«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է խուսափել սիրիական հակամարտությունում ներգրավվելուց։ Սակայն, ըստ դիտորդների, ԱՄՆ համար դժվար կլինի հեռու մնալ միջազգային հարաբերությունների տեսանկյունից կարևոր տարածաշրջանային զարգացումներից:
Սիրիացիները շարունակում են տոնել Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը, մարդիկ ուրախ են, սակայն այդ հանգամանքը հստակություն չի ավելացնում երկրի ապագայի հարցում։ Գաղտնիք չէ, որ Սիրիան դարձել է տերությունների պայքարի թատերաբեմ:
Նախորդ օրերին Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել՝ թուլացնելու նախկինում Իրանի դաշնակիցը համարվող սիրիական բանակի մնացորդները:
Հյուսիսում՝ Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբները շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը՝ ստիպելով տեղի քրդերին նահանջել:
Կարդացեք նաև
Մյուս կողմից, Սիրիայում տակավին գործող իսլամիստ ահաբեկիչներին օդային հարվածներ է հասցրել ԱՄՆ զինուժը:
«Միացյալ Նահանգները կաշխատի Սիրիայում մեր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ օգնելու նրանց կառավարել ռիսկերը»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
Եվ այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է հեռու մնա սիրիական հակամարտությունից։
«Սա մեր կռիվը չէ»,- ասել է նա։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփի առաջադրած թեկնածու Թուլսի Գաբարդը համաձայն է. «Նա լիովին հանձնառու է, ինչպես բազմիցս ասել է, վերջ տալ պատերազմներին՝ հաստատելով խաղաղություն ուժի միջոցով և առաջին տեղում դնելով ազգային անվտանգության շահերն ու ամերիկյան ժողովրդի անվտանգությունը և ազատությունը»:
Հիշեցնենք՝ ալ-Ասադի վարչակարգի դեմ հաղթանակ տարած սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը ԱՄՆ կողմից ճանաչվել է ահաբեկչական, և Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո չի բացառվում, որ անհրաժեշտ լինի Վաշինգտոնի միջամտությունը՝ տարածաշրջանում իր դաշնակիցներին՝ Իսրայելին ու Հորդանանին աջակցելու նպատակով՝ ընդդեմ «Իսլամական պետության»:
Հիշեցնենք՝ Թրամփի առաջին նախագահության ժամանակ ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Սիրիային՝ ի պատասխան քիմիական զենքի կիրառման։ Այնուհետև, Թրամփի վարչակազմը կենտրոնացավ «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղղությամբ:
Թրամփը կարգադրեց ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս բերել Սիրիայից 2019 թվականին՝ թողնելով մի քանի հարյուր ամերիկացի զինվորներ: