Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Տիգրանյանի ժամանումը Երևան գաղտնի է պահվել. նրան գաղտնի էլ ուղեկցել են թատրոն` ներկա գտնվելու Գոհար Գասպարյանի Անուշի պարտիայի հանձնմանը, իսկ ավարտին հեղինակը զարմանքից ճչացել է

Դեկտեմբեր 12,2024 17:37

Արագընթաց ժամանակն իր խստագույն պահանջներն է դնում բոլոր ոլորտների առաջ և, եթե չես հասցնում առանձին անդրադառնալ անհրաժեշտ հարցերին, ապա պետք է բարի լինել այն օրգանապես համադրելու իրար` ինչպես կարող ես, երեքը մեկում, չորսը մեկում, հինգը մեկում… Փաստենք, որ արտադրությունը վաղուց է իրականացրել այդ ձևաչափը: Հիմա հերթը մշակույթին հասավ և մեր ժամանակների համադրման այդ պահանջից առաջիններից մեկը օգտվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն իր գերխիտ գործունեության ծրագրերի տարեվերջյան երկու կարևորագույն ակցիաների` առանձին-առանձին նվիրումների համար ժամանակ չգտնելու պատճառով` որոշեց այն իրականացնել «երկուսը մեկում» ձևաչափով և, դեկտեմբերի 14-ին` փակվող տարվա ավարտին, երկու մեծ նվիրում իրականացնել մեկ երեկոյի ընթացքում: Վստահ ենք, որ հանդիսատեսի համար էլ այս ձևաչափը նույնպես հարմար է:

 

Իսկ «Անուշ» ներկայացումն իսկապես պատշաճ նվիրում է Արմեն Տիգրանյանի 145 և Գոհար Գասպարյանի ծննդյան 100 ամյակներին: Ի դեպ, անցնող տարին «Անուշի» ստեղծման 115 ամյակն է, իսկ գալիք 2025-ը` թատրոնում այս օպերայի առաջին բեմադրության` 90 ամյակը: Մենք էլ որոշեցինք օպերային արվեստի երևելիների` Արմեն Տիգրանյանի և Գոհար Գասպարյանի հոբելյանները մեկտեղել երգչուհու կենսագիր, մշակութաբան, մշակույթի վաստակավոր գործիչՍերգեյ Առաքելյանի անտիպ պատմությամբ, որը ներկայացնում ենք առանց միջամտության:

 

«Արմեն Տիգրանյանի «Դավիթ -Բեկ» օպերան ընդգրկվել էր թատրոնի խաղացանկ և փորձերը սկսվել էին: Հեղինակի քրոնիկ հիվանդությունը, թեև օրըստօրե սաստկանում էր, բայց նա համառորեն շարունակում էր աշխատել և տաք շալերով փաթաթված, գիշեր-ցերեկ դաշնամուրի առջև նստած` գրում էր գործիքավորումը: Սակայն թատրոնում կային «ազդեցիկ» մարդիկ, ովքեր լիբրետոն վերափոխելու, նոր գործիքավորում անելու, պատմական փաստերը ճշտելու և նման այլ արհեստական խոչընդոտներ ստեղծելով` ջանում էին տապալել օպերայի բեմադրությունը:

Այս անբարյացակամ վերաբերմունքը շուտով հայտնի է դառնում Ավետիք Իսահակյանին և Դերենիկ Դեմիրճյանին, ովքեր այդ տարիներին օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էին: Նրանք որոշում են մի խումբ մտավորականների համախմբել և նրանց անունից բողոքի նամակ գրել ՀԽՍՀ Արվեստի վարչություն:

Ստեղծված իրավիճակը հարթելու նպատակով՝ կոմպոզիտորի մտերիմ բարեկամ, թիֆլիսաբնակ դերասան, գրող Պահարեի հորդորով, չնայած տկարությանը, իր դստեր` Էմմայի հետ, Պահարեի եղբոր` ճարտարապետ Հուսիկ Մուրադյանի ավտոմեքենայով Թիֆլիսիից Երևան է գալիս Արմեն Տիգրանյանը: Դա 1950թ. հունվարն էր: Բարեբախտաբար ձմեռը մեղմ էր, և ճանապարհները բաց էին:

Որպես Տիգրանյանների ընտանիքի բարեկամի, կոմպոզիտորի որդիները` կոմպոզիտոր Վարդան և ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանները, այդ մասին տեղեկացրին նաև ինձ` խնդրելով ապահովել Սիլվա Կապուտիկյանի, Արտաշես Կարինյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Ստեփան Զորյանի ներկայությունը: Մտածելով, որ հեղինակի ներկայությունը ցանկալի չէր կարող լինել ոմանց համար, նրանք նպատակահարմար գտան գաղտնի պահել Տիգրանյանի ժամանումը Երևան:

Հավաքը տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի տանը: Արմեն Տիգրանյանի ներկայությունը շատ զարմանալի, բայց և հաճելի անակնկալ էր հավաքվածների համար: Դերենիկ Դեմիրճյանի գլխավորությամբ քննարկվեց հարցը, գրվեց հավաքական կարծիք-բողոք, որը եզրափակվում էր Դեմիրճյանի խոսքով` …մենք գտնում ենք, որ «Դավիթ-Բեկ»-ը պետք է բարձրանա բեմ, որովհետև «Անուշ» սքանչելի օպերայից հետո Տիգրանյանը ստեղծել է ևս մեկ մարգարիտ:

Կարճ ասած, նամակը մեծ ազդեցություն էր թողել: Դեպքերի հետագա ոչ ցանկալի զարգացումները կանխելու նպատակով՝ խնդրել էին հետ վերցնել նամակը: Փոխարենը Արվեստի վարչության համապատասխան բաժնի և թատրոնի գեղարվեստական խորհրդի արտահերթ նիստի համատեղ քննարկումից հետո որոշվեց շարունակել փորձերը, իսկ ներկայացման առաջնախաղը նախատեսվեց թատերաշրջանի բացման օրը:

Թեպետ Տիգրանյանը եկել էր «Դավիթ-Բեկ»-ի հարցով և հաջորդ օրը պետք է վերադառնար Թիֆլիս, սակայն նրան նոր և հաճելի անակնկալ էր սպասվում: Բոլորովին պատահաբար Իսահակյանի տուն եկավ, ինչպես վարպետը նրան ներկայացրեց, իրենց ընտանիքի ջերմ բարեկամ, գրականագետ Հայկ Գասպարյանը (Գոհար Գասպարյանի առաջին ամուսինը): Անակնկալ հանդիպումից ոգևորված` նա Տիգրանյանին հայտնեց, որ Գոհարը թատրոնի գեղարվեստական խորհրդին պետք է հանձնի «Անուշի» դերերգը: Տիգրանյանը շատ ուրախացավ և ցանկություն հայտնեց լսելու Գոհարին:

Քանի որ գաղտնի էր պահվում նրա ժամանումը, մտածեցինք, որ նրան պետք է թատրոն մտցնել գաղտնի: Այդ գործի իրականացումը վերցրի ինձ վրա և հաջորդ օրը թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Աղավարդ Դավթյանի օգնությամբ` մտանք դահլիճ ու տեղավորվեցինք աղոտ լուսավորված օթյակներից մեկի անկյունում: Նշեմ, որ դահլիճ մտնելն ընդհանրապես արգելված էր, և շատերը նույնպես ստիպված էին թաքնվել դահլիճի տարբեր անկյուններում:

Ես հայտնվել էի Տիգրանյանի կողքին: Նա խնդրեց պայուսակից հանել բրդյա շալը և ոտքերը ծածկելով` հարմարվեց բազկաթոռի մեջ: Չէր խոսում, դեմքը մռայլ էր, նկատեցի նաև, որ ձեռքերը դողում էին:

Սկսվեց Անուշի դերերգի հանձնումը: Գոհարի կատարման ընթացքում ջանում էի որսալ հեղինակի զգացողությունը, բայց ոչ մի կերպ չէի կարողանում. Տիգրանյանը լուռ էր ու անշարժ: Ընդմիջումներին նույնպես լուռ էր: Երբ տեսարանը մոտենում էր ավարտին, կոմպոզիտորի դեմքին հետաքրքրության նշաններ երևացին: Հասավ կուլմինացիայի տեսարանը` Անուշի խելագարության պահը: Գոհարն իր տարերքի մեջ էր: Եվ հանկարծ լսում եմ կոմպոզիտորի խոսքը. «Այսքան հակասական տրամադրություններ, միաժամանակ տեխնիկայի ու կանտիլենայի այսպիսի օրգանական ամբողջականություն… ապշելու բան է…»: Իսկ երբ Գոհարը հնչեցրեց վերջին նոտան, այն էլ` մի ամբողջ օկտավ բարձր, Տիգրանյանը զարմանքից գրեթե ճչաց. «Կեցցես, աղջի~կս… հիասքանչ է… Ես այդպիսի նոտա, այդպիսի ավարտ չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է… աներևակալիորեն լավ է…»:

Հանձնումն ավարտվելուց հետո ուղևորվեցինք Վարդան Տիգրանյանի տուն: Որդու տանը կոմպոզիտորը բոլորովին ուրիշ մարդ դարձավ. Գոհարի կատարումից հիացած` նա մոռացել էր իր հիվանդությունը և անընդհատ կատակում էր ու սրամտում, իսկ հետո խոսեց Գոհարի կատարման մասին. «Իմ «Անուշը» գրված է սոպրանոյի միջին ձայնածավալի համար, բայց քանի որ Գոհարի կոլորատուրային ձայնը չունի ոչ մի սահմանափակում, դրա համար էլ նա փայլեց իր արտահայտիչ կանտիլենայով: Այդպիսի կենդանի երգ, բնական շարժուձև, հուզական անկեղծ ապրումներ օպերային երգիչներից շատ քչերն են կարողանում արտահայտել…»:

Իսկ երբ ես որոշ մանրամասներ պատմեցի երգչուհու կյանքից և նա իմացավ, որ Գոհարը եկել է Եգիպտոսից, ավելի զարմացավ. «Որտեղ Նեղոսը, որտեղ Դեբեդը… Ավարտին նա այնքան անկեղծ, անմիջական և հուզիչ խաղ ցույց տվեց, որ ինձ թվաց` Դեբեդի ձայնն եմ լսում, ջրերի շառաչը: Այդքան երիտասարդ ու անփորձ, բայց որքա~ն համոզիչ էր արտահայտում Անուշի անմեղությունը, նրա դժբախտ սիրո ողբերգությունը: Շատ կարևոր էր, որ Գոհարի Անուշը կերպարի եռամաս կառուցվածք ուներ` հոգեկան մաքրություն ու կուսական նրբություն, անհոգ, կենսուրախ, անմիջական աղջիկ, իսկ հետո` ողբերգության հասնող հուսահատություն, որի հոգեկան խռովքն ու դրաման հասցնում են նրան խելագարության և կործանման: Եվ հետո այդպիսի մաքուր առոգանություն ոչ մի երգչի կատարման ժամանակ չեմ լսել: Գոհարը «քանդակում» էր իր յուրաքանչյուր բառը: Անուշի կատարումն այնպես տպավորվեց, որ կարծում եմ` Գոհարի ձայնի համար առաջին հայացքից ոչ համապատասխան թվացող «Դավիթ-Բեկ»-ի Շուշանի կերպարը նրա կատարմամբ կունենա նույն հաջողությունը: Մտածել է պետք…»:

Հետո էլ վստահորեն ասաց թե, ոչինչ, կառողջանա, կգա և «Անուշ»-ի, և «Դավիթ-Բեկ»-ի առաջնախաղերին: Նույնիսկ կատակեց, թե այդ անգամ արդեն ներս կմտնի թատրոնի շքամուտքից, ներկայացման ավարտին էլ կգնա ու կհամբուրի Գոհարին: Սակայն կոմպոզիտորը չարժանացավ իր ներկայացումները տեսնելու բախտին: Երևանից մեկնելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացել էր և իր մահկանացուն կնքեց 1950-ի փետրվարի 10-ին», -վերհիշեց Սերգեյ Առաքելյանը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031