Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում մեր հայրենակցին ասել են, թե հայկական վարորդական վկայականը վավեր չէ այդ երկրում

Դեկտեմբեր 13,2024 14:00

Իտալիայում բնակվող Հռիփսիմե Ադամյանը «Առավոտ» օրաթերթին հայտնել է, որ նրա եւ Իտալիայում բնակվող մեր այլ հայրենակիցների՝ ՀՀ-ի կողմից տրամադրված վարորդական վկայականները Իտալիայում վավեր չեն համարում։

Հռիփսիմեն մեզ պատմեց՝ տասը տարի առաջ հայկական վարորդական վկայականի հիմքով ստացել է բելգիական վարորդական վկայական, որն էլ իրավունք ուներ կիրառել ողջ եվրոպական տարածքում:

«Երբ ես արդեն Իտալիայում էի ու իմ բելգիական վարորդական վկայականի ժամկետն սպառվել էր, ես դիմեցի իտալական համապատասխան մարմնին, որպեսզի փոխեմ՝ ձեռք բերեմ իտալական վկայական: Ինձ փոխանցեցին՝ քանի որ բելգիական վկայականը հայկականի հիմքով է տրամադրվել, այն այլեւս վավեր չէ Իտալիայում», -մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց Ադամյանը:

Մեր հայրենակցին չէր թույլատրվում նաեւ իր ՀՀ վարորդական վկայականն օգտագործել:

«Առավոտի» ուսումնասիրության համաձայն, սակայն, 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիային միացած անդամ պետությունները ճանաչում են միմյանց ազգային վարորդական վկայականները:

ՄԱԿ-ի վեբկայքից տեղեկանում ենք, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Իտալական Հանրապետությունը նշյալ Կոնվենցիային միացած պետություններ են:

Փորձեցինք պարզաբանում ստանալ Ներքին գործերի նախարարությունից: Գերատեսչությունից հաստատեցին՝ Հայաստանն, իսկապես, Կոնվենցիայի մաս է կազմում:

«Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի անդամ երկիր եւ վավերացրել է վերջինիս պայմաններն ու պահանջները, ուստի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայականը վավերական է բոլոր այն երկրներում, որոնք հանդիսանում են վերոնշված կոնվենցիայի անդամ եւ վավերացրել են վերջինիս պայմաններն ու պահանջները»,-մեր գրավոր հացմանն ի պատասխան՝ նշել էին ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչությունից:

Երբ Հռիփսիմեն այցելել է Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարություն, նրան հայտնել են, թե իբր Հայաստանը «Ճանապարհային երթեւեկության մասին» 1968 թվականի կոնվենցիայի մաս չի կազմում, ինչի պատճառով էլ հայկական վարորդականները վավեր չեն այս երկրում:

Մեկ ամսից ավելի «Առավոտը» գրավոր հարցումներ էր ուղղում Իտալիայի արտաքին քաղաքականության գերատեսչությանը՝ փորձելով պարզել՝ ինչո՞ւ են մեր հայրենակցին տեղեկացրել, թե ՀՀ-ն Վիեննայի այս կոնվենցիային չի միացել: Մեր հարցումները մնացին անպատասխան:

Հայաստանում Իտալիայի դեսպանություն ուղարկած մեր էլեկտրոնային նամակին նույնպես չարձագանքեցին։

Ըստ Հռիփսիմեի՝ իտալական իշխանություններն ասել են, որ խնդիրը հայաստանյան իշխանությունների կամ Իտալիայում Հայաստանի դեսպանության մեջ է, քանի որ նրանք երբեւէ չեն բարձրաձայնել հայկական ազգային վարորդական վկայականները Իտալիայում գործածելու հարցը:

Իտալիայում մեր դեսպանությունից առայժմ չեն պատասխանել այս թեմայով հարցմանը:

Հռիփսիմե Ադամյանին Իտալիայում տրանսպորտային միջոց շահագործել հաջողվեց միայն Հայաստանում միջազգային վարորդական վկայական ձեռք բերելուց հետո:

«Միջազգային ավտոմոբիլային երթեւեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական», -գրված է կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշման 1-ին հավելվածի 83-րդ կետում:

Այսինքն, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տրանսպորտային միջոց շահագործելու համար լուծում կարող է հանդիսանալ միջազգային վարորդական վկայականի ձեռքբերումը:

Այսուհանդերձ, ազգային վարորդական վակայականն էլ պետք է իտալական իշխանությունների կողմից սահմանված որոշակի ժամկետում կիրառելի լինի՝ հիմք ընդունելով «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիան։

«Առավոտ» օրաթերթը կհետեւի այս հարցի շուրջ զարգացումներին՝ պատշաճ ժամկետում տեղեկացնելով մեր ընթերցողներին նորությունների մասին։

ԱՐՍԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031