Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցաքննության ժամանակ բառացի ասվել է՝ էսօր՝ որպես վկա ես, բայց չի բացառվում, որ վաղը՝ որպես մեղադրյալ գաս։ Քննիչի կողմից կոպիտ, ճնշող հարցադրումներ են եղել»․ Արմեն Աշոտյանի գործով վկա Անի Ռափյան

Դեկտեմբեր 11,2024 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Չի եղել օրակարգային մի հարց, նիստ, որին ես դեմ եմ եղել, բայց ստորագրել եմ»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով  դատական նիստի ընթացքում իր հարցաքննության ժամանակ հայտարարեց վկա Անի Ռափյանը՝ պատասխանելով մեղադրող դատախազ Արման Նշանյանի հարցին։

Մեղադրող դատախազն արձագանքեց՝ իմ տված հարցում չհնչեցվեց մի դրույթ, որը վերաբերելի կլիներ ինչ-որ օրակարգում քննարկվող հարցի վերաբերյալ Ձեր՝ դեմ լինելու պարագայում ստորագրված լինելու մասին․ «Դուք նախաքննական ցուցմունքում նշել եք, որ ՀՀ-ում չեք գտնվել, Մարթա Սիմոնյանը ներկայացրել է օրակարգը, վստահել եք նրան ու ստորագրել, իսկ դատարանում ասում եք, որ ցանկացած դեպքում օրակարգին տեղյակ եք եղել։ Եթե Դուք օրակարգին տեղյակ եք եղել, ըստ նախաքննության ժամանակ տված ցուցմունքի՝ ինչո՞ւմ էր կայանում Մարթա Սիմոնյանին վստահելու և դրա արդյունքում ստորագրելու հանգամանքը»։

Անի Ռափյանն արձագանքեց․ «Օրակարգին ծանոթ եմ եղել, գուցե ընթացիկ հարցեր են եղել, որոնք Մարթա Սիմոնյանին վստահելով՝ ձևակերպել եմ։ Եթե դեմ լինեի, ես դա կարտահայտեի»։

Անի Ռափյանն ասաց, որ եղել է՝ Մարթա Սիմոնյանի մոտից վերցրել է նշումներ հեռակա նիստերի հետ կապված, քանի որ ինքն էր քարտուղարը և պետք է արձանագրություններ կազմեր։

Մեղադրող դատախազի հարցին՝ Ձեր ընկալմամբ օնլայն նիստերին արձանագրային տեսք տալու անհրաժեշտությունն ինչո՞ւմ էր կայանում, Անի Ռափյանը պատասխանեց․ «Եթե անգամ հեռակա նիստ է, պետք է արձանագրություն ունենա»։ Այնուհետև վկան ասաց, որ քննիչը չէր համաձայնում հեռակա նիստ լինելու գաղափարի հետ․ «Նա ասում էր՝ հեռակա նիստը նիստ չէ։ Մենք անընդհատ էդ թեմայով վիճում էինք։ Գուցե կա մտքի ձևակերպման տարբերություն, որին ես մանրամասն վերջում ուշադրություն չեմ դարձրել։ Իմ յուրաքանչյուր պատասխան ծնվել է մանրամասն խոսակցությունից հետո»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն էլ հարցրեց՝ Ձեր ձեռագրով գրե՞լ եք, որ ցուցմունքս կարդացի, տպագրված է իմ խոսքերից, Անի Ռափյանը պատասխանեց․  «Աչքի անցկացրել եմ, բայց նախադասություն առ նախադասություն չեմ կարդացել։ Սխալ եմ արել, որ առանց փաստաբան եմ գնացել նախաքննության առաջին երկու հարցաքննություններին, որովհետև վստահ էի՝ որևէ խնդրահարույց հարց չկա, բայց երբ զգացի, որ կասկած է առաջանում, կասկածին օժանդակող անձ եմ սկսում հանդիսանալ, երրորդ հարցաքննությանը փաստաբանի հետ գնացի»։

Վկան վստահեցրեց՝ եթե փաստաբանի հետ ներկայանայի, գուցե իմ ցուցմունքներն այլ տեսք ունենային․ ես դա համարում եմ իմ սխալներից մեկը։

Դատավորի հարցին՝ հարցաքննության գործընթացի ժամանակ Ձեր պատասխանները Ձեր իմացած օբյեկտիվ տեղեկություննե՞րն են եղել, Անի Ռափյանը պատասխանեց․ «Այո, բայց շատ դեպքերում երկու արձանագրություններում, որոնք ես առանց փաստաբանի եմ ներկայացել, սխալմամբ մանրամասն չեմ կարդացել վերջում։ Երբ հիմա իմ պատասխանները կարդացվում են, գուցե ընդհանուր առմամբ մոտ է իմ ասածին, բայց գուցե ձեռագրային տարբերություններ կան, որը փոխում է այլ մարդու կողմից իմ պատասխանի ընկալումը։ Այո, իմ սխալն է եղել, որ բառ առ բառ չեմ կարդացել վերջում գրված ցուցմունքը»։

Դատավորն ասաց՝ տպավորություն է, որ Ձեզ ինչ-որ բանում մեղադրում էին, դուք պաշտպանվո՞ւմ էիք ու հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ, այն, ինչ ասում էիք, որը Ձեր դեմ չէ, ճշմարտությո՞ւն է, թե՝ ոչ, Անի Ռափյանն արձագանքեց․ «Էլի եմ ասում, օրինակ՝ նախաքննության ընթացքում կան հարցադրումներ, որոնց ես կարող էի չպատասխանել՝ օգտվելով իմ իրավունքից հատկապես այն պարագայում, որ քննիչի կողմից, այո, մեղադրական հարցադրումներ եղել են․ ինձ մեղադրել են կեղծ փաստաթուղթ կազմելու, կեղծիքին օժանդակելու մեջ։ Բառացի ասվել է՝ էսօր՝ որպես վկա ես, բայց չի բացառվում, որ վաղը՝ որպես մեղադրյալ գաս։ Կոպիտ, ճնշող հարցադրումներ են եղել։ Այ, դրա համար եմ ասում՝ եթե ես մի քիչ ավելի փորձ ունենայի, ավելի շուտ փաստաբանի հետ կներկայանայի, շատ ավելի ճիշտ կլիներ»։

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նախագահող դատավորի հարցադրումների առիթով ասաց․ «Դուք տանում եք այն ուղղությամբ, թե տեսեք՝ Դուք ամեն էջի տակ ստորագրել եք․․․բոլորս էլ լավ գիտենք՝ էդ ո՞նց եղավ, որ բոլորը նույն ձևակերպումները տվեցին։ Պարզ չէ՞, որ քննիչի թելադրածն է՝ առնվազն վերջին ձևակերպումը։ Մարդը շատ կարևոր փաստարկ է բերում՝  ժամը 21։30-ին, փոքր երեխա ունեցող մարդու հարցաքննություն է։ Էդ ո՞ր մեկն է, որ դնում, բառացի նայում է՝ առավել ևս այն դեպքում, որ իրեն մասնավոր շահն է հետաքրքրում, որ իր դեմ ցուցմունք չլինի։ Մարդը կարող է և չպատկերացնել։ Էն տպավորությունն է թողնում, որ Դուք փորձում եք քննիչին արդարացնել։ Բայց մենք դեռ չգիտենք՝ քննիչը սրա համար պատասխանատվության ինչ-որ մի օր կանչվելո՞ւ է, թե՝ ոչ։ Ոչ մեկը չգիտի՝ հարգելի վկան մի օր պատասխանատվության կանչվելո՞ւ է, թե՝ ոչ։ Հանրային շահի տեսանկյունից շատ կարևոր հանգամանքներ վկայի կողմից նշվեցին։ Գրեթե վերջնական ճշմարտություն եք դիտում այն ամենը, ինչ քննիչն իր աշխատանքում կատարել է։ Դեռ մի բան էլ գնահատեցիք, որ առողջ բանավեճեր են լինում։ Խաղի կանոնների մասին է, սա նրա մասին է, որ արդար լինենք, և, կներեք, դաղալություններ չլինեն։ Խնդրում եմ՝ եթե հնարավոր է Ձեր հարցը վերաձևակերպեք, որ այնպիսի տպավորություն չլինի, որ փորձում եք արդարացնել քննիչի աշխատանքը»։

Վկա Անի Ռափյանի հարցաքննությունն ավարտվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին․ կշարունակվի վկաների հարցաքննությունը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031