«Արդարադատության նախարարությունն իր տեղեկանքում որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին Համաձայնագրի հակասության եւ նոր օրենք ընդունելու անհրաժեշտության մասին». Դատավորի հատուկ կարծիք:
Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննել եւ Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով համաձայնագիրը:
Մենք խոստացել էինք, երկու հատուկ կարծիքների մասին տեղեկացնել այն պաշտոնապես հրապարակվելուց հետո: Այդ գործով հատուկ կարծիք էին հայտնել զեկուցողը՝ Սեդա Սաֆարյանը, եւ դատավոր Ե. Խունդկարյանը:
Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 2-ին էր հայտնել, որը երկու օր առաջ տեղ գտավ պաշտոնական կայքում: Այն 16 էլեկտրոնային էջ է: Ըստ Սաֆարյանի. «Համաձայնագրին կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաեւ դատաքննության ընթացքում Կառավարության ներկայացուցչի ներկայացրած բացատրության համադրված վերլուծությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Համաձայնագրի կնքման գործընթացում առողջապահության, ֆինանսների եւ արդարադատության նախարարությունների համագործակցությունն առերեւույթ եղել է սահմանադրաիրավական պահանջների առումով խնդրահարույց: Մասնավորապես՝ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկանքում բացակայում է Համաձայնագրով նախատեսված վարկի տրամադրման պայմանների՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական շահերի տեսանկյունից համակողմանի եւ խորքային վերլուծությունը, ինչն առերեւույթ եւ փաստացի հնարավորություն չի տվել առողջա պահության նախարարությանը բանակցել եւ մշակել Հայաստանի Հանրապետության շահերի առումով հավասարակշռված միջազգային պայմանագրի նախագիծ: Այսպես՝ ֆինանսների նախարարությունը չի անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության համար Համաձայնագրով ներգրավվող վարկային միջոցներին այն դեպքում, երբ առողջության համապարփակ ապահովագրության ներդնումն անորոշ ժամանակով հետաձգվել է եւ, համապատասխանաբար, արտահայտված չէ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում»:
Կարդացեք նաև
Ավելին, դատավորի կարծիքով, Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն առերեւույթ չեն համապատասխանում Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանված՝ փոխշահավետության սկզբունքին, Հայաստանի վրա դնում են ֆինանսական պարտավորություններ՝ առանց Հայաստանի համար «հանդիպական օգուտի»:
Անդրադառնալով ֆինանսական մասհանումներին, Սաֆարյանը նշում է, որ Համաձայնագրի Հավելված 1-ի 4-րդ բաժնից պարզ չէ, թե ինչպես են ձեւավորվել վարկային ընդհանուր գումարից կատարվող ոլորտային մասհանումները: Մասնավորապես, առողջապահության նախարարության կողմից պետականորեն ֆինանսավորվող դեղամիջոցների համար մրցունակ գնագոյացման քաղաքականության ընդունման համար նախատեսվել է 2,320,000 եվրո գումար: Մի կողմից՝ որեւէ կերպ չի պարզաբանված, թե Սահմանադրության 11-րդ հոդվածով հռչակված շուկայական տնտեսության պայմաններում պետությունն ինչ գործիքակազմով է ներազդելու դեղորայքի շուկայում գնագոյացման վրա՝ անգամ միայն պետության կողմից ֆինանսավորվող դեղամիջոցների մասով, իսկ մյուս կողմից՝ պարզ չէ, թե այդ քաղաքականությունը ֆինանսական ինչ բաղադրիչներ ունի, եւ կոնկրետ ինչ միջոցառումների համար է նախատեսված նշյալ գումարը: Կամ բուժքույրերի եւ ընտանեկան բժիշկների կոմպետենտության բարձրացման նպատակով աշխատանքային վերապատրաստման թարմացված ծրագրերի համար նախատեսվել է 2,320,000 եվրո գումար: Կրկին պարզ չէ ծրագրային միջոցառման ֆինանսական բաղադրիչը, եւ ավելին՝ Համաձայնագրի տվյալներից հնարավոր չէ որոշարկել՝ արդյոք ծրագրային միջոցառումների զգալի մասում ընդհանրապես առկա է ֆինանսական բաղադրիչ, թե՝ ոչ: Այսինքն, պարզ չէ, թե ինչպես են բաշխվելու վարկային միջոցները համապատասխան բուժհաստատությունների միջեւ եւ ինչ չափորոշիչներով:
ՍԴ որոշման մեջ, եթե հիշում եք, խոսք էր գնացել որոշման ձեւակերպումների մասին:
Սաֆարյանը փաստում է, որ Համաձայնագրում մեծ թիվ են կազմում բազմիմաստ եւ անծանոթ (ընդհանուր կիրառություն չունեցող) եզրույթներ եւ սահմանումներ: Նա հղում է կատարում Համաձայնագրի 2.02-րդ կետին. «Օգտագործված է «առհանել» եզրույթը, թերեւս վարկառուին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը, վարկային միջոցներն օգտագործելու, ներառյալ կանխիկացնելու իմաստով: Մինչդեռ նման եզրույթը ֆինանսական փաստաթղթերում լայն կիրառություն չունի եւ որոշակիորեն չի արտահայտում Համաձայնագրից բխող եւ իրեն վերագրվող իմաստը: Ընդ որում՝ նման բազմիմաստ եւ խրթին ձեւակերպումները Համաձայնագրում բավական մեծ թիվ են կազմում՝ եւ խախտելով օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ըստ որի՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: Նշվում են հապավումեր, որոնք այնքան շատ են, դժվարացնում են ընկալելը: Նաեւ չի պահպանվել օրենքով սահմանված հապավումների արգելքի պահանջը: Օրինակ, ՄՀԿԱ (մասհանումների հետ կապված արդյունք), ՄՀԿՑ (մասհանումների հետ կապված ցուցանիշներ), ԱՆ (առողջապահության նախարարություն), ՈՎՀ (ոչ վարակիչ հիվանդություններ), ԱՊԳԿ (անկախ պետական գնումների կազմակերպություն), ՖՆ (ֆինանսների նախարարություն), ՍՄՀԿԾ (սեփական միջոցների հաշվին կատարվող ծախս), ՀՄԴ (հիվանդությունների միջազգային դասակարգիչ), ԱՀԱ (առողջության համապարփակ ապահովագրություն), ԱԲՕ (առաջնային բժշկական օգնություն), ԱԲՕԿ (առաջնային բժշկական օգնության կենտրոն), որոնք դժվարացնում են նաեւ նյութն ուսումնասիրելու եւ հասկանալու գործընթացները:
Դատավոր Ե. Խունդկարյանը 14 էջանոց իր Հատուկ կարծիքը ներկայացրել էր դեկտեմբերի 6-ին:
Կառավարությունից ուղարկված «թույլատրված եղանակով» ներկայացված դիմումի բացակայության մասին է նշում դատավորը, հավելում, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէ այս գործը քննել, ըստ էության կայացնել որոշում:
Դարձյալ, ինչպես նախորդ հատուկ կարծիքներում է արտահայտել դատավորը, դատարանի աշխատակազմի «բոստանն» է «քար» նետվում, նշելով. «Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետ, թերությունները շտկելու եւ դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար»:
Ըստ Ե. Խունդկարյանի՝ դատարանի աշխատակազմը պետք է առնվազն մի փաստաթուղթ տրամադրեր, որով հաստատվեր. «Տվյալ դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված փաստաթուղթ» եւ որ ՍԴ աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այն իսկապես ստորագրվել է դիմողի կողմից: Հիշեցնեմ, որ դիմողը ՀՀ կառավարությունն է, ստորագրողն էլ Նիկոլ Փաշինյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2024