Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձյունե թագուհու պատմությունը» հեքիաթը՝ ինքնատիպ մեկնաբանությամբ. Երեւանում սպասվում է բացառիկ սառցե շոու

Դեկտեմբեր 12,2024 20:03

Ներկայացման մեջ ներդաշնակվում են գեղասահքը, ակրոբատիկ համարները, գեղեցիկ երաժշտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները:

Ներկայացման պրոդյուսեր Զառա Մխեյանի խոսքով, «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է եւ հիասքանչ երաժշտություն, այլեւ փառահեղ բեմադրություն, գերժամանակակից տեխնոլոգիաներ, հատուկ էֆեկտներ

Դեկտեմբերի 26-ին եւ 28-ին  Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում կկայանա Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի հիման վրա ստեղծված բացառիկ սառցե շոու, հեքիաթ-ներկայացում, որին հաջորդելու է շրջագայություն ամբողջ Եվրոպայում: Ներկայացման պրոդյուսեր Զառա Մխեյանի խոսքով, «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է եւ հիասքանչ երաժշտություն, այլեւ փառահեղ բեմադրություն, գերժամանակակից տեխնոլոգիաներ, հատուկ էֆեկտներ։ Նրա տեղեկացմամբ, ներկայացման համար կարվել է շուրջ 160 զգեստ, իսկ ստեղծագործական եւ տեխնիկական խմբի կազմում աշխատել՝ ավելի քան 60 մարդ:

«Ձյունե թագուհու պատմությունը»  փոքրիկ Գերդայի մասին է, որը փնտրում է Ձյունե թագուհու կողմից առեւանգված իր  ընկեր Կային։ Հեքիաթի ուղերձն այն է, որ իրապես սիրող, ազնիվ ձգտումներ եւ կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր նպատակին հասնելու ճանապարհին: Ի վերջո սերն է ողջ տիեզերքի հիմքը, ու հենց սիրո լույսից է խավարը նահանջում է:

Պրոդյուսերն ընդգծում է, որ ներկայացման մեջ  ի թիվս այլնի, ներդաշնակվում են պրոֆեսիոնալ գեղասահքը, ակրոբատիկ, կրկեսային համարները, կենդանի վոկալն ու երաժշտությունը, ժամանակակից տեխնոլոգիաները: Նրա խոսքով, դերասանների կազմը ձեւավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, ակրոբատներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից, որոնք ունակ են փաստելու իրենց ոգու եւ տաղանդի ուժը.  «Այս չափանիշներով ընտրված մասնակիցների միջոցով հնարավոր է լինում հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացվում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթի կողմից: «Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունը, որի հեղինակը տաղանդավոր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է, առանձնանում է հայեցակարգային եւ մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլեւ մասսայական ուղղությունների սինթեզով»:

Ներկայացման 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել են ավելի քան 20 վարպետներ՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն, զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Յուրաքանչյուր կերպարի համար պատրաստվել են Էսքիզներ, որոնք ավելի շատ նման են նկարների: Ներկայացման գովազդային նյութերի, դեկորացիաների և վիդեո տեղադրման տեսողական ոճավորումը բացարձակ Էկլեկտիկա է, գրաֆիկական դիզայնի արդի տեխնոլոգիաներ եւ միտումներ, գոթական եւ վիկտորիանական ոճի տարրեր, որոնք զարդարված են վառ գույների, փոխաբերական պատկերների առատությամբ:

Զառա Մխեյանի խոսքով, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կցուցադրվի համաշխարհային մասշտաբի սառցե ներկայացում, որի  ընթացքում հանդես կգան ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Եվրոպայի գեղասահորդները:

«Անդերսենի «Ձյունե թագուհին» խորիմաստ ստեղծագործություն է, որը քողարկված է հեքիաթային շղարշով, ինչպես ոսկեզօծ փաթեթավորմամբ շոկոլադե կոնֆետը: Այս հեքիաթը բարու ու չարի պայքարի, հոգու ջերմության եւ  սառցե սրտի անտարբերության մասին է, ինչպիսին Կային դարձրել էր սառույցի, ձյան եւ ձնաբքի չար թագուհին: Ամանորյա հեքիաթը պատմում է ջերմացնող սիրո եւ ընկերության մասին, որոնք ունակ են սարեր շուռ տալ, եւ տիեզերական ոչ մի չարիք չի կարող դիմակայել դրան: «Ձյունե թագուհին» ներկայացումը մեր մեկնաբանությամբ ժանրերի յուրահատուկ սինթեզ է, որում համատեղված է դիտարժան լուսային էֆեկտներով պարուրված գեղասահքը, եւ բարու ու չարի պայքարի հավերժական թեման, սիրո ջերմության հաղթանակը սառնասրտության հանդեպ: Շոուն պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնց այնքան հավատում են երեխաներն ու նրանց ծնողները՝ հեքիաթային արարածներ՝ Ձյունե թագուհի, Տրոլ, Խոսող ծաղիկներ, շամաններ, կենդանիներ՝ մոգության եւ կերպարանափոխությունների ֆոնին: Սյուժեում ներառված են բազմաթիվ մասշտաբային տեսարաններ, որոնք հնարավոր է իրականացնել միայն սառցե շոուի ժամանակ՝ հանդիսատեսին անմոռանալի տպավորություններ փոխանցելով՝ գերժամանակակից լուսային և ձայնային տեխնոլոգիաների կիրառմամբ:

Մուլտիմեդիայի «էֆեկտը» հանդիսատեսին անընդհատ տեղափոխում է զարգացող իրադարձությունների տարբեր վայրեր՝ մեկ Գերդայի եւ Կայի տուն, որի պատուհաններին մոտենում է հավերժ սառը Ձյունե թագուհին, մեկ քաղաքի հրապարակ, որտեղ բակի երեխաները զվարճանում են ամանորյա տոներին, մեկ՝ արքայազն Նարգիզի ծաղկային թագավորություն, մեկ՝ ավազակների որջ, մեկ՝ Հյուսիսափայլով Լապլանդիա։ Ահա թե ինչու վստահ ենք, որ մեր թիմի ընտրությունը ամանորյա ընտանեկան ժամանցի համար հօգուտ այս ստեղծագործության ունի հստակ գիծ՝ սյուժեի գաղափարներից մինչև ինքնատիպ զգեստներ և հատուկ գրված երաժշտություն և երկխոսություններ: Ներկայացման տեւողությունը 1,5 ժամ է: Խորհուրդ է տրվում 2 տարեկանից բարձր երեխաների համար: Սառցե շոուն կանցկացվի անգլերեն»,-նշեց պրոդյուսերը:

Մեզ հետ զրույցում Զառա Մխեյանը հավելեց, որ ավելի քան 10 տարի է զբաղվում են սառցե շոուներով, նաեւ հիշեցրեց «Ախթամար. լեգենդ սիրո մասին» ներկայացումը՝  հանրահայտ մարզիկների եւ օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ, որ կայացել էր  Երեւանի Կ. Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում: Նա ափսոսանքով փաստեց, որ Հայաստանում չկա նման որակի արտադրանք, ինչն էլ իրեն մղել է երեխաների ու մեծահասակների համար նման բացառիկ նախագիծ ստեղծելուն, ինչպիսին «Ձյունե թագուհու հեքիաթն» է:

 

«Ձյունե թագուհին» սառցե շոուի համար զգեստների ստեղծումը բազմակողմանի և բարդ գործընթաց է: Դժվարություններից մեկը գեղագիտության և գործնականության համադրումն է։ Յուրաքանչյուր կոստյում պետք է ոչ միայն տպավորիչ տեսք ունենա, այլև արդյունավետ կերպով կատարի իր ֆունկցիոնալ առաջադրանքները սառույցի վրա, որպեսզի չմշկորդները կարողանան ազատորեն կատարել ակրոբատիկ տարրեր, շրջադարձեր և ցատկեր: Դրա համար օգտագործվել են թեթեւ, բայց դիմացկուն նյութեր, որոնք ոչ միայն գեղեցիկ տեսք ունեն, այլեւ կատարողներին հարմարավետություն են ապահովում: Բացի այդ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դետալներին։ Դրանք կարող են լինել բարդ ասեղնագործություններ, դեկորատիվ եւ փայլուն տարրեր, որոնք լուսարձակների լույսի ներքո հագուստներին հատուկ կախարդանք են հաղորդում»,-ասում է Կարինե Դնոյանը:

«Էսքիզների վրա աշխատելիս ինձ համար գլխավորը հեքիաթի  մթնոլորտն ու ձմեռային հմայող գեղեցկությունը փոխանցելն էր։ Ի վերջո, սա, թեև խորը, բայց մանկական հեքիաթ է։ Եվ կերպարները պետք է լինեն գեղեցիկ ու հեքիաթային։ Շատ կարեւոր է, որ զգեստներն արտահայտեն հերոսների բնավորությունը, որպեսզի երեխաները անմիջապես զգան, թե ով է չարը, ով է բարին… Հաշվի եմ առել յուրաքանչյուր կերպարին բնորոշ գունապնակն ու գեղարվեստական ​​նկարագիրը։ Սա օգնում է ստեղծել ամբողջական պատկեր եւ ներքաշել ունկնդրին ձմեռային հեքիաթի մթնոլորտ: Կոստյումների վրա աշխատելիս ես ինքս այնքան տարվեցի, որ առաջին անգամ օգտագործեցի AL որպեսզի էսքիզները նույնպես հեքիաթային լինեն»,-հավելում է նա:

Ներկայացման բեմադրական աշխատանքներն իրականացրած Էլեն Համբարձումյանն էլ նշում է. «Նման շոու առաջին անգամ է կազմակերպվում, բացառապես հայ մասնագետների կողմից, որի նպատակ է դիտարժան  լինել ոչ միայն հայ հանդիսատեսի համար, այլեւ  չզիջել որակով նմանատիպ համաշխարհային լավագույն շոու ծրագրերին։ Դրա համար ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, կազմակերպվել են խորհրդատվություններ լավագույն մասնագետների հետ: Հայ հանդիսատեսի համար այս շոուն լինելու է գերազանց ամանորյա նվեր…Հպարտանալու փաստ է, որ  ունենք մարզիկներ, որոնք կարող են մասնակից դառնալ նման նախագծերում։ Իսկ դրսի հանդիսատեսի համար այն նույնքան դիտարժան կլինի, որքան նրանք սովոր են տեսնել։ Անհամեստ չհնչի՝ պրոդյուսերական կազմը ներգրավել է Հայաստանի լավագույն մասնագետներին, թե երաժշտության, թեւ կոստյումների հարցում, որոնք գիտակցելով, որ շոուն ինչ-որ առումով ցույց է տալու նաեւ Հայաստանի մակարդակը նման շոուների կազմակերպման գործում, արվել է ամեն բան, որպեսզի այն իրականանա ամենաբարձր մակարդակով»։

 Գայանե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031