Լրահոս
Օրվա լրահոսը

Սունդուկյանի անվան թատրոնի նախկին աշխատակիցն էր հաղթել ՄԻԵԴ-ում

Դեկտեմբեր 13,2024 12:30

ՄԻԵԴ-ը բավարար հիմքեր չի տեսնում ՀՀ կառավարության առարկությունները ընդունելու համար

Այս տարվա հոկտեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացրեց որոշում, որը վերջնական է եւ ըստ ՄԻԵԴ-ի՝ «կարող են ենթարկվել խմբագրական փոփոխությունների»: Այս գործով անգլերեն որոշումը ՄԻԵԴ-ն ուղարկել էր վերջերս, միայն թարգմանելուց հետո անդրադառնամ ՄԻԵԴ որոշման առանձին մանրամասներին:

Հաղթողը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի նախկին պետ Վահե Մովսիսյանն է, որի դատական գործը Հայաստանի երեք ատյանի դատարաններում «Առավոտը» լուսաբանել է: Դրանք են՝ «Թատրոնի տնօրենն ու մշակույթի նախարարությունը «հաստիքից» տեղյակ չեն» (2019թ., սեպտեմբերի 19), «Մայր թատրոնի աշխատակիցը Վճռաբեկ դատարանում էլ հաղթեց» (2019 հուլիսի 13), «Դատարանը մերժել է Մայր թատրոնի բողոքը» (2019թ. փետրվարի 27), «Սունդուկյանցիների աշխատանքային գրքույկների գործով հրավիրվել է ոստիկանություն» (2018թ. դեկտեմբերի 4), «Մայր թատրոնի տնօրենը 61 էջից բաղկացած բողոք է ներկայացրել դատարն» (2018 թվականի հոկտեմբերի 19):

Հիշեցնեմ, որ Վահե Մովսիսյանը դիմել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, խնդրել, որպեսզի անվավեր ճանաչվեն պատասխանող թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից թիվ 66- Ա, ինչպես նաեւ թիվ 85-Ա հրամանները: Հայցվորն աշխատել էր թատրոնում տասնչորս տարի: Նրա հետ կնքվել էր աշխատանքային պայմանագիր: Պատասխանող տնօրենի հրամանով էլ Վ. Մովսիսյանին հանձնարարվել էր աշխատակիցների անձնական գործերը, հրամանները, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները, հրամաններն ու հրամանագրքերը հանձնել իրեն: Մովսիսյանը ցանկացել էր պատշաճ ձեւով իրականանա այդ ամենը, այսինքն՝ ընդունման եւ հանձնման ակտով, ինչը մերժվել էր տնօրենի կողմից: Հայցվորը գրավոր նշում էր կատարել տնօրենի հրամանի վրա: Ըստ հայցվորի, տնօրենը նկատողություն էր տվել իրեն, իսկ նկատողություն տալու հաջորդ օրն էլ տնօրենն առանց Վ. Մովսիսյանի ներկայության, այլ աշխատակիցների միջոցով, նրա աշխատասենյակից աշխատակիցների անձնական գործերը տեղափոխել է իր աշխատասենյակում գտնվող պահարանը…

Վահե Մովսիսյանը, երբ վերականգնվել էր դատական ատյաննների միջոցով աշխատանքի, պարզվել էր՝ հաստիքը չկա…

ՄԻԵԴ-ում գործը ներկայացրել էր փաստաբան Ա. Ապիկյանը: Հայաստանի կառավարությանը ծանուցվել էր դիմումի մասին: Ըստ ՄԻԵԴ-ի՝ Դիմումատուն հիմնականում բողոքել է իր օգտին ընդունված ներպետական որոշման չկատարման կապակցությամբ, հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա:

Դատարանը վճռել է երեք ամսվա ընթացքում պատասխանողը՝ Հայաստանի Հանրապետությունը դիմող Մովսիսյանին՝ կամ ինչպես որոշման մեջ է գրված՝ «հինգ տարի մեկ ամիս սպասող»-ին պետք է վճարի 4,700 եվրո գումար բարոյական վնասի համար, իսկ դատական ծախսերի եւ դիմումի համար տրված գումարը՝ 250 եվրո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031