ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակության անդամ Կոնստանտինոս Էֆսթաթիուին:
Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը:
Ողջունելով Կոնստանտինոս Էֆսթաթիուին Ազգային ժողովում` Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նրան Երեւանում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
«Մենք կարեւորում ենք ՄԻԵԴ որոշումների կատարումը, ինչը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցում մեր հանձնառությունն է»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կոնստանտինոս Էֆսթաթիուն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների միջեւ առկա է փոխադարձ անկեղծ համակրանք եւ հարգանք: Նա ՄԻԵԴ-ի վճիռների կատարման գործում բարձր է գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված ջանքերը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ իրավական դաշտի օրենսդրությանը, ՄԻԵԴ վճիռների կատարման հիմնահարցերին:
Մասնակիցները բարձր են գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը:
ՀՀ Ազգային ժողով