Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը, Էրդողանն ու հայ-ադրբեջանական խաղաղության «պատմական հնարավորությունը»

Դեկտեմբեր 13,2024 12:00

Էրդողանը կարծում է, որ աշխարհում մնացել են ինքն ու Պուտինը, իսկ ռուսաստանցի երբեմնի թուրքամետ Կրեմլի գաղափարախոսը համարում է, որ Էրդողանը «դավաճանել է Ռուսաստանին»

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:

Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ չի հայտնել, միայն փոխանցել է. «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում»:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: Դա կողմերը համարում էին վստահության ամրապնդմանն ուղղված քայլ: Բայց նույն նպատակով ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ ամենասեղմ ժամկետում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, դեռ թղթի վրա է:

Չնայած դրան՝ հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական ակնկալիքներից էր խոսում: «Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերեւս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր եւ մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, դրական բովանդակություն ունի, եւ հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ», – ասել էր Միրզոյանը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից: Հայաստանն ակնկալում է ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, այլ նաեւ հարաբերությունների ամբողջական կարգավորում՝ առանց նախապայմանների:

Թուրքիայից, սակայն, չեն թաքցնում՝ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Ընդամենը օրեր առաջ նույնը պնդել է այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խաղաղության հաստատման համար կարեւոր պայման համարելով նաեւ, այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը:

«Քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, կայուն խաղաղության հասնելն անհնար է: Մշտական խաղաղությունն ապահովելու եւ այս խնդիրն ապագա սերունդներին չթողնելու համար Հայաստանի Սահմանադրության այս հոդվածը պետք է վերացվի»,- հավելել է նա:

Օրերս հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները, եւ ըստ ադրբեջանական լրատվականների, այն տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Ալիեւը անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին երկրում մնայուն կայունություն հաստատելու համար։

Իսկ Իլհամ Ալիեւը գոհունակություն է հայտնել Սիրիայում ձեւավորված նոր իրավիճակի վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության կնքման գործընթացը: Էրդողանը ցանկություն է հայտնել, որ «այս պատմական հնարավորությունն ավարտվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրով»։

Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին, իր հերթին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա. «Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը եւ նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջեւ բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»։

Ակնհայտ է, որ Հայաստանն ու Թուրքիան այժմ փորձում են աշխարհին ցույց տալ, թե գործընթացը մեռած չէ, սակայն Անկարայի պահվածքից նկատելի է, որ իրական քայլեր կլինեն, եթե կնքվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, իսկ մինչ այդ նրանք փորձում են հասնել, այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, որը պաշտոնական Երեւանը կարմիր գիծ է համարում:

Ի՞նչ է սպասում, առհասարակ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա խնդիրներին, Էրդողանի ազդեցության վերելքի պայմաններում: Նրա վերջին հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս, թե ինչ հավակնություններ ունի այսօրվա Թուրքիան, առհասարակ, տարբեր տարածաշրջաններում:

Թուրքիայի նախագահ Էրդողանն օրերս, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե Թուրքիան վերաշարադրում է մարդկության պատմությունը. «Իր խաղաղ եւ ակտիվ քաղաքականությամբ, փոխելով համաշխարհային իրադարձությունների ընթացքը, Թուրքիան կերտում է պատմություն եւ վերաշարադրում ինչպես իր, այնպես էլ մարդկության պատմությունը»։ Միեւնույն ժամանակ Էրդողանը նկատել է, թե աշխարհը շատ անսովոր շրջան է ապրում. «Հիմա Ամերիկայում իշխանության է եկել Թրամփի կառավարությունը։ Տեսնենք, թե ինչպես է ձեւավորվում ԱՄՆ նոր վարչակազմը Թրամփի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ, աշխարհը շարժվում է դեպի բոլորովին այլ ապագա: Հետեւաբար, առաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարեւոր են»։

Իսկ անցյալ շաբաթ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն էր հայտարարություն տարածել՝ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստից հետո։ Անկարան ակնկալում է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ «Մշտական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերից», – ասվում էր հայտարարությունում։

Հատկանշական է, որ օրեր առաջ Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, թե խաղաղությունն այլընտրանք չունի՝ ընդգծելով՝ որոշակի առաջընթաց է գրանցվել երկու երկրների միջեւ Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Ըստ Միրզոյանի, համաձայնություն կա նախաբանի եւ համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, եւ եթե լինի բավարար քաղաքական կամք, ապա, ըստ Միրզոյանի, այն կարող է արագորեն վերջնականացվել եւ ստորագրվել։

Սակայն, մինչ Երեւանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի որեւէ հիմք չկա, խոսում է այն արագորեն ստորագրելու հնարավորություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Երեւանին մեղադրում է խաղաղությանը խոչընդոտելու համար, կրկին պնդում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց համարում զենք գնելու հայկական կողմի փորձերը։

Ընդ որում, ադրբեջանական մամուլը վերջերս պարբերաբար լուրեր է շրջանառում, թե իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն, ի դեպ, օրերս բացահայտեց Բաքվի հերթական կեղծիքը: Առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, եւ մինչ օրս հայկական կողմում անսովոր տեղաշարժեր չեն նկատել, ԵՄ հայաստանյան առաքելության գրասենյակից պատասխանել էին «Լուրերի» հարցին՝ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված, թե, իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում: Առաքելության գրասենյակից նաեւ հայտնել էին, որ դիտորդները պարեկության ընթացքում ադրբեջանական կողմում եւս որեւէ անսովոր տեղաշարժ չեն արձանագրել: ԵՄ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ պարեկությունների ընթացքում սահմանային իրավիճակը հանգիստ է եղել:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման «պատմական հնարավորության» մասին ազդարարող Թուրքիայի նախագահ Էրդողանը նաեւ օրերս կարծիք էր հայտնել, թե աշխարհում մնացել են երկու առաջնորդներ՝ ինքը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք այժմ երկու առաջնորդներ ենք աշխարհում. միայն ես ու Պուտինը: Ես սա չեմ ասում, քանի որ խոսքն իմ մասին է, ես խոսում եմ՝ ըստ գործերի: Ես իշխանության եմ արդեն 22 տարի։ Գրեթե նույն ժամկետն ունի Պուտինը: Մնացած բոլորը հեռացան։ Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի։ Այստեղ կարեւոր է շարունակել քաղաքականությունը։ Օրինակ, կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո Գերմանիայում քաղաքականությունն ավարտվեց», Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ հանդիպմանը նշել էր Էրդողանը` պատասխանելով «դիվանագիտական հարաբերություններում հաջողության պատճառներին» վերաբերող հարցին:

Էրդողանն ու Ալիեւը վաղուց են համարում, որ Արցախի հարցը լուծել են` պայմանավորվելով Պուտինի հետ: Դեռ տարիներ առաջ` Էրդողանը մի քանի առիթներով հրապարակավ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցում անհրաժեշտ է պայմանավորվել Պուտինի հետ:

Հիմա Էրդողանը համարում է, որ աշխարհում մնացել են ինքն ու Պուտինը: Էրդողանի այս շռայլ խոսքերը ճիշտ ժամանակին են հնչում…

Ռուսաստանցի ազգայնական, իշխանամետ հայացքներով հայտնի Ալեքսանդր Դուգինը, որը մինչեւ վերջերս համարվում էր թուրքամետ, էրդողանամետ Կրեմլի գաղափարախոսն, անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին եւ այդ համատեքստում մեղադրանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: «Սիրիան թակարդ էր Էրդողանի համար։ Նա ռազմավարական սխալ թույլ տվեց, դավաճանեց Ռուսաստանին… Նա դատապարտված է տապալման։ Քեմալականների վախճանը եւս հիմա է սկսվել։ Քեմալականներ, մենք ձեզ աջակցել ենք մինչեւ այս պահը։ Այս պահից սկսած դուք կզղջաք»,- նշել է Դուգինը X-ի իր էջում` երկու գրառումներով։ «Ռուսաստանը Թուրքիային վնաս չի պատճառի։ Հաստատ։ Բայց նման դավաճանությունից հետո դժվար է հուսալ, որ Ռուսաստանը կօգնի Թուրքիային դժվարության դեպքում։ Իսկ դժվարությունները ժամանակ առ ժամանակ լինում են», գրել է նա։

Դուգինը, եւ ոչ միայն նա, մինչեւ վերջերս համարում էին, որ «Էրդողանը լավագույն ընտրությունն է Ռուսաստանի համար…»: Բայց սա արդեն այնքան էլ էական չէ, եւ խոսակցության այլ թեմա է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031