Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի նախագծում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել»․ Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչը՝ մեդիայի ինքնակարգավորման նախագծի մասին

Դեկտեմբեր 11,2024 20:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 10-ին Ազգային գրադարանում «Հայաստան ծրագրի» կազմակերպած «Արդյոք Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորումը լուծո՞ւմ է» խորագրով պանելային քննարկման ժամանակ Aravot.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում մեդիայի ինքնակարգավորմանն ուղղված փոփոխությունների ու լրացումների կատարման օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ապագա օրենքը։

Պանելիստներից Անդրանիկ Շիրինյանը, որը Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչն է, պատասխանեց, որ նախագիծը փոփոխությունների է ենթարկվել, առանց մանրամասներ հայտնելու։

«Օրենքի նախագծում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Սակայն, պետք է համբերատար լինել, քանի որ վերջին ամիսներին Արդարադատության նախարարությունը փոփոխությունների է ենթարկվել, փոխվել է նախարարը, աշխատակազմը», – հիշեցրեց Շիրինյանը։

Իր խոսքում իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչն ընդգծեց, որ ինքնակարգավորումը ընդամենը մեկ գործիք է ապատեղեկատվության դեմ պայքարում և այն չի կարող հիմնովին լուծել ապատեղեկատվության խնդիրը։

Այս համատեքստում Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը փորձեց պատասխանել քննարկման խորագրում հնչող հարցին՝ «արդյոք Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորումը լուծո՞ւմ է»։

«Մասամբ», – ասաց նա՝ հավելելով, որ ինքնակարգավորումը չի լուծի մեդիա ոլորտում առկա բոլոր խնդիրները։

Անդրադառնալով լրատվամիջոցների անկախության անհրաժեշտությանը՝ Անդրանիկ Շիրինյանը փաստեց, որ Հայաստանում զարգացած չէ անհատ ընթերցողների կողմից լրատվամիջոցներին նվիրատվություններ կատարելու մշակույթը։ Ըստ Շիրինյանի՝ ընթերցողների կողմից նվիրատվությունները կարող են նպաստել ԶԼՄ-ների անկախությանը։

Freedom House-ի ներկայացուցիչն իր խոսքը եզրափակեց շեշտելով՝ «Քանի որ իշխանությունները փոփոխվում են, և ոչ բոլոր իշխանություններն են նվիրված ժողովրդավարությանը, [ինքնակարգավորմանը վերաբերող] օրենքը պետք է լինի չափազանց ազատական»։

Հիշեցնենք․ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կարծիք էր խնդրել Վենետիկի հանձնաժողովից։ Ողջունելով ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը՝ Հանձնաժողովը հանդես էր եկել մի շարք դիտարկումներով և առաջարկություններով։

«Հայաստան ծրագիրը» շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը ստեղծվել է «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ և գործունեություն է ծավալում 2023 թվականից Հայաստանում։ Վերջինիս առաջնահերթություններից է մասնագիտական և կրթական միջոցների կիրառմամբ կառուցել հաղորդակցման արդյունավետ էկոհամակարգ երկրում և երկրից դուրս, ինչը հնարավորություն կտա արդյունավետ կերպով ներկայացնելու Հայաստանի ներուժն ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հանրությանը՝ բարձրացնելու երկրի մասին միջազգային իրազեկվածության մակարդակը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031