Էդգար Ղազարյանի հանդեպ իրականացված բռնության գործով այսօրվա դատական նիստում հասարակական քաղաքական գործչին աջակցելու եկել էին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը, հանրային գործիչներ, իրավական համայնքի ներկայացուցիչներ, համակիրներ:
Բագրատ սրբազանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Նախ, իմ լիակատար սերը եւ աջակցությունն եմ հայտնում Էդգարին, որն այսօր ահռելի մեծ հանրային գործ է կատարում: Եվ, բնականաբար, բռնությունը հենց այնպես փողոցում տեղի ունեցած կենցաղային դեպք չէ: Էդգարն էլ իր բնույթով, էությամբ բոլորին ճանաչելի մարդ է: Եվ իր պարկեշտության սահմանն այն է, որ չէր կարող որեւէ այլ պատճառ լինել բռնության ենթարկելու համար: Կարծեմ, անմեղության կանխավարկած չեմ խախտում, բայց ենթադրում եմ, որ քաղաքական կամ այլ պատճառներով լռեցնելու փորձ է: Ուրիշ բան չի կարող լինել, բացի Էդգար Ղազարյանի հանրային գործունեությունը հաշվի առնելը:
Անցյալ անգամ, երբ իմացանք, որ դատարանում փաստաբանի կողմից տեղի է ունեցել հայտնի դեպքը, լսելով, թե դատարանը ինչ վերաբերմունք ունի եւ այսօր փաստաբանների ներկա չլինելը, պարզապես, վկայում է այն մասին, որ իրենք ամեն գնով փորձելու են անընդհատ հետաձգել այս դեպքը, որպեսզի անդրադարձը որեւէ ձեւով կամ մարի կամ տեղի չունենա: Ասացին՝ 17-րդ դատական նիստն է: Իսկ դա արդեն վկայում է այն մասին, որ իրենք շատ հանգիստ են իրենց զգում, որեւէ անհանգստություն չունեն, ինչ ուզեն՝ կասեն դատարանին, ինչ ուզեն՝ չեն ասի դատարանին: Խոսքս փաստաբանների՝ պաշտպանների, մասին է: Այսօրվա իրենց բացակայությունը վկայում է, որ իրենք հարգանք չունեն դատարանի նկատմամբ, երեւի ընդհանրապես, օրենքի նկատմամբ, որովհետեւ ոչ միայն չեն ներկայացել, պատշաճ կերպով չեն էլ ծանուցել: Ես առաջին անգամ եմ լսում նման դեպք:
Կարդացեք նաև
Անընդհատ խոսել եմ, որ պետք է աջակցել, ընդ որում, բոլոր դատական նիստերում: Այս պարագային Էդգար Ղազարյանը մենակ չպիտի մնա որեւէ դեպքում: Եվ ոչ միայն Էդգարը: Բոլոր դատական նիստերին՝ հունիսի 12-ի դեպքով, մնացած բոլոր՝ կալանքների, բոլոր-բոլոր դեպքերով, որոնք խորքում, հիմքում նաեւ քաղաքական բնույթ են կրում»:
Aravot.am-ի հարցին, թե փաստաբանների կողմից օրենքը չհարգելը ինչի՞ց կարող է լինել: Գուցե, հովանավորությո՞ւն ունեն, Սրբազանը պատասխանեց. «Գուցե: Ես հիմա այս պահին եզրակացություն անել չեմ կարող, բայց ենթադրությունն այդպես է: Հավանաբար: Կազմակերպված է ծեծը, խորքում երեւում է: Այս մարդիկ, չեմ կարծում, որ այդքան համարձակություն ունեն ինքնադրսեւորում ունենալու: Երկրորդն էլ, մինչեւ հիմա մեկ օր, մեկ ժամ կալանք չի տրվել այդ մարդկանց: Ուղղակի չի տրվել: Հիմա փողոցում մեր այստեղ գտնվող գործիչներից մեկը եթե որեւէ բան անի, հաստատ 72 ժամ կպահեն: Չարածի համար էլ մարդուն մեքենայից իջեցնում են, բռնում ու 72 ժամ պահում: Մեքենան էլ մինչեւ հիմա չեն տալիս, ասեմ ձեզ՝ աղբն էլ մեջը: Եվ բոլոր դեպքերում է այդպես: Իսկ այս մարդկանց երեւի կես ժամ էլ չեն պահել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ