Aravot.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը վայր է դրել պատգամավորական մանդատը, Մուշեղ Մուրադյանին կփոխարինի Շիրակի մարզպետի պաշտոնում։
Իր ֆեյսբուքյան էջում պրն Առուշանյանը մասնավորապես գրել է. «Հաստատում եմ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողության արժանացրեց մարզպետ Մուշեղ Մուրադյանին՝ Վահրամաբերդի դասասենյակներից մեկը գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունով կոչելու համար։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում կան տասնյակ գեներալներ, գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ, նման քայլով դպրոցը դարձնում են մրցակցության առարկա, թե որ դասասենյակը՝ ում անունով կոչեն, և սա այն դեպքում, երբ ԿԳՄՍ-ն դպրոցների անվանակոչության չափորոշիչներ է սահմանել։
«Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, կա պետություն և ապապետություն։ Ես թույլ չեմ տա որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյան ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, հետևանքները կլինեն համապատասխան»,- նախազգուշացրել էր վարչապետը։
Կարդացեք նաև
Սա առիթ էր տվել ենթադրելու, որ առաջիկայում, ավելի ստույգ Գյումրիի նախնական ընտրություններից անմիջապես հետո պաշտոնանկ կարվի նաև Մուշեղ Մուրադյանը։
Շիրակի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Առուշանյանը, որը ևս մասնակցում էր Գյումրիի «փրայմերիզին», նա անկուսակցական Սարիկ Մինասյանից հետո ձայների քանակով զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Սարիկ Մինասյանը հավաքել էր 253 ձայն, Դավիթ Առուշանյանը՝ 220։
Դավիթ Առուշանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել գյումրեցիներին ու շնորհավորել Սարիկ Մինասյանին։
«Իմ սիրելի´ համաքաղաքացիներ,
ուզում եմ իմ խորին երախտագիտությունը ևս մեկ անգամ հայտնել յուրաքանչյուր քվեի համար, վստահության ու հավատի:
Բազմիցս ասել եմ, որ Գյումրիում թեկնածու լինելը լուրջ փորձություն է, որ պետք է հաղթահարել գործով ու հետագծով:
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ձեր լուրջ ու փաստարկված աջակցությունն ունեմ:
Շնորհակալ եմ այդ համոզմունքը ինձ տալու համար:
Շնորհակալ եմ նաև բոլոր այն քվեների համար, որոնք ուղղել եք իմ մյուս թիմակիցներին:
Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցություն հայտնել Սարիկ Մինասյանին, վստահ եմ` աշխատանքը կլինի հանուն գյումրեցու շահի:
Այդ ծանր գործին պատրաստ եմ բերել իմ լիարժեք աջակցությունը»,-գրել էր նա:
Ինչպես և գյումրեցիները սպասում էին, «փրայմերիզով»՝ նախնական ընտրությամբ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուներից մեկը կնշանակվի Գյումրու քաղաքապետի ժ/պ, մյուսը՝ Շիրակի մարզպետ, թեև Դավիթ Առուշանյանի մարզպետ նշանակվելու մասին լուրերը տևական ժամանակ է՝ շրջանառվում էին։
Այս պահին Դավիթ Առուշանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ։
Քիչ առաջ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ այլ աշխատանքի է անցնելու։
«Հարգելի´ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,
հաստատում եմ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին, բոլոր պատգամավոր գործընկերներիս:
Համոզված եմ, որ ունեցել ենք որակյալ համագործակցություն` աշխատելով տարբեր նախագծերի շուրջ:
Իմ պատգամավորական գործունեության կարևոր առանցքն ու նպատակը եղել է մեր երկրին բարօրություն բերելու գործում ներդրում ունենալը:
Ու իհարկե, հայտնի իրողություն է, որ խորհրդարանական ամբիոնը ինձ տարբեր հնարավորություններ է տվել` բարձրաձայնել մեր մարզի ու քաղաքի խնդիրները:
Գործունեության այլ մանրամասներ կհայտնեմ առաջիկայում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ