցի նրա զարգացմանը…
Պետք է այնպես անել, որ գիտության ու հասարակության միջեւ անջրպետներ չառաջանան, մարդը, որպես բանական էակ, պետք է գիտակցի, որ այսօր օգտագործվող տեխնիկական, կենցաղային սարքերն ու տեղակայանքները ստեղծվել են գիտնականների մի քանի սերունդների տքնաջան աշխատանքի շնորհիվ եւ այդ գործընթացը պետք է շարունակվի, լինի անդադար…
Դպրոցական նստարանից սկսած երեխաների մոտ պետք է հետաքրքրություն սերմանվի դեպի գիտություն, բնագիտություն, տեխնոլոգիաներ…
– Խորհրդային տարիներին ամենատարբեր մեթոդներով իրականացվում էին գիտության հանրամատչելիացման եւ հանրայնացման միջոցառումներ։ Հրատարակվում էին բազմաթիվ գիտահանրամատչելի հանդեսներ, մասնագիտական հետաքրքրաշարժ գրքեր, թողարկվում էին հեռուստահաղորդումներ, նկարահանվում էին վավերագրական ֆիլմեր գիտության ճյուղերի, անվանի գիտնականների մասին։
Դուք, որպես «Բնագետ» հանդեսի հիմնադիր նախագահ, որքանո՞վ եք կարեւորում գիտական մամուլի, մասնավորապես հանրամատչելի հրատարակությունների դերը ՀՀ-ում գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար։
– Այո, ինչպես արդեն նշվեց, խորհրդային շրջանում կար գիտության հանրամատչելիացման եւ հանրայնացման ինքնատիպ համակարգ՝ սկսած ամսագրերից, նկարահանվող ֆիլմերից, ստեղծվող գրականությունից, մինչեւ հատուկ հեռուստահաղորդումներ, որից նաեւ մենք էինք օգտվում…
Անկախության սկզբի տարիներին մեզ մոտ վակուում առաջացավ, ինչպես գիտահանրամատչելի, այնպես էլ գիտամեթոդական գրականության առումով, քանզի արտերկրում, մասնավորապես ՌԴ-ում տպագրվող նմանատիպ գրականությունը մեզ համար շատ դեպքերում անհասանելի էր:
Կ. Աթայանի առաջարկությունը 1996 թվականին քննարկվեց նաեւ ԵՊՀ-ում եւ որոշվեց հիմնադրել «Կրթությունը եւ գիտությունը Արցախում» եւ «Բնագետ» հանդեսները: Իսկական նվիրյալներ էին հավաքվել այդ պարբերականների շուրջ եւ պատահական չէ, որ շուրջ 25 տարի այդ հանդեսները մեծ դժվարությամբ, բայց հրատարակվում էին ու սովորողները, ուսուցիչները, դասախոսները, պարզապես ընթերցողները հերթական համարներին անհամբերությամբ էին սպասում…
Ամեն ինչ պետք է անել մեր գիտակրթական նոր պատմության մեջ իրենց հետագիծը թողած վերոնշյալ հանդեսների տպագրությունը կրկին վերսկսելու համար…
Ընդհանրապես մեզ նման պետություններում պետք է մայրենի լեզվով տպագրվող գիտահանրամատչելի ու գիտամեթոդական, ինչու ոչ՝ նաեւ գիտական հանդեսներին լուրջ տեղ ու դեր տալ, դրանք պարզապես կայացնել, համարել ազգային արժեքներ, որը ոչ մի ձեւով չի նսեմացնում արտերկրի հանդեսները ու այնտեղ տպագրվողներին…
Այսօր նկատելի է անպայման արտերկրի ռեյտինգային հանդեսներում տպագրվելու մեծ ցանկություն, որը գովելի է, բայց նորից կրկնեմ՝ հայերենով մեր պարբերականներում տպագրվելը պարզապես ամեն մասնագետի ու գիտնականի պարտքն է…
– Գիտության հանրամատչելիացման առաջնահերթ շահառուները դպրոցականներն են։ Ի՞նչ կարեւորություն եք տալիս մատաղ սերնդին գիտության կաճառների արահետները մատչելիացնելու խնդրին։
– Գիտությունը, նրա նկատմամբ սերը յուրաքանչյուր մարդու մոտ սկսվում է դպրոցից: Աշակերտական հանրությունն ամենամեծն ու ամենահետաքրքիրն է: Սովորողներին պետք է դպրոցական նստարանից փորձել հանրամատչելիացման պաշարների օգտագործմամբ ուղղորդել դեպի գիտություն: Դա է պահանջում կյանքը եւ առաջընթացի զգացումը:
Մոտ մեկ ամիս առաջ՝ ավելի կոնկրետ նոյեմբերի 11-ին, երբ նշվում էր գիտության միջազգային օրը եւ ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 81-րդ տարելիցը, ՀՀ ԳԱԱ-ի ճեմասրահները, միջանցքները, դահլիճները բառիս բուն իմաստով լեփ-լեցուն էին աշակերտներով, ուսանողներով, հյուրերով, որոնց այստեղ էր բերել գիտության նկատմամբ ունեցած վերաբերմունքը…
Այդ առումով կարեւոր եմ համարում վերջերս շրջանառվող Աշակերտական գիտական ընկերության գաղափարը, որը պետք է կյանքի կոչել:
Այնպես որ, սերունդը հետաքրքրված է գիտության գաղտնիքներով, ուղղակի նրանց հետ աշխատող ուսուցիչները, դասախոսները, գիտնականները պետք է կարողանան հետաքրքրասեր սովորողներին ուղղորդել գիտության զարմանահրաշ աշխարհի անանցանելի թվացող կածաններով…
– Ի՞նչ դեր եք հատկացնում միջազգային համագործակցությանն ու փորձի փոխանակմանը այս ոլորտում։
– Իհարկե, համագործակցությունը կարեւոր է: Տասնամյակների իմ փորձով համոզված կարող եմ ասել, որ գիտության, կրթության ոլորտների համագործակցությունից շահում են բոլոր համագործակցող կողմերը…
– Եվ վերջում կխնդրեինք ներկայացնել Ձեր տեսլականը Հայաստանի Հանրապետությունում գիտության ապագայի մասին։
– Կարծում եմ՝ այդ առումով մենք հաջողություններ ունեցել ենք եւ կունենանք…
Հայ ժողովուրդը գիտություն, բնագիտություն, մշակույթ սիրող ժողովուրդ է: Մենք մեր ապագան եւ անվտանգությունը պետք է կապենք գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման հետ…
Ա. ՍԵՎԱՉԵՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2024