Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է Խաչատուր Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին մեզ տեղեկացրեց նախկին քաղաքապետի թիմակիցներից մեկը՝ նշելով, որ թեև հույս ունեին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրությունից՝ «փրայմերիզից» հետո կսկսեն հանգիստ թողնել իշխանությունից հրաժարված Բալասանյաններին, սակայն շարունակում են ճնշումները։
Ըստ մեր աղբյուրի, անհասկանալի է ու անհիմն, որ Խաչատուր Բալասանյանը շարունակելու է գտնվել խիստ ռեժիմի ներքո․ նա զրկված է մերձավոր ազգականների հետ շփման իրավունքից՝ բացառությամբ կնոջ և զավակի։
Հիշեցնենք, նրա 70 միլիոն դրամ գրավով տնային կալանքը նոյեմբերի 15-ին փոխարինվել էր բանտային կալանքով․ նրան տեղափոխել էին Արմավիր քրեակատարողական հիմնարկ՝ խիստ ռեժիմ սահմանելով։
Նրա փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ դատարանի այս որոշումն անհիմն էր համարել՝ նշելով․ «Դատավորն իր որոշմամբ շատ ավելի հեռուն է գնացել` պաշտպանյալիս զրկելով անգամ մերձավոր ազգականների հետ շփման իրավունքից` բացառությամբ կնոջ և զավակի, այն դեպքում, երբ նախաքննական մարմինն անգամ նման պահանջ ներկայացրած չի եղել»։
Կարդացեք նաև
Երկու օր առաջ էլ երկու ամսով երկարացրել են Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի տնային կալանքի ժամկետը։
Նրանք անցնում են «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու գործով։
Մեղադրյալների թիվը 5-ն են, այդ թվում Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում։
Սուրեն Ջանոյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա գնել է Պաշտպանության նախարարության սեփականություն հանդիսացող մեկ հեկտար հողատարածքը՝ 13 միլիոն դրամով և հետագայում վերավաճառել Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու նախկին անդամ, Գյումրու ժուռնալիստների « Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր․ «Պաշտպանության նախարարությունը հողը ծախել է մասնավոր անձի, քաղաքապետարանի պաշտոնյաներին մեղադրանք եք ներկայացրել, գնացեք, մի հատ ՊՆ-ից մեղադրյալ չկա՞ այդտեղից ներգրավեիք, կասկածյալ չկա՞»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ