Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուն կարելի էր մատաղ անել, միայն թե սահմանադրությունը կործանվեր». Միքայել Նալբանդյան

Դեկտեմբեր 12,2024 13:30

«Մասոնությունը մարդկության պատմության ամենահին, չափազանց հետաքրքիր, բավական բարդ, բազմաթիվ գաղտնիքներով ու առեղծվածներով հարուստ երեւույթներից մեկն է: Բոլոր ժամանակներում մասոնությունը գտնվել է ուշադրության կենտրոնում, առաջ բերել պատմաբանների, փիլիսոփաների, աստվածաբանների, քաղաքագետների, գրականագետների, մշակութաբանների եւ այլոց հետաքրքրությունը, դարձել նրանց ուսումնասիրման առարկան: Մասոնության նկատմամբ հետաքրքրությունը չի թուլացել նաեւ մեր օրերում»,- վերջերս լույս տեսած «Մասոնությունը Հայոց մեջ» ուսումնասիրության առաջաբանում գրում է հեղինակը` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանը:

Հեղինակը ներկայացնում է մասոնության պատմությունը 18-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը, մասնավորապես, արեւմտահայ մի խումբ ընկերությունների առնչությունները մասոնության հետ: Գրքում ներկայացված են «Սեր», «Արմենակա», «Եփրատ», «Հայաստան» օթյակների գործունեությունը, «Գերագույն Օթյակ  հայոց»-ի պատմությունը:

11 գլուխներից բաղկացած գիրքը սկսվում է մասոնության ծագման, տարածման պատմությունից եւ ավարտվում Հայոց Գերագույն Օթյակի պատմությամբ:

«Արեւմտահայերը Թուրքիայի Եվրոպական օթյակներում» գլխից ընթերցողը պատկերացում է կազմում Կ.Պոլսի, Զմյուռնիայի օթյակներից, ի դեպ, Կ.Պոլսում 1860թ.-ին նշվում է, որ գործում էին 6, իսկ Զմյուռնիայում 8 եվրոպական օթյակներ,  որոնք նաեւ սահմանադրական շարժման տարածողներից էին:

«Արեւմտահայ սահմանադրական շարժման ակունքներում կանգնած էին Փարիզում կրթություն ստացած մի խումբ երիտասարդ կաթոլիկ հայեր: Նրանցից ապագա դիվանագետ Հակոբ Կրճիկյանը, ճարտարապետ Նիկողոս Պալյանը, հրապարակախոս Գրիգոր Օտյանը: Նրանք քաղաքական փորձառության առաջին դասերը ստացել էին 1848թ. ֆրանսիական հեղափոխության օրերին, ներկայացնում էին Փարիզի «այդ գաղափարական միութիւնը Կ.Պոլսոյ մէջ, կըվարեին ազգային գործոց մէջ ազատականներու փոքրիկ խմբակը, զգուշավորութեամբ ու խոհեմութեամբ»,-գրում է պատմաբանը:

Ներկայացվում է, որ նշյալ  անձինք` Ն.Պալյանի գաղափարական համախոհները կազմեցին հայ համայնքի Կանոնադրությունը, որը կրում էր ֆրանսիական հեղափոխության ազատական գաղափարների դրոշմը, եւ սահմանադրության ազդեցությունը: Օգոստոսի 26-ին Կանոնադրությունը ներկայացվեց Մատթեոս պատրիարք Չուխաճյանի հաստատմանը. «Կանոնադրությունը չէր բավարարում ոչ միայն ինքնահավան, «առանց բաւականաչափ կարողութիւուն եւ դատողութիւուն» ունեցող Մատթեւոս պատրիարք Չուխաճյանին, այլ Կ.Պոլսի ամիրաներին»:

Մասոնական օթյակների առաջադրած Սահմանադրությամբ ոգեւորվածներին, ըստ հեղինակի, պատասխանեց Միքայել Նալբանդյանն իր «Ազգային թշվառություն» ահազանգող հոդվածով. «Միքայել Նալբանդյանը նշում է, որ սահմանադրությունն ի սկզբանե ձեռք բերեց թշնամիներ, որոնք դա համարում էին «տերութեան դեմ ապստամբեցնել»: Նրա համոզմամբ՝ «Ազգի դավաճանների համար ամեն հնար սուրբ էր եւ շուն կարելի  էր մատաղ անել, միայն թե սահմանադրությունը կործանվեր»:

Գրքում կա օթյակի անդամ դառնալու, ձեռնադրման, տարատեսակ արարողակարգերի, աստիճանների,  վարպետների, ազատ որմնադիրների, Ավագ եւ Կրտսեր հսկողների, տարբերությունների, առանձնահատկությունների, հագուկապի …«մասոնական կտակի» մասին…

Ուշագրավ բացահայտում էր գրքի «Վերջաբանը»: Ըստ հեղինակի, մերօրյա մասոնությունն ունի գործունեության բազմաթիվ կենտրոններ, ի դեմս` Մեծ Օթյակների, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Ներկայումս, ըստ հեղինակի, աշխարհի 60-ից ավելի երկրներում գործում են 35 000 մասոնական օթյակներ, որոնք աշխատում են Շոտլանդական կանոնակարգով եւ Մեծ Օթյակների հովանու ներքո: «Ազատ որմնադիրների համաշխարհային եղբայրական միությանը 2002թ.-ին միացան նաեւ հայ մասոնները, որոնք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Գերագույն Օթյակների երաշխավորությամբ Երեւանում հիմնեցին «Հայոց Գերագույն Օթյակը»: Ժամանակի ընթացքում այն ձեռք բերեց ճանաչում 100-ից ավելի Մեծ Օթյակների կողմից»:

Մեզանում գործում է 13 օթյակ, 250 անդամներով, որին մտադիր է հեղինակն անդրադառնալ առանձին գրքով:

«Արցախյան 44-օրյա պատերազմից եւ հատկապես Արցախի հայաթափումից հետո «Հայոց Գերագույն Օթյակի» ջանքերը նպատակաուղղված են միջազգային հանրության ուշադրությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը եւ անվտանգությանը սպառնացող արտաքին ազդակների վրա հրավիրելուն: Այս ուղղությամբ օթյակը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում»,-գրում է հեղինակը գրքի վերջին` 666 էջում:

Օգտագործվել են 44 գիրք-գրականություն, նույնքան մամուլ, ռուսերեն 155 գրականություն, ռուսերեն 63 հոդված, ֆրանսերեն 26 աղբյուր, իտալական, թուրքական  5 աղբյուր, 40 էլեկտրոնային կայքեր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031