«Ազատություն». Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետդեպը՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։
Նրանցից մեկին՝ Ռուֆատ Սաֆարովին, Պետդեպը ներկայացնում է որպես Ադրբեջանում մնացած քիչ թվով մարդու իրավունքների պաշտպաններից մեկը, որը թիրախավորվել է իր աշխատանքի համար։ Տարածած հաղորդագրությունում Պետքարտուղարությունն ընդգծում է՝ Սաֆարովը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին, մի քանի օր անց նա պետք է Միացյալ Նահանգներ մեկներ՝ մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակ ստանալու։
Պետդեպը շարունակում է՝ ձերբակալված մեկ այլ անձ՝ Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինչ Վագիֆգիզին, ճաղերի հետևում է 2023-ի նոյեմբերից, նրա ղեկավարած լրատվամիջոցը պետական միջոցների խոշոր չափերի յուրացման մեղադրանքներ է հետաքննել։ Նա էլ դեկտեմբերի 9-ին հեռավար կարգով հակակոռուպցիոն մրցանակի է արժանացել։
Պետդեպն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել ԵԱՀԿ -ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները։
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա աճող ճնշումները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, այդ թվում ՝ Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգըզին և այլ անձանց, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց ծավալած գործունեության համար»,-այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։